HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պանրագործների միության նախագահ. «Հումքի խիստ դեֆիցիտ է. կոմպենսացվում է ներկրված կաթի փոշով»

2021 թվականը Հայաստանում անբարենպաստ տարի է կաթնամթերքի արտադրության ոլորտում։ Երաշտի հետևանքով անասնակերը կրճատվել է, և դա հանգեցրել է նաև կաթնատվության ծավալների նվազման։ Կաթնամթերք արտադրողների շրջանում հումքի խնդիր է առաջացել։ Բացառություն չէ նաև պանրի արտադրությունը։ Ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ «Հետքը» զրուցել է Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի հետ։

Ի՞նչ խնդիրներ են ծագել պանրի արտադրության ոլորտում այս տարի։ 

Ինչպես կանխատեսվում էր դեռևս այս տարվա հունիսից, այս պահին Հայաստանում պանրի արտադրության ոլորտում հումքի խիստ դեֆիցիտ է։

Բնակլիմայական տատանումներից ելնելով՝ կաթի ծավալների կտրուկ նվազում է եղել այս տարի։ Չորային տարի է եղել, խոտի խնդիր է առաջացել, հետևաբար, դա նաև կաթի ծավալների կրճատմանն է բերել։

Մեր հաշվարկներով՝ կաթի արտադրության ծավալները նվազել են առնվազն 25%-ով։ Մայիսից մինչև հուլիս կաթնատվության «պիկն» է, բայց այդ ամիսներին չորացում է եղել։ Հումքի կրճատումը կոմպենսացվում է դրսից ներկրված կաթի փոշով։ Բերվում է մեծ մասամբ Բելառուսից։

Կաթի փոշու ծավալների ավելացումն ինչպե՞ս է ազդում արտադրվող պանիրների որակի վրա։ 

Նոր տեխնոլոգիաներով ստացվող կաթի փոշիները թույլ են տալիս, որ պանիրը ամբողջովին կաթի փոշով արտադրվի։ Դրանց պետք է յուղ ավելացվի, որը կարագ չէ, այլ բուսական ծագում ունեցող յուղերն են։ Դա էլ իր հերթին պատճառ է դարձել, որ վաճառվող պանիրների գերակշիռ մասը բուսական ծագում ունեցող յուղերով պանիրներն են։ Դրանց արտադրությունը կամ վաճառքը արգելված չէ, բայց ամեն դեպքում, դրանք արդեն պանիր չեն, այլ՝ պանրամթերք։

Ներկրված կաթի փոշու և տեղական հումքի միջոցով այսօր հաջողվու՞մ է բավարարել տեղական պահանջարկը և ի՞նչ է սպասվում առաջիկա ամիսներին։ 

Այո։ Տեղական պահանջարկը հիմա բավարարվում է որպես հումք ներկրվող կաթի փոշու միջոցով։ Ֆիզիկական առումով դեֆիցիտ չի սպասվում։ Բայց որակական առումով լուրջ դեֆիցիտ է լինելու։ Ցավոք սրտի, տեղական արտադրության լավ պանիրներ քիչ կունենանք։

Ըստ մեր ունեցած փորձի՝ չորս տարին մեկ անգամ բնությունը մեզ անակնկալներ է մատուցում։ Եկող տարի՝ 2022 թվականին, կարող է կաթնատվությունը փոքր-ինչ շատանալ, հաջորդող տարում կարգավորվել։

Մի շարք սպառողական ապրանքների հետ մեկտեղ զգալիորեն թանկացել է նաև պանիրը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման՝ այս տարվա նոյեմբերին, 2020 թվականի նույն ամսվա համեմատ, պանիրը թանկացել է 10.6%-ով։ Սա ևս հումքի խնդրո՞վ է պայմանավորված, և ի՞նչ սպասել առաջիկա ամիսներին։

Քանի որ մենք չենք կարողանում վերահսկել տեղական հումքը, մենք նորից կախվածություն մեջ ենք հայտնվել դրսից՝ թե՛ հումքի քանակի առումով, թե՛ բորսայի գների։ Քանի որ բոլոր միջազգային հումքային բորսաներում ապրանքները թանկացել են, դա տարածվել է նաև կաթի փոշու վրա։ Բարձրացել են նաև կաթի փոշու միջազգային գները։ Հայ արտադրողները գնում են բարձր գնով և բնականաբար, տեղում արտադրվող պանրի գինն էլ է բարձրանում։ Այն պանիրները, որոնց կիլոգրամը խանութներին հանձնվում էր 1300-1400 դրամով, այժմ վաճառվում է 1900-2000 դրամով։

Գներն արդեն ուղիղ կախված են կաթի փոշու միջազգային բորսայի գներից մինչև 2021 թվականի մարտի երկրորդ կեսը։ Այդ ժամանակ արդեն կաթնատվությունը կբարձրանա, դրսից ներկրվող հումքից ունեցած կախվածությունը կնվազի, ու աստիճանաբար կկարգավորվի շուկան։

Տնային պայմաններում արտադրվող պանիրները կարո՞ղ են որևէ կերպ «փրկել» իրավիճակը։

Տնային պայմաններում արտադրված պանրի ծավալները ևս կտրուկ նվազել են և որպես այդպիսին՝ մեծ դերակատարում չեն կարող ունենալ։

Այս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք պետք է լուրջ մոտեցում ցուցաբերենք տեղական կաթի արտադրության կազմակերպմանը։

Ի՞նչ կարգավորումներ են այստեղ հարկավոր։

Կաթի արտադրության ամբողջ շղթան կարգավորման կարիք ունի։ Պարենային անվտանգության տեսանկյունից դա ևս կարևոր է։ Այն պետք է պետության վերահսկողության տակ լինի, և խոսքը ոչ թե նյութական աջակցության մասին է, այլ՝ զուտ կազմակերպչական աշխատանքների։

Մենք հարցը բարձրացրել ենք տարբեր գերատեսչական օղակներում։

Առաջին քայլը ստատուսավորումն է։ Այսինքն՝ ֆերմերները պետք է հստակ ձևաչափեր ունենան։ Մեզ մոտ մեկից ավելի անասուն ունեցողը ֆերմեր է համարվում։ Պետք է ձևավորվի համապատասխան միություն՝ կաթնարտադրողների կամ ֆերմերների, և սկսեն անասունների համարակալումը, վերահսկողությունը, քվոտավորումը և այլն։ Այդ ամեն ինչը կարելի է շատ հանգիստ կազմակերպել՝ առանց խիստ լարվելու։ Դրանք կարևոր բաղադրիչներ են, որ մենք կարողանանք և՛ կանխատեսելի կաթ ունենալ, և ՛ կանխատեսելի քանակ ու որակ։

Կառավարությանը ներկայացրել ենք խնդիրը, բայց արձագանքներ չկան։ Դա չի նշանակում, որ մենք զենքներս վայր ենք դնելու։ Էլի ենք փորձելու ու սպասում ենք, որ հունվար ամսից նորից դիմենք։ Եթե սխալներ ենք թույլ տվել, հասկանանք՝ որտեղ ենք սխալվել, որտեղ պետք է շտկվի, կամաց-կամաց փորձելու ենք սառույցը կոտրել ու առաջ անցնել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter