HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շմոլ գազից թունավորված նույն ընտանիքի 4 երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնում է, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում դեկտեմբերի 18-ին հոսպիտալացվել էր նույն ընտանիքի 4 երեխա:

Նրանցից երկուսը տեղափոխվել էին բուժհաստատություն ծանր՝ ուշագնաց վիճակում: Շմոլ գազից թունավորվել էր նաև երեխաների մայրը, որը առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում:

Բուժման արդյունքում երեխաների մոտ գրանցվել է դրական դինամիկա և նրանք արդեն դուրս են գրվել համալսարանական հիվանդանոցից: 

«Շմոլ գազով թունավորման հիմնական պատճառը մեծ քանակներով վերջինիս ներշնչումն է: Թունավորումների քանակը հատկապես ձմռան ամիսներին կտրուկ ավելանում է»,- գրել է նա՝ նշելով, որ թունավորման նախնական ախտանշաններն են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, այդ պատճառով շատ հաճախ հնարավոր է շփոթել սննդային թունավորումների կամ գրիպի հետ: Ծանր թունավորումից կարող է տուժել նյարդային համակարգը, գլխուղեղը, վնասվել ուղեղի կեղևի նեյրոները, կարող են առաջանալ ցնցումներ, սրտի ռիթմի խանգարումներ, անգամ սրտի կանգ:

Տնային պայմաններում առաջին բուժօգնության հիմնական պայմանը տուժածին այդ միջավայրից արագ հեռացնելն ու հիվանդանոց տեղափոխելն է: Եթե թունավորման մակարդակը շատ բարձր է, ապա այս դեպքում ցուցված է թթվածնի մատակարարումը կատարել բարոխցիկում՝ ճնշման տակ, ինչի շնորհիվ լավացումն ավելի արագ տեղի կունենա:

Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել բնակարանը, հատկապես խոհանոցը, որտեղ գազօջախն անընդհատ վառվում է: Ուշադիր լինել գազախողովակներին. արդյոք լիարժեք ապահովո՞ւմ են արտանետումը, թե ոչ, քանի որ շատ դեպքերում խնդիրը հենց դրա հետ է կապված լինում, ինչպես նաև տեղադրել ազդանշանային սարքեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter