HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի հերթական նիստին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի երևանցիներ, հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական  ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին: 

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ  նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը դեկտկտեմբերի 16-ին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր հետևյալը․

«1․ «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ,

2․ Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում,

3․ Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը,

4․ Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները,

5․ Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը,

6․ Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ:

«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter