HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերմանի մենահամերգը՝ մայիսի 4-ին

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 28-ից մայիսի 26-ը ներկայացնում է  «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը: 

Մայիսի  4-ին` ժ.19.00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար, Յեյլի Համալսարանի դաշնամուրային ֆակուլտետի ղեկավար Բորիս Բերմանի մենահամերգը: 

Ծրագրում՝ Կ.Դեբյուսի-Պրելյուդներ (Երկրորդ Գիրք)

Ա. Սկրյաբին- Սոնատ N.7, op. 64

                          Սոնատ N.9 op. 68

Ս. Պրոկոֆև-Սարկազմներ op. 17                       

Իր արտիստական գործունեությամբ աշխարհի մոտ 50 երկրներում հայտնի Բորիս Բերմանը ստեղծագործական գործունեությունը սկսել է Մոսկվայում, որտեղ ավարտել է Չայկովսկու անվան կոնսերվատորիան /պրոֆ.Լև Օբորինի դաս./:

Որպես մենակատար, նաև տարբեր կամերային անսամբլների կազմում շրջագայել է նախկին Խորհրդային Միության  ողջ տարածքով: 1973-ին Բերմանը  մեկնում է Իսրայել՝  մշտական բնակության, որտեղ կարճ ժամանակում  դառնում է  այդ երկրի ամենաազդեցիկ  երաժիշտներից մեկը: Ներկայումս բնակվում է  ԱՄՆ-ում, որտեղ հիմնում է մի շարք երաժշտական փառատոներ, զբաղվում մանկավարժական  և ակտիվ համերգային գործունեությամբ: Բերմանը կամերային երաժշտության փայլուն գիտակ է. հանդես է եկել աշխարհահռչակ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Միշա Մայսկին, Հայնց Հոլիգերը, Շմոլո Մինցը, Քլոդ Ֆրանկը, Նատալյա Գուտմանը և այլք: Մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ համերգային շրջագայությունները (Թագավորական Կոնցետգեբաու, Լոնդոնի ֆիլհարմոնիա, Տորոնտո Սիմֆընի, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ և այլն) մեծ արձագանք են գտել մամուլում՝  երաժշտաքննադատների կողմից արժանանալով բարձր գնահատանքի: Հանրահայտ  ձայնագրման ստուդիաների հետ համագործակցությունը  (Philips, Deutsche Grammophon, Melodia) արժանահիշատակ է մի շարք ձայներիզների թողարկմամբ, այդ թվում՝ Ալեքսանդր Սկրյաբինի դաշնամուրային սոնատները, Դ.Շոստակովիչի դաշնամուրային ստեղծագործությունները, իսկ Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի հետ (Նեեմե Յարվիի ղեկավարությամբ) Ս.Պրոկոֆևի 3 դաշնամուրային կոնցերտների ձայնագրությունը սկիզբը  հանդիսացավ Պրոկոֆևի դաշնամուրային ստեղծագործությունների ձայնագրման հավակնոտ նախագծի: Բերմանի՝ որպես ժամանակաշրջանի մեծագույն երաժշտի, կենսագրությունն ամբողջացնում է իր մանկավարժական գործունեությունը:

 Բազմաթիվ հայտնի երաժիշտներ կրթած դաշնակահարը համաշխարհային հռչակ է ձեռք բերել իր վարպետության դասերով՝ տարբեր ժամանակներում աշխատելով Ինդիանայի, Բոստոնի, Թել-Ավիվի համալսարաններում:Ներկայումս  ղեկավարում է Յեյլի համալսարանի դաշնամուրային ֆակուլտետը: 

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter