8 քրեական գործ՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության 9 մարզերի 38 խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընտրական ողջ գործընթացքի արդյունքում հարուցվել է 8 քրեական գործ։
«Ընտրարշավի, քվեարկության օրվա և քվեների հաշվարկի ժամանակահատվածի վերաբերյալ իրավապահ մարմիններն ստացել են առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 87 հաղորդում-ահազանգ՝ ներկայացված ինչպես ԶԼՄ հրապարակումներով և սոցցանցերի օգտատերերի առանձին գրառումներով, այնպես էլ ֆիզիկական անձանց, այդ թվում ընտրության մասնակիցների՝ տեղամասային ընտրական հանձնաժողովիների նախագահների, դիտորդների կողմից տրված հաղորդումներով, ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերով:
Ամենաշատ հաղորդում-ահազանգերը վերաբերել են Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներում կայացած (թվով 18), ամենաքիչը՝ Տավուշի և Վայոց Ձորի մարզերի ընտրություններին (4-ական):
Նշված 87 հաղորդումների զգալի մասն ուղարկվել է նախաքննության մարմին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ մի մասի կապակցությամբ, հաշվի առնելով դրանց վերացական կամ ընդհանրական բնույթը, ոստիկանության բաժիններում նախաձեռնվել են ստուգողական գործողություններ:
Դրանց արդյունքում թվով 79 հաղորդում-ահազանգերից մի մասի դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգման ենթակա հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ մյուս մասի դեպքում նախապատրաստված նյութերով կայացվել են հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ:
8 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝
- 3 քրեական գործ հարուցվել է Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացած ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերի կապակցությամբ: Դրանցից երկուսը հարուցվել է Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կապված Վարդենիս խոշորացված համայնքում առերևույթ ընտրակաշառք տալու 2 դեպքի հետ, իսկ մեկը՝ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կապված Վարդենիս համայնքի ընտրատեղամասերից մեկում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի հետ:
- 2 քրեական գործ վերաբերում է Լոռու մարզի համայնքներում կայացած ընտրություններին: Դրանցից մեկը՝ կապված Վանաձոր համայնքի ընտրատեղամասերից մեկում կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի հետ, հարուցվել է Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իսկ մյուսը հարուցվել է Վանաձոր համայնքի ընտրությունների ընթացքում պարտքի դիմաց վերցված անձնագիրը քաղաքացուն չվերադարձնելով վերջինիս ընտրական իրավունքի իրացմանն առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
- 2 քրեական գործ առնչվում է Կոտայքի մարզի համայնքներում կայացած ընտրություններին: Դրանցից մեկը հարուցվել է Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի հատկանիշներով՝ Աբովյան խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկի մոտ անձին ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ, իսկ մյուսը հարուցվել է Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կրկին Աբովյան խոշորացված համայնքի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու հետ:
- 1 քրեական գործ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով հարուցվել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում կայացած ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ ընտրակաշառք տալու դեպքի կապակցությամբ:
Նշված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան:
Դատախազության մարմինների կողմից պատշաճ դատավարական ղեկավարման և հսկողության ներքո միջոցներ են ձեռնարկվում բոլոր դեպքերին, դրանց առնչվող անձանց արաքներին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել