HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Որ ուժերն են ղեկավարելու Շիրակի մարզի 4 խոշորացված համայնքները առաջիկա 5 տարում

Դեկտեմբերի 20-ին Շիրակի մարզի վերակազմավորված համայնքներում՝ Ամասիա, Աշոցք, Արթիկ եւ Ախուրյան, տեղի ունեցան համայնքների ղեկավարների ընտրություններ: Դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների ընթացքը հարթ չէր թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական փուլերում: Քարոզարշավի ամենախաղաղ ընթացքը գրանցվեց Աշոցքում, որտեղ համայնքային իշխանության համար պայքարում էին երկու ուժ՝ ՔՊ-ն եւ ԲՀԿ-ն: 

Գրեթե սկանդալային իրադարձություններ ծավալվեցին Ախուրյանում, որտեղ մասնակցության հայտ ներկայացրած 4 ուժերից «Իկիլիկյան» դաշինքին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքաշեց դատական պրոցեսների մեջ՝ հետագայում դուրս մղելով ընտրական պայքարից:

Արթիկում եւս եղան դժգոհություններ ու անհամաձայնություններ, ինչպես նաեւ «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» մտայնությամբ մրցակցի պաստառը տեղադրելու արգելքներ: Իսկ ահա Ամասիայի պարագայում, ամենադիտարժանը թերեւս հետընտրական զարգացումներն էին:

Չհարմարվելով իշխանությունը կիսելու պայմաններին՝ Ամասիայի ՏԻՄ ընտրություններին առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի 31 թեկնածուն ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել տարածքային ընտրական հանձնաժողով: «Սա նախադեպը չունեցող երևույթ է ՏԻՄ ընտրություններում, երբ ավագանու մանդատներից միաժամանակ հրաժարվում են բոլոր թեկնածուները»,- թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանն անակնկալի էր եկել: Վերջինս նշել էր, որ հատկապես գյուղական համայնքների ընտրություններից հետո, ընդունված երեւույթ է, երբ մեկ կամ երկու հոգի արտագնա աշխատանքի մեկնողներ ինքնաբացարկի դիմում են ներկայացնում, բայց որ ընտրությանը հաղթած ուժի բոլոր անդամները հրաժարվեն մանդատներից, առաջին դեպքն է: 

Ի՞նչն էր պատճառ հանդիսացել նման որոշման եւ ինչի հանգեցրեց օրենքի չիմացությունը: Ամասիա խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած երեք ուժերն էլ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Արփի-Ամասիա» դաշինք, ՀՀԿ, հաղթահարել էին անցողիկ շեմն ու իրավունք ստացել մասնակցելու համայնքի ղեկավարմանը: ՔՊ-ն եւ «Արփի-Ամասիա» դաշինքը ստացել էին 6-ական մանդատ, ՀՀԿ-ն՝ 3 մանդատ: Ընտրություններից անմիջապես հետո լուր տարածվեց, որ միավորվելու են ՀՀԿ-ն եւ «Արփի-Ամասիա» դաշինքը, սակայն մի քանի օր անց այն հերքվեց եւ հայտարարություն եղավ, որ դաշինքն Ամասիան ղեկավարելու է ՔՊ-ի հետ համատեղ: 

Հավասար քանակությամբ մանդատի պարագայում, համայնքի ղեկավար, ըստ օրենքի ընտրվելու էր տարիքով ավելի ավագ թեկնածուն, այսինքն 71-ամյա Ջեմմա Հարությունյանը: Ահա սա է, որ դուր չէր եկել Արփի խոշորացված համայնքի արդեն նախկին ղեկավար, ՔՊ-ի ցուցակը ղեկավարած Մերգել Ղարիբյանին: Ինքնաբացարկի մասսայական դիմումները պայմանավորված էին սրանով: ՔՊ-ականները հույս ունեին, որ կնշանակվեն նոր ընտրություններ, սակայն թե տեղական ընտրական հանձնաժողովում, թե մարզպետարանում, որտեղ նրանք հասել էին բողոքով, բացատրեցին, որ օրենքը թույլատրում է 9 մանդատով էլ լիարժեք իրականացնել Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարումը: Այսպիսով, Ամասիա խոշորացված համայնքի համար նախատեսված ավագանու 15 անդամների մի մասի տեղը կմնա թափուր, իսկ կղեկավարի «Արփի-Ամասիա» դաշինքը ներկայացնող Ջեմմա Հարությունյանը:

Ախուրյան խոշորացված համայնքի պարագայում եւս իշխող կուսակցությունը չկարողացավ հասնել լիակատար հաղթանակի: Չօգնեց անգամ «Իկիլիկյան» դաշինքին պայքարից դուրս թողնելը: Ընտրություններում ՔՊ-ն, որի նախընտրական ցուցակը ղեկավարում էր Առափիի համայնքապետ Ալբերտ Այվազյանը, ստացավ 6195 ձայն(48,18 % ): «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը, որ ղեկավարում էր Արծրուն Իգիթյանը, ձայների քանակով գրավեց երկրորդ տեղը ՝ 3854 ձայն (29,97 %), իսկ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք, որի նախընտրական ցուցակը գլխավորում էր Մարմաշեն խոշորացված համայնքի համայնքապետ Կարեն Արշակյան՝ 2810 ձայն (21,85 %):

Ընտրություններից հետո «Ախուրյան» եւ «Հաղթանակ» դաշինքները, որոնց ղեկավարներն ունեին նույն կուսակցական պատկանելիությունը, համագործակցության հուշագիր ստորագրեցին: Երկու ուժերի միավորումը թույլ տվեց մեկ ձայնով գերիշխող դիրք գրավել ՔՊ-ի նկատմամբ: Մանդատներն Ախուրյանում բաշխվել էր հետեւյալ կերպ՝ ՔՊ-ն 13 մանդատ, «Ախուրյան» դաշինք՝ 8 մանդատ, «Հաղթանակ» դաշինք՝ 6 մանդատ: Դեկտեմբերի 20-ին, տեղի ունեցած ավագանու առաջին նիստում, որտեղ համայնքի ղեկավարի երկու թեկնածու էր առաջադրվել, 14 ձայնով Ախուրյան համայնքի ղեկավար ընտրվեց դաշնակցական Արծրուն Իգիթյանը:

Նշենք, որ համայնքի ղեկավարման մեջ կընդգրկվեն նաեւ ոլորտային մասնագետներ ընտրապայքարից դուրս մնացած «Իկիլիկյան» դաշինքից:

Արթիկ խոշորացված համայնքում իշխանություն վերցնելու համար հայտ ներկայացրած բոլոր 6 ուժերն էլ ընդգրկվեցին ավագանու կազմում: Այստեղ ոչ մի ուժ ընտրողների մեծամասնության քվեն չստացավ, սակայն քիչ թե շատ ներկայացվածություն ապահովեց: Արթիկի ավագանու 27 տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 11, «Միասնական Արթիկ» դաշինք՝ 6, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն `4, «Ազատական» կուսակցություն` 3,  ՀՅԴ-ն` 2  եւ 1 մանդատ էլ բաժին հասավ «Ապրելու երկիր» կուսակցությանը: Արթիկը ղեկավարելու համար «Քաղաքացիական պայմանագիր» եւ  «Ազատական» կուսակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրեցին՝  ապահովելով մեծամասնություն(14 մանդատ): Դեկտեմբերի 20-ին կայացած ավագանու առաջին նիստում Արթիկ համայնքի ղեկավար է ընտրվեց ՔՊ-ն ներկայացնող Անան Ոսկանյանը:

Թերեւս ամենականխատեսելի ընտրություններն անցկացվեցին Աշոցքում, որտեղ միավորվեցին Աշոցք եւ Սարապատ խոշորացված համայնքները: Այստեղ երկու ուժ էին պայքարում, սակայն գործընթացներից էլ պարզ էր, որ Աշոցքի ղեկավար Կարեն Մանուկյանը, որ գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, առավելություն է ունենալու: Այս տարածաշրջանում ընտրություններն անցան խաղաղ, գրանցվեց ընտրողների 46,74 տոկոս մասնակցություն, առավելագույն քվեն ստացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Առաջիկա հինգ տարին Աշոցք խոշորացված համայնքը կղեկավարի ՔՊ-ն ներկայացնող Կարեն Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter