HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Ծառուկյանի խնամին իր ՍՊԸ-ից ստացած եկամուտները չի հայտարարագրել

Կոտայքի մարզի երկու ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով պայքարում են երկու խնամիներ: Արդեն տեղեկացրել էինք, որ թիվ 28-ում միայնակ ընտրապայքարի մեջ է մտել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ թիվ 27-ում` նրա խնամին` ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանը, ով նաեւ Աբովյանի քաղաքապետի հայրն է:

Ի տարբերություն Ծառուկյանի, Գուլոյանն ունի երկու մրցակից` Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ, թոշակառու Գուրգեն Եղիազարյանը եւ ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար Համլետ Հայրապետյանը:

Ըստ ԿԸՀ եւ տարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացրած հայտարարագրերի` բոլոր թեկնածուների մեջ իր գույքով եւ ֆինանսական կարողություններով Գագիկ Ծառուկյանն ամենահարուստն է: Իհարկե նրա խնամին էլ քիչ գումար չունի, սակայն չի կարող այդ հարցում մրցել Գ. Ծառուկյանի հետ:

Ստորեւ ներկայացնում ենք Մուրադ Գուլոյանի եւ նրա երկու մրցակիցների հայտարարագրերը:

Մուրադ Գուլոյանը Կոտայքի մարզի մարզի Առինջ գյուղում ունի երկու հողամաս` 0.0760 հա եւ 10 հա, ինչպես նաեւ երկու շինություն եւ հողամաս: Թեեւ Մուրադ Գուլոյանին ոչ ոք չի տեսել 2002թ. արտադրության «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով, քանի որ առիթի դեպքում ԱԺ գալիս է մի քանի հազար դոլարանոց շքեղ արտասահմանյան ավտոմեքենայով, այնուամենայնիվ, ըստ հայտարարագրի, «Վազ 21214» ավտոմեքենան է իր միակ շարժական գույքը:

Եկամուտների բաժնում Մուրադ Գուլոյանը նշել է միայն ԱԺ-ից ստացած մեկ տարվա աշխատավարձը` 3 միլիոն 84 հազար 380 դրամ: Ակնհայտ է, որ պատգամավորության թեկնածուն մեղմ ասած` ճիշտ չի ներկայացրել իր եկամուտները, քանի որ նրան է պատկանում «Շիրակ» թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ-ն, իսկ ընկերության 100-տոկոսանոց սեփականատերը չէր կարող շահութաբեր ընկերությունից եկամուտ չստանալ:

Մարտի 1-ի դրությամբ, Մուրադ Գուլոյանի հաշվին եղել է 275 միլիոն դրամ:

Գուրգեն Եղիազարյանը Կոտայքի մարզի Գողթ գյուղում ունի 520 քմ քարե շենք եւ 0.15 հա շինություն: Նույն գյուղում ունի նաեւ 0.4 հա հողամաս:

Պատգամավորության թեկնածուն ոչ շարժական գույք ունի, ոչ էլ 8 միլիոն դրամը կամ համարժեք փոխարժեքը գերազանցող գույք:

Գուրգեն Եղիազարյանի տարվա եկամտի միակ աղբյուրը 2 միլիոն 240 հազար դրամ թոշակն է եղել, իսկ մարտի 1-ի դրությամբ ոչ մի դրամ չի ունեցել:

ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համլետ Հայրապետյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն: Եթե Գագիկ Ծառուկյանի դեպքում ԲՀԿ եւ ՀՀԿ առաջնորդների միջեւ կար հստակ պայմանավորվածություն, որ Ծառուկյանը միայնակ է լինելու թիվ 28-ում, ապա նրա խնամու դեպքում ՀՀԿ-ն մրցակից է առաջադրել: Որպես ասվածի ապացույց, երեկ Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե թիվ 28-ում սատարում են Գագիկ Ծառուկյանին:

Համլետ Հայրապետյանը հայտարարագրել է 360 քմ մակերեսով բնակարան Կոտայքի մարզի Կամարիս գյուղում, Բալահովիտ գյուղում պտուղ-բանջարեղենի գրասենյակ` 11125, 19 քմ, երկու հողամաս Կամարիսում` 1200 քմ եւ 2.4134 հա մակերեսով եւ գյուղատնտեսական հողատարածք` 1.4648 հա:

Հանրապետական թեկնածուն հայտարարագրել է նաեւ 4 ավտոմեքենա` «Մահինդրա Սքորփիո», «Մազդա Տրիբուտ 3.0 L», «Ռենո Կլիո 1.4», «Մերսեդես Բենց E230» մակնիշի:

Այս թեկնածուն եւս օրինապաշտությամբ չի «փայլում»: Նա թեեւ աշխատավայրն ու պաշտոնը նշել է ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար, սակայն եկամուտների բաժնում ոչինչ չի հայտարարագրել, տարվա ընթացքում նույնիսկ`1 դրամ: Մարտի 1-ի դրությամբ էլ նա գումար չի ունեցել հաշվեհամարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter