HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարկվել է ԵՄ-ում հայկական գինիների առցանց վաճառքի հարթակը

Հայկական գինիների հասանելիությունը Եվրամիության երկրներում ապահովելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), ԱԿԲԱ ֆեդերացիայի հետ համագործակցությամբ ստեղծել են www.winesofarmenia.store հայկական գինիների առցանց վաճառքի հարթակը: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Կայքը գործում է 3 լեզվով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսկ 2022թ. առաջին կիսամյակում հասանելի կլինի նաև ռուսերեն տարբերակը: Կայքում ներառված են 21 ընկերության 56 տեսակի որակի չափորոշիչներին համապատասխան հայկական գինիներ, որոնք ընտրվել են կույր համտեսի արդյունքում՝ գինու նմուշների խիստ օբյեկտիվ զգայորոշման և գնահատման արդյունքում:

«Կայքը, բացի վաճառքի քառալեզու հարթակ լինելուց, յուրահատուկ է նաև նրանով, որ պարունակում է համապարփակ տեղեկատվություն Հայաստանի գինեգործական ժառանգության, հայկական խաղողի սորտերի և գինու մարզերի վերաբերյալ: Նորություններ բաժնի օգնությամբ հնարավորություն կունենանք ԵՄ սպառողներին մշտապես տեղյակ պահել Հայաստանի գինու ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և ձեռքբերումներին»,- նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

www.winesofarmenia.store առցանց խանութի գործարկմանը համընթաց վերջերս Գերմանիայի Բեռլին քաղաքում բացվեց հայկական գինիների միասնական պահեստ- լոգիստիկ կենտրոնը: Այստեղից հայկական գինիները Եվրոպայի սպառողներին կհասնեն առանց խոչընդոտների, հաշված օրերի ընթացքում և հնարավորինս մատչելի արժեքով: Միևնույն ժամանակ պահեստի առկայությունը ավելի կհեշտացնի հայկական գինիների մասնակցությունը ԵՄ-ում կազմակերպված գինու ցուցահանդեսներին և համտեսներին:

Նախագծի շրջանակում Եվրոպայում կգործի նաև սպասարկման կենտրոն: Հաճախորդները հնարավորություն կունենան զանգերի միջոցով ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և կատարելու պատվերներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter