HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անհասկանալի է այս ձևաչափը, չենք վստահում գործող իշխանություններին. խորհրդարանական ընդդիմությունը՝ «3+3» ձևաչափի մասին

Մինչ Հայաստանում քաղաքական ու քաղաքագիտական համայնքը բանավիճում էր, թե արդյոք իմաստ ունի մասնակցելու Հարավային Կովկասում համագործակցության «3+3» հարթակին (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան), դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացավ այդ ձևաչափով առաջին հանդիպումը, որն անց էր կացվում արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։

Չնայած առաջին հանդիպման ընթացքում կողմերն էական պայմանավորվածություններ ձեռք չէին բերել, բայց թերևս սա առաջին անգամն էր, երբ տարածաշրջանի բոլոր երկրները, բացառությամբ Վրաստանի, որն ավելի վաղ հրաժարվել էր մասնակցությունից, քննարկել են հենց Հարավային Կովկասում առկա իրավիճակը և հնարավոր զարգացումները։ Թե որքանով է ձևաչափը ձեռնտու, օգտակար կամ վտանգավոր Հայաստանի համար, ցույց կտա բանակցությունների հետագա օրակարգն ու ընթացքը։ Այդուհանդերձ, հետպատերազմական իրավիճակում, հատկապես, երբ երկիրը նոր է պարտվել պատերազմում, վտանգավոր է և՛ լիարժեք ներգրավումը նմանատիպ ձևաչափերին, և՛ դրանցից հրաժարումը։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից առաջարկված «3+3» ձևաչափի վերաբերյալ Խորհրդարանական ուժերի կարծիքը հասկանալու համար՝ «Հետք»-ը հարցում էր ուղարկել Ազգային ժողովի բոլոր 3 խմբակցություններին։ Հարցումն ուղարկելուց մոտ 1,5 ամիս անց ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատասխանեցին մեր հարցմանը, իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդպես էլ թողեց անպատասխան, նույնիսկ խմբակցություն մի քանի անգամ զանգահարելուց հետո։

Այսպես, խորհրդարանական ուժերից մենք փորձել էինք հասկանալ, թե ձևաչափի վերաբերյալ ինչ դիրքորոշումն ունի կոնկրետ տվյալ ուժն ու արդյոք Հայաստանը պետք է միանա թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջարկվող այդ ձևաչափին։ 

«Հայաստան» խմբակցությունը, որի պատասխանը ստորագրված է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի անունով, «սկզբունքորեն կողմ է իրական կառուցողական համագործակցությանը և՛ արտաքին աշխարհում, և՛ առավել ևս մեր տարածաշրջանում։ Սակայն համագործակցության յուրաքանչյուր ձևաչափ պետք է ունենա նպաստավոր միջավայր, հստակ օրակարգ և որևէ կերպ չհավակնի փոխարինելու գործող այլ ձևաչափերի»։

«Հայաստան» խմբակցությունն այն կարծիքն է, որ հնարավոր չէ քննարկել առաջարկվող ձևաչափը, խնդիրները կամ հիմնական նպատակները, այն պարագայում, երբ «սահմանված չեն Արցախի դեմ ռազմական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի և Թուրքիայի պատասխանատվության հարցերը, և հակառակորդը շարունակում է ամենաբարձր հարթակներից, միջազգային ատյաններում հանդես գալ ակնհայտ հայատյացության ու թշնամանքի անընդունելի հռետորաբանությամբ՝ միաժամանակ ոչնչացնելով հայկական պատմամշակութային ժառանգությունը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում, երբ Ադրբեջանի կողմից չեն իրականացվում ձեռք բերված պայմանավորվածությունները, առաջին հերթին՝ գերիների և պահվող բոլոր անձանց վերադարձի հետ կապված, իսկ նրանց զինված ուժերը 2021 թվականի մայիսի 12-ից շարունակում են ապօրինի տեղակայված մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում»։

Խմբակցությունը, միևնույն ժամանակ, այն կարծիքին է, որ գործող իշխանությունների մասնակցությամբ ՀՀ ներգրավվածությունը «3+3» կամ այլ ձևաչափի, «չի կարող լինել բարենպաստ Արցախի և Հայաստանի ազգային, պետական շահերի պաշտպանության տեսանկյունից»։

«Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ իր պատասխանում, որն ստորագրված է խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի անունով, նշում է, որ տարածաշրջանային ցանկացած ձևաչափից ՀՀ դուրս մնալը կարող է ունենալ վատ հետևանքներ, սակայն ընդդիմադիր մյուս խմբակցության նման, արտաքին քաղաքականության ոլորտում չեն վստահում գործող իշխանություններին։ «Այս իշխանությունների միջազգային համագործակցության հետագիծը հուշում է, որ իրենք ունակ չեն պատշաճ կերպով ներկայացնել մեր երկրի շահերը։ Ցավոք՝ նույնիսկ երկկողմ կամ եռակողմ ձևաչափով իշխանական խունտան ձախողում է բանակցային գործընթացում և նմանօրինակ բարդ ձևաչափով բանակցությունների ընթացքում հավուր պատշաճի ներկայանալու հավանականությունը շատ ցածր կարելի է գնահատել»,- նշվում է պատասխանի մեջ։ 

Խմբակցությունն այն կարծիքին է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հատուկ բանագնացի կարգավիճակ ունեցող բանակցողների նշանակման պարագայում, «3+3» ձևաչափի բովանդակային նյութն անհասկանալի է դառնում։ 

Ինչպես իշխանությունը, համենայն դեպս վարչապետը, այնպես էլ ընդդիմությունը, այդ թվում խորհրդարանական, պնդում է, որ նման կամ ցանկացած այլ ձևաչափով հայ-ադրբեջանական շփումները պիտի զերծ մնան Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներից, քանի որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ 

«Պատիվ ունեմ» խմբակցությունն այն տեսակետին է, որ «3+3» ձևաչափին մասնակցելիս Հայաստանը պետք է ցուցաբերի ծայրահեղ զգուշավորություն՝ զուգահեռաբար պնդելով, որ իրականում ձևաչափը չի արտացոլում տարածաշրջանի ռեալ աշխարհաքաղաքական պատկերը։

Հայաստանի համար «3+3» ձևաչափի հնարավոր սպառնալիքների ու հնարավորությունների մասին հարցին ի պատասխան, «Հայաստան» խմբակցությունը չի մանրամասնում՝ նշելով, որ դրանց հանգամանորեն անդրադառնալը նպատակահարմար չէ, քանի որ դրանք պարունակում են նաև անվտանգային բաղադրիչներ։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ձևաչափից ստացվելիք պոտենցիալ հնարավորությունները, դժվարանում է առանձնացնել՝ պնդելով, որ ինքնին անհասկանալի է հարթակի ձևաչափը։ «ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունների տեսանկյունից այս ձևաչափը ընկալելի չէ։ Մեր երկրները, բացի բիլատերալ դաշնակցային պայմանագրից, նաև գտնվում են նույն անվտանգային և տնտեսական հովանոցներում։ ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից սույն ձևաչափը որևէ հավելյալ արժեք բերել չի կարող։ ՀՀ-Իրան բիլատերալ կապերը նույնպես այս ձևաչափով դրսևորվել չեն կարող, իսկ Վրաստանը հրաժարվել է իր մասնակցությունից»,- պատասխանում նշել է խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

ԱԺ խմբակցություններին մենք հարցրել էինք, թե որոնք են այն նախապայմանները, որոնք Հայաստանը պետք է առաջ քաշի այդ ձևաչափին միանալու համար։ Իհարկե հարցն արդեն արդիական չէ, քանի որ ուղարկվել էր մինչև նման ձևաչափով հանդիպման մասին հայտարարությունը, բայց խորհրդարանական ընդդիմությունն առանձնացնում է այն նույն պնդումը, ինչ ԱԺ ամբիոնից հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «3+3» ձևաչափը չի կարող փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում էր մի քանի նախապայման ևս. հայ գերիների վերադարձի պահանջ, ագրեսիայի բացառում, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերում։

«3+3» ձևաչափին որպես այլընտրանք, վրացական կողմն առաջարկում էր իր միջնորդությունը Երևան-Բաքու ուղիղ բանակցություններում։ Այդ նպատակով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնիսկ այցելել էր երկու երկրների մայրաքաղաքներ։ Այդուհանդերձ, կողմերը մեծ հաշվով հրաժարվեցին վրացական միջնորդությունից։ Խորհրդարանական և՛ «Հայաստան», և՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ողջունում են վրացական կողմի ակտիվ ջանքերը, սակայն ունեն որոշակի վերապահումներ։ «Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ իրենց համար պարզ չէ վրացական միջնորդության շրջանակներում Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացվող օրակարգը և «հիմնավոր անվստահություն ունենք նրանց (խմբ. ՀՀ իշխանությունների օրակարգի) նկատմամբ»։ Իր հերթին «Պատիվ ունեմ»-ը կարծում է, որ հետպատերազմական գործընթացում ՌԴ ներգրավումը արդեն իսկ այնպիսի ծավալով է, որ խնդիրների լուծման ամենաարդյունավետ ձևաչափը կարող է լինել ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ ձևաչափը, բացառությամբ Արցախյան հիմնախնդրի, որը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ 

Ինչ վերաբերում է հետպատերազմական իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին և դրա գործունեության հասցեականությանը, խորհրդարանական ընդդիմությունը միակարծիք է, որ այն միակ ձևաչափն է Արցախյան հիմնախնդրի կարգավորման համար։ Այդուհանդերձ, «Պատիվ ունեմ»-ը դժգոհ է հետպատերազմական իրավիճակում ՄԽ աշխատանքից և ուղերձներից։ «Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մեջ երեք հիմնարար սկզբունքների չհիշատակումը (սույն թվականի ապրիլ ամսից այսօր), Ադրբեջանի կողմից Ստոկհոլմում նախատեսված ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման չեղարկմանը հասցեական գնահատական չտալը, վատ ազդակներ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքի բացահայտման տեսանկյունից։ Ամեն դեպքում՝ հայկական կողմի համար տարածաշրջանային խոսույթում «Մինսկի խմբի ակտիվությունը նվազել է» խոսույթի շրջանառումը չարաբեր հետևանքներ կարող է ունենալ»,- նշվում է պատասխանի մեջ։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter