
Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայում հայ համայնքի և Հայկական սփյուռքի առաջնորդների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ Ֆրանսիայում հայ համայնքի և Հայկական սփյուռքի առաջնորդների հետ մոտ տասն օր առաջ հանդիպումներ է ունեցել Լիոնում, Վալանսում, Վիենում, Մարսելում և մի շարք այլ քաղաքներում՝ Փարիզից բացի։
«Ուղերձս մեր հայրենակիցներին եղել է այն, որ ներկայիս մարտահրավերների պայմաններում մեր իրավունքների համար պետք է լինենք միասնական առավել, քան երբևէ:
Ադրբեջանական իշխանությունների տարիների հայատյացության պետական հովանավորչության և թշնամանքի քարոզի քաղաքականությունը չի փոխվել. պետք է համատեղ ուժերով հասնենք մեր իրավունքների պաշտպանության»,- գրել է նա:
Նա նշել է, որ Լիոնի, Վալանսի, Նիցցայի, Մարսելի, Դեսինի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում կոնկրետ օրինակներով ցույց է տվել, որ ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունը նպատակային լարվածության, թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին ողջ աշխարհում: Դա առաջին հերթին վերաբերում է այն երկրներին, որտեղ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ:
«Այսինքն՝ սա ադրբեջանական իշխանություններին հնարավորություն է տալիս հեշտությամբ խաղալ այդ երկրների մարդու իրավունքների համակարգերի և կայունության հետ: Այս քաղաքականության ուղիղ դրսևորումներն էին անցյալ տարվա ատելությա շարժառիթով հարձակումները հայերի նկատմամբ մի շարք երկրներում:
Նշված հանդիպումների ընթացքում ներկայացրել եմ նաև պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները և դրանց կանխարգելման եղանակները:
Ֆրանսիա կարևոր այցը կազմակերպվել էր Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ»,- նշել է Արման Թաթյանը:
Մեկնաբանել