Բյուրականի աստղադիտարանը երիտասարդ գիտնականների եւ լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի
Աշխարհի երկրների ցանկում աստղագիտության և աստղաֆիզիկայի զարգացվածության մակարդակով Հայաստանը 2020թ.-ի տվյալներով 52-րդ տեղում է: Նախկինում, օրինակ՝ 1996թ.-ին, ավելի առաջատար դիրքում էր՝ 30-րդը: Չնայած այս ցուցանիշի անկմանը՝ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը կարծում է, որ գիտական ոլորտում մեր աստղադիտարանը բարձր դիրքեր է պահպանում:
Դեկտեմբերի 21-ին աստղադիտարանում տարեվերջյան ամփոփիչ ասուլիս էր հրավիրվել, որի ընթացքում, բացի կատարված աշխատանքից, խոսվեց նաեւ խնդիրների ու ապագա ծրագրերի մասին։
Աստղադիտարանի տնօրենի հիմնական մտահոգությունը երիտասարդ գիտնականներով գիտական այս կառույցը համալրելն է։ Այս պահին գիտնականների միայն 30 տոկոսն են կազմում երիտասարդները:
«Վատ չէ այս ցուցանիշը, բայց վատ է մեկ այլ բան. միջին սերունդ չկա: Կան ավագ սերնդի գիտնականներ, կան երիտասարդներ: Բայց այդ միջին տարիքը չունենք: Դա նշանակում է, որ տարիներ անց մենք կպասիվանանք, և ամբողջ գործը կմնա այն 30 տոկոսի վրա, իսկ մեր գիտնականների թիվը շատ արագ չի ավելանում: 20 տարվա մեջ մենք պետք է ապահովենք մեր 2/3-րդի քանակը, ինչը դժվար է: Մեզ լավ մասնագետներ, տեղում մնացող աստղագետներ են պետք»։
Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտնականներն այստեղ աշխատում են հիմնականում քառորդ կամ կես դրույքով: Գիտությունը համատեղում են մեկ այլ աշխատանքի հետ: Պատճառը ֆինանսավորումն է: Գիտնականների վարձատրությունը Հայաստանում ցածր է: Ինչպես նշեց աստղադիտարանի տնօրենը, երիտասարդ գիտնականները 100 հազար դրամ աշխատավարձ են ստանում, մինչդեռ այլ ոլորտում դրա յոթնապատիկի չափով են վաստակում:
«Թույլ ենք տալիս համատեղ 2-3 տեղ աշխատեն: Ունենք երիտասարդ մի գիտնական, որը համատեղ աշխատում է համակարգչային ընկերությունում և ստանում է մի քանի անգամ ավելի շատ աշխատավարձ այդտեղ, նրան համոզելն ու այնտեղից կտրելը դժվար կլիներ, բայց ժամանակ առ ժամանակ նա կարողանում է մեզ հետ աշխատել»,- ասաց Արեգ Միքայելյանը։
Ա. Միքայելյանը նկատել է, որ երիտասարդ գիտնականներին հենց նորարարական տեխնոլոգիաներն են գրավում: Աստղագետները փոխում են իրենց ոլորտը, եւ դա աստղագիտության համար մեծ կորուստ է դառնում:
Երիտասարդ գիտնականներին Հայաստանում՝ Բյուրականի աստղադիտարանում պահելու միջոցներից մեկը միջազգային նախագծերում նրանց ներգրավելն ու գործուղումների ուղարկելն է: «Աշխատավարձը ցածր է, բայց այլ առավելություններ ունենք: Մեր երիտասրադ գիտնականները հաճախ են ճանապարհորդում իրենց գործունեության ընթացքում: Եվ դա մեծ առավելություն է: Իհարկե, սա կորոնավիրուսի շրջանում մի փոքր խոչընդոտվեց, բայց մինչ այդ միջինում 3-4 անգամ նրանք գործուղման են գնացել: Մինչև անգամ Հավայան կղզիներում են եղել: Իրենց նաև սա է գրավում, քանի որ իրենց գիտական գործունեության մեջ հետաքրքիր զարգացման շրջան է: Եթե ուրիշ ոլորտի աշխատողը պիտի առանձին գումար հավաքի նաև այս ճանապարհորդության համար, ապա այստեղ գիտության կողմից, իհարկե՝ հիմնականում դրսի ֆինանսավորումների շնորհիվ, նրանց կարողանում ենք ապահովել նաև այս միջոցներով»։
Աստղադիտարանին կից գործում է Գիտավան-Աստղավան ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդ գիտնականներին Բյուրականում կացարան է հատկացվում, չնայած դրանք ամբողջովին վերանորոգված չեն:
Թեև աստղադիտարանը էքսկուրսիոն վայր չէ որպես այդպիսին, բայց, լինելով ազգային արժեք, հանրային հետաքրքրության կենտրոնում է: Այս տարվա ընթացքում աստղադիտարանն ունեցել է 24 հազար այցելու, ինչը լրացուցիչ մոտ 20,5 մլն դրամի եկամուտ է ապահովել նրա համար: Մեր հարցին, թե այցելությունների թիվը, հետևաբար նաև՝ ստացվող եկամուտն ավելացնելու համար ի՞նչ ծրագրեր ունի աստղադիտարանը, տնօրենը պատասխանեց, որ որոշակի միջոցառումներ արդեն ձեռնարկվել են՝ բարելավվել են տեղի պայմանները, մեծ ուշադրություն են դարձնում էքսկուրսիաների կազմակերպման որակին: Ծրագրում են կառուցել նաև մի նոր կենտրոն, որը, տնօրենի խոսքով, ՅՈՒՆԵՍԿՈ-ի արժեք կներկայացնի:
«Երբեք հատուկ այս ուղղությամբ չենք մտածել, որ այստեղից կարող ենք եկամուտ ունենալ: Հսկայական կառույց է, գումարն իրականում քիչ է: Նույնիսկ բոլոր աղբյուրներից՝ պետությունից, դրամաշնորհներից ստացված գումարները միասին այնքան չնչին են, որ 70 շինություն խնամելու ու 100-ից ավելի աշխատակցի համար չի հերիքում»,- ասաց տնօրենը:
Երբ 2017թ.-ին նա նշանակվեց տնօրեն, Բյուրականի աստղադիտարանի եկամուտն, իր խոսքով, 1մլն 800 հազար դրամ էր: «Ամեն տարի եկամուտներն ավելացրել ենք, արդեն դրան հաջորդող տարին անցանք 4 միլիոնը: Միայն նախորդ տարի էր քիչ՝ 5 միլիոն, բայց սա էլ համավարակով էր պայմանավորված: 2021-ին էլ, որքան էլ զարմանալի է, կորոնավիրուսը զարգանում էր, բայց մարդիկ մասսայական գալիս են այցի: Հիմնականում գալիս են 2,6 մ դիտակ, Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, նաև գիշերային դիտումների համար՝ փոքր դիտակներով: Փորձում ենք այցելավայրերն ավելացնել»։
Հայաստանում աստղագիտության զարգացման համար մի շարք ծրագրեր են իրականացվում: Աստղադիտարանը համագործակցում է բուհերի, դպրոցների հետ, կազմակերպում այցեր, ամառային ճամբարներ, խորհրդակցություններ: Իսկ միջազգային մակարդակով համագործակցում է 23 երկրի հետ: Այս տարվա ընթացքում աստղադիտարանում կազմակերպվել են 20-ից ավելի սեմինարներ ինչպես հայ, այնպես էլ ամերիկացի, ֆրանսիացի, գերմանացի և թայլանդցի գիտնականների մասնակցությամբ: Նման կապերը աստղադիտարանի աշխատակազմը կարևորում է և ծրագրում զարգացնել դրանք:
Ասուլիսի ավարտին հայտարարվեցին ամենամյա գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի հաղթողների անունները։ Մրցանակները տրվեցին 3 անվանակարգերում՝ «Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդված կամ հոդվածաշար»՝ Ելենա Չոբանյան (Ararat և Nor Ghiank ամսագրեր), «Լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութ»՝ Անահիտ Սարգսյան (Tv9.am յութուբյան ալիք), «Ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրող»՝ Գրիգոր Էմին-Տերյան ("Поиск" շաբաթաթերթ) և Անի Կարապետյան («168 ժամ»)։ Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված էր նաև դրամական մրցանակ` 75,000 դրամ։
Աստղադիտարանի տնօրեն Ա. Միքայելյանը նշեց, որ նման խրախուսական մրցույթներ լրագրողների համար կլինեն նաև հաջորդ տարի:
Աստղադիտարանը ծրագրում է ընդլայնել համագործակցությունը հայաստանյան բուհերի և դպրոցների, ինչպես նաև՝ միջազգային գիտական կառույցների հետ: Իսկ հանրային էքսկուրսիաների զարգացման նպատակով հանրային կապերի բաժինը նոր ծրագրեր կառաջարկի:
Տաթեւ Ալիխանյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել