HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Չի կարող հեղափոխության պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու մասին մտածել»․ Հայկ Մարության

«Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ։

Առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում։ Կարծես թե այսպիսի բան անելու համար պիտի շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի, օրինակ՝ բյուջեի խոշոր չափի գումարի հափշտակում կամ այլ զարհուրելի հանցանք, բայց ինչպես ելույթներից հասկացանք, չկան»,- այսօր հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստին հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նրա խոսքով՝ պատճառն այլ է, և ինչպես ՔՊ թիմն է ասում, եթե դուրս է եկել կուսակցությունից, պետք է լքի պաշտոնը։

Հայկ Մարությանը նշեց, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը իր ձայնը չի տվել մի կուսակցության, այլ տվել է «Իմ քայլը» դաշինքին, որի կազմում սկզբնական ընթացքում 57 ավագանու անդամներից 30-ը եղել է անկուսակցական կամ այլ կուսակցության անդամ։

Նշեց, որ դուրս է եկել ՔՊ-ից, բայց շարունակում է մնալ «Իմ քայլը» խմբակցությունում։ «Այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ-ն դարձնել հեղափոխության արժեքների միակ կրողն ու ժառանգորդը, անընդունելի է ինձ և հազարավոր այլ մարդկանց համար, որոնք կուսակցական չեն և հեղափոխություն են արել ավելի լավ Հայաստան ունենալու համար»,- նշեց Մարությանը։

Հայկ Մարությանն ասաց, որ 2018-ից հետո իմացել են, որ Կառավարության անդամները, նախարարները կտրուկ բարձրացրել են աշխատավարձերը, նախարարները 1,5 մլն դրամ աշխատավարձ են ստանում, որը եղել է գաղտնի որոշմամբ։ «Կասեք՞ ինչու չեք շուտ խոսում սրա մասին, բազմիցս ձայն բարձացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, բայց ոչ մի արձագանք»,- հավելեց Մարությանը։

Հայկ Մարությանի խոսքով՝ եղել են պաշտոնյաներ, որոնք իրենից խնդրել են իրենց մերձավորներին արտոնություններ տրամադրել։

«Ու հիմա այս մարդիկ ասում են, Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար այս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում և ամբողջ քաղաքական թիմով լծվում են արդարացնելու այս որոշումը, որ ցույց տան՝ ինչքան անհրաժեշտ որոշում էր պետության համար։ Մի երկիր, որը 30 տոկոս աղքատություն ունի, որն իր միջազգային գործընկերներից գումար է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու համար, ճանապարհները կառուցելու համար, բյուջետային ծախսերը լրացնելու համար, արդարացնու՞մ է, իբր դա պետության պրիստիժի համար է»,- ասաց Հայկ Մարությանը՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո վաճառքի է հանել քաղաքապետին կցված S դասի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և գումարը մուտք արել քաղաքային բյուջե, հիմա քշում է «Նիսան» Էկոնոմ դասի մեքենա՝ առանց վարորդի։ Հայկ Մարությանն ավելացրեց, որ երբեք պարգևավճար չի ստացել և թույլ չի տվել բարձրացնել իր աշխատավարձը։

«Չի կարող հեղափոխության պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու մասին մտածել»,- ասաց նա։ Ելույթի վերջում տեղեկացրեց, որ ՔՊ-ից դուրս գալու դիմումը ներկայացրել է Սուրեն Պապիկյանին դեկտեմբերի 7-ին և որպեսզի որևէ քաղաքական ուժ չօգտագործի այն, ասել է, որ ինքը կուսակցությունից դուրս գալու մասին չի բարձրաձայնի։ Նշեց, որ անվստահություն հայտնելուց հետո որոշել է ժողովրդի հետ խոսել այդ մասին։ Իսկ այն հարցին, որ նախընտրական խոստումները Մարությանը չի կատարում, նշեց, որ այս հարցին պատասխանում են երևանցիներն իրենց արձագանքներով։

Կատարվածը համարեց անարգանք երևանցու քվեի հանդեպ․ «Կարծում եմ՝ դուք ձեր սկսածը միևնույնն է ավարտին եք հասցնելու, ուստի քանի դեռ քաղաքապետ եմ, խնդրում եմ քաղաքապետարանի բոլոր ծառայությունների ղեկավարներին՝  ձեր ծառայությունն իրականացնել մաքսիմալ պատասխանատվությամբ, բարձր կարգապահությամբ, բարձր նվիրումով․ պարտավոր եք ապահովել երևանցիների անվտանգությունը և կոմֆորտը»,- խոսքը եզրափակեց Մարությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter