HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե նորից եմ ծնվել, ուրեմն առաքելություն ունեմ իրագործելու». ԵՊՀ ուսանող Սեյրան Սողոյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Սեյրան Սողոյանն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է: Եղել է վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու- օպերատոր, հոկտեմբերի 5-ին վիրավորվել է ու հրաշքով փրկվել: Սեյրանի կարծիքով, ինչքան ներուժ, ինչքան հնարավորություն կա, պետք է միավորել ու զարգացնել մեր դիվանագիտությունը, և այդ գործընթացում ինքը ևս իր ներդրումն է ունենալու: Սեյրանը վստահ է՝ հրաշքներն ամենուր են, պետք է նկատել ու արժևորել դրանք:

Պատմում է ինքը՝ Սեյրանը:

Ես Սեյրան Սողոյանն եմ….

Ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Այժմ սովորում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսում: Հայրս անհատ ձեռներեց է, մայրս՝ մանկապարտեզի դաստիարակ: Ունեմ եղբայր, որը գրաֆիկ դիզայներ է: Մեզ հետ է ապրում նաև տատիկս: Հայրս վերջերս ինձ նվիրել է շուն, որի մասին մանկուց եմ երազել: Թեև փոքր տարիքում ունեցել եմ շուն, բայց պատերազմից հետո իմ այդ ցանկությունը կրկին արթնացավ, հայրս էլ իրագործեց: Չնայած միշտ մտածում էի, որ շանս հետ կվազեմ, կխաղամ, բայց հիմա նա է ինձ օգնում: Նրան՝ իմ սպիտակ ընկերոջը, Օսկար եմ կոչել:

Չորս տարի հաճախել եմ գեղարվեստի դպրոց, զբաղվել ազգային, իսկ հետո՝ ազատ ոճի պարերով: Մեծ ակտիվությամբ ներգրավված եմ եղել երիտասարդական տարբեր ծրագրերում: Թե՛ հիմնական, թե՛ ավագ դպրոցում եղել եմ Աշակերտական խորհրդի նախագահը: Եղել եմ «Մարտունի Ինֆոտուն» նախաձեռնության անդամ, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել:

Չնայած ծնողներս ցանկանում էին, որ բժիշկ դառնայի, բայց ես ավելի շատ ցանկանում էի արտահայտվել, խոսքով ու գործով օգնել մարդկանց և իմ ներդրումն ունենալ պետության զարգացման գործում: Ավագ դպրոց տեղափոխվելուց հետո արդեն միանգամից հասկացա, որ պիտի ընդունվեմ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Ակնկալիքներս ամբողջովին արդարացվել են այստեղ. թե՛ դասախոսները, թե՛ կուրսընկերներս ու թե՛ դասերը միասին ստեղծում են հրաշալի միջավայր:

Պատերազմը հանկարծակի սկսվեց: Երբ լսվեցին արկերի պայթյունների ձայները, հասկացանք՝ իրական կռիվ է

Առաջին կուրսի երկրորդ կիսամյակում զորակոչվել եմ բանակ: Սկզբում ծառայել եմ ուսումնական զորամասում, այնուհետև ստանալով տանկիստի կոչում՝ տեղափոխվել եմ Որոտան, որտեղ եղել եմ ավագ նշանառու-օպերատոր: Երեք ամիս էր մնացել ծայառությունն ավարտելուն, երբ սկսվեց պատերազմը: Այն օրը, երբ մնում էր ուղիղ 100 օր, ես վիրավորվեցի: Պատերազմը շատ հանկարծակի սկսվեց: Գիշերը՝ անվանականչի ժամանակ, տագնապ տվեցին: Մենք դուրս եկանք: Այդ օրն ընկերոջս ծնունդն էր: Հաջորդ օրը, երբ նշում էինք, լսվեցին արկերի պայթյունների ձայները. հասկացանք՝ իրական կռիվ է: Մեզ տեղափոխեցին ելման բնագծեր՝ Ջրական: Կռվի առաջին մի քանի օրը մարտական հենակետերում ենք եղել, ամսի չորսից արդեն տանկային կռիվ սկսվեց, որի ժամանակ ես ստանձնեցի հրամանատարությունը: Ընկերներիս հետ միասին կարողացանք թշնամու տանկեր ոչնչացնել, մեզ հաջողվեց կասեցնել նրանց առաջխաղացումը, բայց քանի որ ուժերն անհամաչափ էին, ստիպված նահանջեցինք: Հաջորդ օրը կյանքիս ամենասարսափելի օրն էր. եղավ այն, ինչից ամենաշատն էի վախենում:

Ընկերոջս կորցրի հենց իմ գրկի մեջ

Այդ պահին մտածում էի՝ ինչ կարող եմ անել նրա համար, ինչ կարող եմ անել, որ նա կյանք վերադառնա: Անզորության գիտակցումն ամենացավոտն էր: Հետո երեք կողմից մենք շրջափակման մեջ ընկանք: Երբ բարձրացա տանկի վրա, որ սկսեմ կրակել, այդ ժամանակ էլ դիպուկահարի արձակած փամփուշտը դիպավ ինձ:

Ողջ եմ, փրկե՜ք ինձ

Վիրավորվելուց հետո ոտքերս միանգամից թուլացան, ընկերներս կարողացան հանել ինձ տանկի միջից: Այդ ժամանակ ընդհանրապես չէի շնչում, զարկերակիս աշխատանքն էլ լսելի չէր: Մեր բուժակը մոտեցավ, ինձ հարցեր տվեց, որոնց չէի կարողանում պատասխանել: Նա էլ ասաց՝ ուշ է արդեն, տեղափոխեք մահացածների հետ: Նրան ընդհանրապես չեմ մեղադրում, հասկանում եմ: Այդ ընթացքում ես միայն աղոթում էի: Ինքս էլ չգիտեմ՝ ինչպես, բայց անդադար աղոթում էի ու ինչ-որ գերբնական ուժով կարողացա գոռալ՝ ողջ եմ, փրկե՜ք ինձ: Այլևս ոչինչ չեմ հիշում:

Եթե նորից եմ ծնվել, ուրեմն առաքելություն ունեմ իրագործելու

Աչքերս բացեցի հիվանդանոցում: Ինձ Ստեփանակերտից ուղղաթիռով տեղափոխել էին Երևան: Վիճակս շատ ծանր է եղել: Դիպուկահարի արձակած փամփուշտը դիպել է թոքիս, ձախ կողիս և ողնաշարիս, ինչի պատճառով էլ ոտքերիս հետ կապը խզվել է: Ինձ որպես անհայտ կորած զինվորի էին բերել, անուն-ազգանունս չէին նշել: Քույրս հիվանդանոցում բուժքույր է աշխատում, հենց նա էլ տեսել ու ճանաչել է ինձ: Միանգամից պոկել է անհայտ կորածի պիտակն ու անուն-ազգանունս գրել: Հրաշքով եմ փրկվել և ինչպես ասում եմ՝ ստացել եմ երկրորդ կյանք, երկրորդ առաքելություն իրագործելու հնարավորություն:

Երեք բառ, որ ստիպեցին ինձ շարունակել պայքարել ու ապրել

Երբ վերակենդանացման բաժանմունքում էի, մայրս մոտեցավ ինձ, համբուրեց ճակատս ու ժպտաց: Նա անվերջ նայում էր ինձ: Երբ ես ասացի, որ ոտքերս չեմ զգում՝ չիմանալով, որ նա դեռ ոչինչ չգիտի, մայրս զսպեց իրեն, որ ես վատ չզգամ, ու ասաց. «Ոչինչ, կզգանք, չմտածես»։

Կրթվել, ստեղծել ու պայքարել

Պատերազմն անիմաստ խաղ է, որտեղ տուժում են անմեղները: Ամեն ինչ խաղ է, որի կազմակերպիչները հետևում են, իսկ նրանք, ովքեր չգիտեն այդ խաղի կանոնները կամ դեմ են դրանց, տուժում են: Շատերն այս կռվում ամենաթանկը՝ իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության համար, բայց տպավորություն է, թե հասարակությունը շատ շուտ մոռացավ այդ ամենը: Այն, ինչ արել են տղերքը 44-օրյա պատերազմի ժամանակ, երբեք չպետք է մոռացվի: Ես շատ եմ վիրավորվում զոհված տղաների փոխարեն:

Պատերազմից հետո ավելի եմ համոզվել, որ սա ոչ թե զինվորի պարտությունն էր, այլ դիվանագիտության: Այժմ ինչքան ներուժ, ինչքան հնարավորություն ունենք, պիտի միավորենք ու զարգացնենք մեր դիվանագիտությունը: Պիտի այնպիսի կապեր, այնպիսի հարաբերություններ հաստատենք, որ այլևս նման հարձակումներ չլինեն մեր երկրի վրա: Կարծում եմ՝ հիմա ամենակարևորը գաղափարախոսության շուրջը համախմբվելն է և դրանով առաջնորդվելը: Ես կառաջարկեի կրթվել, ստեղծել ու պայքարել կարգախոսը:

Որոշեցի, որ պետք է շարունակեմ ուսումս, երբ դեռ հիվանդանոցում պառկած էի

Այս հարցում ինձ շատ օգնել է մեր համալսարանի արաբերենի մասնագետ Լիլյա Հարությունյանը: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էի, որ ցանկանում եմ արաբերեն սովորել: Նա ինձ արաբերենի դասագիրք էր ուղարկել ու իր հեռախոսահամարը գրել: Երբ զանգեցի՝ շնորհակալություն հայտնելու, ասաց, որ պատրաստ է պարապել ինձ հետ, ես էլ միանգամից համաձայնեցի: Պարապմունքների ընթացքում ցանկություն առաջացավ արաբական որևէ երկրում առաքելություն իրականացնելու ու ներկայացնելու իմ երկրի շահերը: Հենց նրա շնորհիվ գիտակցեցի, որ ուզում եմ շարունակել ուսումս:

Բացի դրանից՝ կուրսընկերս՝ Վահե Մկրտչյանը, որի հետ շատ մտերիմ եմ (ես նրա մասին միշտ ներկայով եմ խոսելու), միշտ ինձ հետ է, թեկուզ ֆիզիկապես հիմա երկնքում է: Պատերազմից հետո էլ, երբ եկա ֆակուլտետ, անընդհատ նրան էի փնտրում, սպասում, որ հիմա որևէ լսարանից դուրս կգա: Մենք միասին շատ ծրագրեր ու նպատակներ էինք կազմել, որոնց իրագործման համար նույնպես որոշեցի վերադառնալ:

Երբ որոշում կայացրի վերադառնալ, երևի իմ բախտից, դասերը հեռավար էին անցկացվում, ու ես կարողացա հիվանդանոցից մասնակցել դրանց, հանձնել քննությունները: Սկզբում շատ բարդ էր ինձ համար՝ նոր կուրս, նոր դասախոսներ, նոր կարգավիճակ, բայց բոլորն օգնեցին ինձ:

Պիտի հարգենք իրար, չչարանանք ու չվիրավորենք միմյանց

Ես ուզում եմ, որ ամեն ինչ լինի՝ ըստ կարգի, որ իմ գնահատականները ես վաստակեմ, չեմ ուզում, որ խղճան ինձ: «Զինվորի տան» աջակցությամբ համալսարանում թեքահարթակներ ենք տեղադրել: Ուզում եմ, որ բոլոր համալսարաններում դրանք տեղադրենք, որովհետև մինչև այսպիսի կարգավիճակ ձեռք բերելը երբեք չեմ մտածել, որ անվասայլակով տեղաշարժվող մարդիկ կցանկանան սովորել, կինո կամ սրճարան գնալ, տաքսի նստել: Պիտի հարգենք ու հնարավորություններ ստեղծենք միմյանց համար: Պիտի չչարանանք ու չվիրավորենք իրար:

Հրաշքներն ամենուր են, պետք է նկատել ու արժևորել դրանք

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում պարապմունքների շնորհիվ փորձում եմ վերականգնվել: Հիմա կոնքերի շնորհիվ փորձում եմ քայլել: Ձախ ոտքումս ակտիվություն կա: Հրաշքներին առաջ չէի հավատում, բայց այն, ինչ ես տեսա մի քանի օրվա մեջ, ու այն, ինչ հիմա եմ տեսնում, հավատում եմ: Հրաշքներ կան, եթե հավատում ես: Հրաշքը յուրաքանչյուրիս հետ ամեն օր կատարվում է, պարզապես չենք գնահատում, գուցե չենք նկատում: Նախքան այս կարգավիճակում հայտնվելը չգիտեի, թե ինչ է չքայլելը, չէի մտածել երբևէ, թե ինչ կանեմ, եթե մի օր չքայլեմ: Դրա համար պետք է արժևորել ամեն օրը, ամեն քայլը:

Ամեն ինչ կախված է ցանկությունից

Երբեմն ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ չեմ կարողանում անել. վազել, բայց սարքերի միջոցով վազում եմ, չեմ կարողանում քայլել, բայց հենակներով քայլում եմ, պարել, բայց պարի պարապմունքների եմ գնում: Այսինքն՝ ամեն ինչ կախված է ցանկությունից: Երազանքս հիմա մեկն է, որ խաղաղ լինենք: Ոչ միայն երկիրը խաղաղ լինի, այլև մենք ինքներս: Մնացածն արդեն նպատակներ են, որոնց իրագործման հետևից անպայման կգնամ:

Քնար Միսակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter