HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նիստի շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրքություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Փոխվարչապետները հանդես են եկել նիստը ամփոփող ելույթներով և նիստի արդյունքում ստորագրել են արձանագրություն։

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում, ողջունելով միջկառավարական նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ չնայած կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումներին, ինչպես նաև պատերազմի բոլոր ցնցումներին ու տնտեսական հետևանքներին, երկու երկրներին հաջողվել է պահպանել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը։ Մհեր Գրիգորյանը նշել է, որ կայացած նիստի արդյունքում հաջողվել է հերթական անգամ խթանել երկու երկրների հարաբերությունների զարգացումը և բացահայտել հայ-ռուսական համագործակցության բոլոր հեռանկարային ուղղությունները։

Ելույթում ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ 2022 թվականին երկու երկրները նշելու են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այս համատեքստում փոխվարչապետը վստահեցրել է, որ հայկական կողմը առավելագույն ջանքեր կգործադրի միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն ունեն համընդգրկուն բնույթ և ներառում են միջպետական հարաբերությունների՝ առանց բացառության բոլոր ոլորտները։

Նիստի շրջանակներում ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ 2022-2027 թվականների ծրագիրը, 2022-2023 թվականների համար շրջակա միջավայրի պահպանության ոլորտի համագործակցության ծրագիրը և 2022-2023 թվականներին սպորտի ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ սպորտի նախարարության միջև փոխըմռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter