HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը էականորեն կբարձրանա. Ժաննա Անդրեասյան

Նախադպրոցական կրթությունն առավել հասանելի դարձնելու վերաբերյալ այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ մինչեւ Կառավարության հնգամյա ծրագրի ավարտը նախատեսվում է մանկապարտեզային տարիքի երեխաների 85%-ին ընդգրկել նախադպրոցական ծառայություններում։

Փոխնախարարի խոսքով՝ Կառավարությունը հաստատել է 20 բնակավայր, որտեղ կկառուցվի մոդուլային մանկապարտեզ, իսկ այն բնակավայրերում, որտեղ երեխաների թիվը փոքր է, ներդնել այլընտրանքային ծրագրեր։

2022թ.-ի սեպտեմբերի 1-ից կֆինանսավորվի կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը, ավելի քան 1600 երեխա կդառնան ծրագրի շահառու։

Այս տարի առաջին անգամ հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը, եւ Անդրեասյանի խոսքով՝ դրանից հետո մշակվել են նախադպրոցական կրթական ծրագրերը։ Երեւանի եւ մարզերի 60 հաստատությունում այդ ծրագրերը փորձարկվելու են։ Սահմանվել է նաեւ նախադպրոցական հաստատություն ընդունելության կարգը։ Փոխնախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվել ներառականության ուղղությամբ, մինչեւ 2023թ.-ը բոլոր հաստատություններն անցնելու են համընդհանուր ներառման, արդեն իսկ իրականացվել է վերապատրաստում, գործիքակազմի ներդրում։

«Հաստատվել է նաեւ նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման պահանջը, որը նշանակում է, որ տարաբնույթ զարգացման կենտրոնները, որոնք գտնվում էին որեւէ կառույցի վերահսկողությունից դուրս, պետք է լիցենզավորվեն»,- նշեց Անդրեասյանը։

Անդրադառնալով հանրակրթության ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ հնգամյա ժամկետում բոլոր դպրոցները պետք է ապահովվեն լաբորատոր սարքավորումներով, ընթացքում է Տավուշի մարզում 80 դպրոցի լաբորատորիաների ներդրումը՝ չափորոշիչների ներդրմանն ընդառաջ։ Կապան համայնքում կստեղծվի 14 ինժեներական լաբորատորիա։

Ուսուցիչների կամավոր ատեստավորմանն անդրադառնալով՝ ասաց, որ այդ գործընթացը շարունակական կլինի։ Իսկ պարտադիր ատեստավորման շրջանակներում հաջորդ տարի կատեստավորվի 14 հազար ուսուցիչ։

Անդրեասյանն ասաց, որ կամավոր ատեստավորման գործընթացը կփոխվի, բարձրացված խնդիրները հաշվի կառնվեն, հաջորդ տարի ատեստավորման գործընթացը կլինի թվայնացված, կանցկացվի ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, հաշվի կառնվի նաեւ ուսուցիչներին թեստի ընթացքում տրամադրվող ժամանակը։

Այն հարցին՝ ինչպես են լրացնելու ուսուցիչների պակասը, փոխնախարարն ասաց, որ աշխատավարձի բարձացումը, հավելավճարներն աշխատանքի գրավչությունը կբարձրացնեն։ Նրա խոսքով՝ նախատեսվում է բարձրացնել կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը. «Խոսքը ոչ թե 10-20 հազար դրամ դրույքաչափի փոփոխության մասին է, այլ մենք նախատեսում ենք ունենալ էական բարձրացում, օրինակ՝ նվազագույն դրույքաչափը 108.800 դրամ է, հասցնել մինչեւ 200 հազար դրամ, որի նկատմամբ նոր կկիրառվի հավելավճար, քանի որ մենք այս պահին ունենք հնարավորություն կամավոր ատեստավորման եւ տարակարգի միջոցով կրկնապատկել աշխատավարձը, նշանակում է, որ մաքսիմալ աշխատավարձի չափը կարող է դառնալ մինչեւ 400 հազար դրամ»,- նշեց Անդրեասյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter