
2022-ից՝ ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ամսական 50 000 դրամ աջակցություն կտրվի
2022 թ.-ից ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար Կառավարությունը ամսական 50 000 դրամ կտրամադրի։ Դրամական աջակցությունը կտրվի երեխայի մինչև 6 տարին լրանալը։ Որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 23-ի նիստում։
Կառավարության որոշումը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների վրա եւ ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ այս նպաստը չի ազդում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վրա։
«Այս վճարումը ազդում է աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա, այսինքն՝ եթե ընտանիքը «Փարոս» համակարգում ընդգրկվել է, բայց հանկարծ այս վճարումների բերումով այդ չափանիշներից դուրս է մնում, այդ դեպքում ազդում է դրա վրա, այսինքն՝ մարդը նպաստից զրկվում է։ Մնացած դեպքերում որևէ այլ լրացուցիչ նպաստի վրա չի ազդում»,- ասաց վարչապետը։
Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 և ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը։
«Հաշվի առնելով 3 և ավելի երեխաների թվի՝ վերջին 5 տարիների տարեկան միջին աճի տեմպը՝ մոտ 5% և ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող հավելյալ տարեկան 3% աճը, կանխատեսվում է, որ 3 և ավելի երեխաների թիվը 2020թ. 10 131-ի դիմաց կավելանա տարեկան 8.14%-ով՝ կազմելով 2022թ․՝ 10 956, 2023թ․՝ 11 844, 2024թ․՝ 12 804, 2025թ․՝ 13 848 և 2025թ․՝ 14 976»,- ասված է հիմնավորման մեջ։
Դրամական աջակցությունը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով։
Մեկնաբանել