
Փարաքարում հայտարարում են, որ ընտրվել է 2 համայնքապետ․ ոստիկանները նրանցից մեկին թույլ չէին տալիս համայնքապետարան մտնել
Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո փաստացի երկու համայնքապետ ունի՝ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանը և «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը: Այսօր Վոլոդյա Գրիգորյանը մշակույթի տան բակում կազմակերպված երդմնակալության արարողությունից հետո ավագանու իր թիմակից անդամների հետ ցանկացել է մտնել համայնքապետարան: Մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարողացել ներս մտնել, քանի որ իրենց դիմավորել է ոստիկանների մեծ խումբը՝ արգելելով ներս մտնել:
Խոշորացված համայնքի բնակիչները հավաքվել էին Փարաքարի համայնքապետարանի դիմաց՝ պահանջելով թույլ տալ Վոլոդյա Գրիգորյանին ներս մտնել և ստանձնել համայնքապետի պարտականությունները: Մի քանի շարքով համայնքապետարանի շենքը շրջափակել էին ոստիկանները:
Խնդիրն այն է, որ դեկտեմբերի 20-ին ավագանու անդամները նիստ են հրավիրել, և 21 անդամից 10-ը համայնքի ղեկավար է ընտրել Վոլոդյա Գրիգորյանին: Նույն օրը նիստ են հրավիրել նաև ավագանու մնացած 11 անդամները, որոնք ներկայացնում են «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և համայնքի ղեկավար ընտրել Դավիթ Մինասյանին:
Երկու կողմում էլ հայտարարում են, թե իրենց թեկնածուն է ընտրվել։ Փաստացի ստացվելում է, որ համայնքն ունի երկու համայնքապետ:
Այսօր երդմնակալության արարողություն պետք է իրականացներ նաև Դավիթ Մինասյանը, որը, սակայն, հայտարարել է, թե լարվածություն չհրահրելու նպատակով ձեռնպահ է մնացել:
Նշենք, որ ընտրությունների արդյունքներով 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 6 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը և 5 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ևս Փարաքարի համայնքապետարանի դիմաց էր: Նա հայտարարեց, որ համայնքում լինելու է համերաշխություն: Մարդիկ իրար հետ ապրելու են, աշխատելու են, և ի տարբերություն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ իրենք սևերի ու սպիտակների չեն բաժանելու մարդկանց:
«Մենք անելու ենք ամեն բան, որ ժողովրդի մեջ ատելությունը, փոխադարձ հայհոյախառն հռետորաբանությունն ավարտվի, վերջ դրվի, միասին աշխատեն: Ավագանիում ներկայացված է երեք ուժ, մենք պատրաստ ենք համագործակցել և համերաշխության մթնոլորտում աշխատել բոլորի հետ: Բայց դրա համար առաջին հերթին պետք է պահպանվեն և հարգվեն ավագանու և ընտրված համայնքապետի իրավունքները»,-ասաց Մանե Թանդիլյանը:
Կուսակցության ղեկավարի կարծիքով՝ այսօր ոստիկանությունը կատարել է ապօրինի գործողություն՝ զավթելով համայնքապետարանը, և այդ գործողությունը պետք է արժանանա իրավապահ մարմինների գնահատականին: Մանե Թանդիլյանը հիշեցրեց դատարանները շրջափակելու վարչապետի հայտնի կոչը՝ նշելով, որ սա էլ համայնքապետարանի բռնազավթում է:
«Ի վերջո, դառնալո՞ւ ենք իրավական պետություն, թե՞ դա միայն հռետորաբանություն և կենաց է»,- նշեց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ որևէ մեկը թող չմտածի, թե կարող է իր իշխանությունը չարաշահել և պարտադրել, ապօրինի հրահանգներ տալ:
Նրա խոսքով՝ նմանատիպ գործողությունները վկայում են իշխանությունն ամեն գնով պահելու և նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմիններում իշխանության չնչին փոփոխությունը մարսել չկարողանալու մասին:
«Հատկապես «Ապրելու երկիր» կուսակցության մասին եմ ուզում նշել, որ այլ մրցակից իրենք չեն տեսնում, և դա պարզ է: Չեն կարողանալու շրջվել ու մեզ ասել՝ թալանչիներ, կապիտուլյանտներ, կոռուպցիոներներ, հետևաբար ուժ ենք ներկայացնում: Այս համայնքում 6 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրել է 5 հոգանոց մանդատ ունեցող «Դավիթ Մինասյան» դաշինքին: Այստեղ կենտրոնական իշխանությունը չունի իշխանություն և պետք է հաշտվի այդ մտքի հետ, ամեն համայնքում իշխանություն չունենալու մտքի հետ: Չի կարելի ուզուրպացնել իշխանությունը, եթե չասեմ այլ բառեր: Հետևաբար, հորդորում եմ երկրի համար այս ծանր իրավիճակում հասարակությանը չտանել լարվածության»,-հավելեց Մանե Թանդիլյանը:
Ոստիկանության հետ բանակցություններից հետո Վոլոդյա Գրիգորյանի և ավագանու անդամների համար բացվեցին համայնքապետարանի դռները, վերջիններս ներս մտան:
Մեկնաբանել