HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ըստ Արամ Վարդևանյանի՝ ՊՇՌ թեստի համար պետք է վճարի պետությունը, ոչ թե գործատուն

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է որոշում, որով Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը, համաձայն որի՝ աշխատողն իր հաշվին պետք է հանձնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստը: Բարձր դատարանն արձանագրել է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների (աշխատողների) շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից: Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով աշխատողներն այլևս իրենց հաշվին թեստ չեն հանձնի:

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» դիմումը Սահմանադրական դատարան էին ներկայացրել Ազգային  ժողովի ընդդիմադիր պատգամավորները:

Վերջիններս պնդում էին, որ պետության պարտականությունը չի կարող մարդկանց վրա դրվել, մարդիկ իրենց հաշվին չպետք է թեստ հանձնեն: 

Նշենք, որ ըստ վիճարկվող հրամանի՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեին կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և/ կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Ընդդիմադիրները, հղում կատարելով միջազգային փորձին, ընդունում էին, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում մարդիկ կա՛մ պետք է թեստավորվեն կա՛մ պատվաստվեն, բայց այդ նույն միջազգային փորձը նաև ասում է, որ այդ պարտականությունը չպետք է լինի մարդու միջոցների հաշվին, որովհետև մարդու միջոցների հաշվին պատվաստումը դասական իմաստով վերածվում է հարկադիր պատվաստման գործընթացի:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում:

«Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Ստեղծված իրավիճակն ու նախարարության հայտարարությունը Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերի միջոցով մեկնաբանեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումից հետո առաջին հարցը, որ կարող է առաջանալ, այն է, թե ստեղծված իրավիճակում, երբ այլևս ՊՇՌ թեստը աշխատողի հաշվին չի կարող իրականացվել, ո՞ւմ հաշվին պետք է իրականացվի՝ պետությա՞ն, թե՞ գործատուի: Արամ Վարդևանյանի պատասխանն այս հարցում միանշանակ է. թեստավորումը պետք է կատարվի պետության հաշվին:

«Այստեղ իմ կարծիքը միանշանակ այն է, որ այդ պարտականությունը պետք է դրվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների վրա: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ունի բավարար հնարավորթյուններ և միջոցներ,  և թող ոչ ոք հակառակը չփորձի հանրությանը ներկայացնել: Պետական միջողներն առավել, քան բավարար են, հետևաբար այս պարտականությունը այլ հասցեատիրող վրա դնելն ուղղակի աբսուրդային իրավիճակ է առաջացնելու»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ առողջապահության նախարարի հրամանի՝ ՊՇՌ թեստը քաղաքացու հաշվին իրականացնելու վերաբերյալ բառակապացկությունը, ի թիվս Սահմանադրության այլ հոդվածների, հակասող է ճանաչվել նաև Սահմանադրության ամենապարզ հոդվածին՝ 39-ին: Այս հոդվածը սահմանում է, որ անձի վրա չեն կարող դրվել պարտականություններ, որոնք օրենքով սահմանված չեն: Վարդևանյանը դիրքորոշում ունի, այս այս պարզ դրությունը այլ կերպ մեկնաբանելու կամ չընբռնելու համար պետք է քաղաքական պատասխանատվություն լինի:

«Իսկ ի՞նչ է պետք անել այն հարյուր հազարավոր քաղաքացիների դեպքում, որոնք սուղ միջոցների պայմաններում ՊՇՌ հետազոտություններ են անցնել:  Ես գիտեմ մարդկանց, որոնք այդ պատճառով լրջագույն դժվարություններ են ունեցել, հիմա առողջապահության նախարարությունն ինչպե՞ս է նայելու այդ մարդկանց աչքերի մեջ: Ի վերջո Հայաստանի Հանրապետությունում պետք է ձևավորվի քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, և դրա ձևավորման ճանապարհներից մեկը հենց այն է, որ երբ Սահմանադրական դատարանն ակնհայտ հարցերում գնահատական է տալիս ու Սահմանադրությանը հակասող և անվավեր  ճանաչում ինչ-որ գործողություն, դրույթ կամ այդ դրույթի հեղինակի վարքագիծ, դա պետք է ունենա հետևանք: Դրա հետևանքը չպետք է լինի էմցիոնալ բնույթի հայտարարությունը, ինչպես  մենք տեսանք օրեր առաջ Դատախազության կողմից՝ ամիսներ շարունակ երեք պատգամավորի կալանավորած պահելու պայմաններում. հիմա էլ տեսնում ենք Առողջապահության նախարարության կողմից»,- ասաց Վարդևանյանը:

Պատգամավորը նաև հարց է բարձրանում՝ արդյոք Կառավարությունը քաղաքացիներին վերադարձնելո՞ւ է այն ողջ գումարը, որը ծախսել են՝ ՊՇՌ թեստավորման վրա:

Նշենք, որ Սահմանադրական դատարանը դեռևս որոշման միայն եզրափակիչ մասն է հրապարակել, ամբողջական որոշումը կհրապարավի եռօրյա ժամկետում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter