HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարիա Զախարովա. ««3+3» ձևաչափին Վրաստանի համար մասնակցության դուռը միշտ բաց է մնում»

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակի մասնակիցները (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հետաքրքրված են Վրաստանի մասնակցությամբ, Թբիլիսիի համար ձևաչափին միանալու դուռը միշտ բաց է մնում։ Այդ մասին ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Վրաստանի մասնակցության հարցին և դրա շուրջ առկա պոլեմիկային, դեկտեմբերի 10-ին հարթակի առաջին նիստի ժամանակ, ինչպես գիտեք, բոլոր երկրները, ներառյալ Ռուսաստանը, միաձայն իրենց հետաքրքրությունն են արտահայտել այդ ձևաչափում Թբիլիսիի մասնակցության մասով, միակարծիք եղել այն հարցում, որ Վրաստանի համար դուռը միշտ բաց է մնում»,- նշել է Զախարովան։

Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ այն հայտարարությունը, որ հաջորդ նիստը կկայանա Անկարայում, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ միայն այդ երկիրը չէ, որ պատրաստակամություն է հայտնել ընդունելու հերթական խորհրդակցությունները։ «Դա, իմ կարծիքով, խոսում է այն մասին, որ այդ ձևաչափի բոլոր մասնակիցների շահագրգռվածությունը՝ շարունակել համատեղ աշխատանքը և հաստատել գործնական փոխգործակցություն, շատ բարձր է։ Իսկ ահա հաջորդ հանդիպման անցկացման վայրի և բովանդակային լրացման համաձայնեցումը տեղի է ունենում արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով՝ բոլոր մասնակիցների կոնսենսուսի հիման վրա։ Մենք ելնում ենք նրանից, որ առաջին հերթին կարևոր է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք ունեն ընդհանուր հետաքրքրություն։ Դրանց թվում են առևտրա-տնտեսական, տրանսպորտային, հումանիտար-մշակութային կապերի զարգացումը, ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարը»,- ընդգծել է Զախարովան։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնությամբ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Պաշտոնական Թբիլիսին էլ հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter