HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտական նախագծեր, երիտասարդ մասնագետների պատրաստում. ստորագրվել է ԱԻՆ-ԳԱԱ փոխըմբռնման հուշագիր

Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի և Գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի միջև դեկտեմբերի 24-ին ստորագրվել է «Գիտատեխնիկական համագործակցության և երիտասարդ մասնագետների պատրաստման մասին»  փոխըմբռնման հուշագիր: 

Ըստ ԱԻ նախարարության տարածած հաղորդագրության՝ կողմերը համագործակցելու են երկրի մասին գիտությունների բնագավառում համատեղ գիտատեխնիկական աշխատանքների, երիտասարդ մասնագետների պատրաստման, գիտագործնական նախագծերի կատարման և գիտատեխնիկական գիտելիքների  փոխանակման ձևաչափով, համատեղ ստեղծվելու և մշտապես արդիականացվելու են տվյալների բազաներ, մոնիթորինգային ցանցեր, կառավարությանը ներկայացվելու են համատեղ ծրագրեր, աղետների ժամանակ փոխանակվելու են անհրաժեշտ տվյալներով: Հուշագիրը սահմանում է  մի շարք այլ պարտավորություններ ևս:

Փաստաթուղթը վավերացրել են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը և ԳԱԱ Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը:

Արարողությանը մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը, ինչպես նաև երկու կառույցների մի շարք ներկայացուցիչներ: 

Արմեն Փամբուխչյանը կարևորելով հուշագրի ստորագրումը՝ ընդգծել է, որ երկրի տնտեսության վրա բնական և մարդածին աղետների ազդեցության հետևանքների վերացման ծախսերը հաճախ ավելի մեծ են, քան դրանց կանխարգելման կամ նվազեցման ծախսերը:

«Ներկայումս գոյություն ունեցող տեխնոլոգիաները, արբանյակային դիտարկումների առկա հնարավորությունները, բնական աղետների կանխատեսման համար մշակված մոդելները հնարավորություն են տալիս կանխարգելել մարդկային և տնտեսական կորուստները»,- ասել է ԱԻ նախարարի առաջին տեղակալը:

Իր հերթին Լևոն Թավադյանը նշել է, որ իրենց գործունեության ամենակարևոր հարցը սեյսմիկ պաշտպանությունն է:

«Սեյսմիկ պաշտպանության և ռիսկերի նվազեցման գործում կարևոր է համախմբումը: Անհրաժեշտ է ռեսուրսների համատեղ կառավարում, տեղեկատվության ժամանակին ստացում, համապատասխան քարտեզների շտկում կամ նորերի կազմում: Վստահ եմ, հուշագիրն էլ ավելի կուժեղացնի մեր համագործակցությունը»,-ասել է ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը: 

Ինչպես տեղեկացնում է ԱԻ նախարարությունը, հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է 5 տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter