
Նարեկ Հարթունյանի գործով վկաները հակասական ցուցմունքներ են տվել
Այսօր Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նարեկ Հարթունյանի գործով դատական նիստը, որի ընթացքում, ինչպես հայտարարվել էր նախորդ դատական նիստում, պետք է հարցաքննվեին առաջին հինգ վկաները:
Ցուցմունք տվեց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության նախկին գանձապահ Աստղիկ Գրիգորյանը: Նա հաստատեց, որ այն ժամանակահատվածում, երբ եղել են չարաշահումներ ընկերությունում, այն փաստացի ղեկավարել է Սեւակ Արզարունին (կամ` Սևակ Արծրունի):
Հաջորդը ցուցմունք տվեց ընկերության նախկին տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը: Վերջինիս ցուցմունքն այնքան հակասական էր, որ անգամ դատախազ Բագրատ Պետրոսյանն ինքը նշեց այդ մասին: Դատախազը մեջբերեց Արտյոմ Մարտիրոսյանի դիմումից հատվածներ, որը չէր համապատասխանում դատարանում նրա կողմից տրված ցուցմունքին: Հիշեցնենք, որ հենց այս դիմումի ու ցուցմունքի հիման վրա էլ Նարեկ Հարթունյանին կալանավորելու որոշում էր կայացվել:
Հակասական ցուցմունք տալուց բացի, Ա. Մարտիրոսյանը նաեւ ակնհայտ թշնամանքով էր խոսում Նարեկ Հարթունյանի մասին` վերջինիս անվանելով «ներվային», իսկ նրա գործողությունները` «հիստերիա»: Ակնհայտ էր նաեւ, որ վկան անում էր ամեն ինչ` իրենից ամեն տեսակի կասկածներն ուղղելու դեպի Նարեկը:
«Թեեւ վկան փորձում էր շեղել իրենից սլաքը դեպի Նարեկը, սակայն նա պարզապես չէր կարող չիմանալ այն խախտումների մասին, որոնք ենթադրենք եղել են: Նա անընդհատ շեշտում էր Նարեկի անունը, մինչդեռ նույն խախտումներն արձանագրվել են հենց նրա օրոք:
Ոչ փաստացի, ոչ էլ իրավաբանորեն Նարեկը չի կառավարել ընկերությունը, իրավաբանական կապ չի ունեցել ընկերության հետ: Նա պարզապես զբաղված է եղել «Նարեկացի» արվեստի միության գործերով եւ չի մասնակցել ընկերության աշխատանքներին կամ էլ չի եղել Հայաստանում: Նարեկի` ընկերության հետ ունեցած միակ կապն այն է, որ նա սեփականատիրոջ` Գարաբեդ Հարությունյանի կրտսեր որդին է»,-մեկնաբանելով վկայի ցուցմունքը` ասաց Նարեկ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքերով ստացվում է, որ Նարեկին մեղադրում են այն գործողությունների համար, որի համար միայն ու միայն կարող են մեղադրվել Սեւակ Արզարունին ու Արտյոմ Մարտիրոսյանը:
Ավելացնենք, որ թեեւ բոլոր փաստաթղթերում առկա է հենց Արտյոմ Մարտիրոսյանի ստորագրությունը, սակայն վերջինս հավաստիացնում է, թե չի իմացել` ինչ է ստորագրում: Նրա խոսքերով, նա նույնիսկ իր աշխատավարձի չափը չի իմացել, այսինքն` չի իմացել, թե որքան է նշված իր պայմանագրում:
Սակայն այս փաստն անգամ կասկածներ առաջացրեց, քանի որ իր ցուցմունքի սկզբում վկան նշեց, որ ինքը հիփոթեքային վարկ է վերցրել, իսկ դա անել առանց աշխատավարձի մասին տեղեկանքի գրեթե անհնար է: Ընդ որում` այդ տեղեկանքը պետք է ստորագրած լիներ հենց ինքը` տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը:
Ընդհանուր առմամբ վկա Արտյոմ Մարտիրոսյանը խուճապի մեջ էր, քանի որ պաշտպանական կողմի մանրամասն հարցադրումներից ընկավ ծուղակը և ստիպված էր «թարմացնել» իր հիշողությունը, թե որտեղ ինչ է գրել և ում վերաբերյալ:
Ակնկալվում էր, որ այսօր կհարցաքննվեր նաեւ այս ամենի գլխավոր հեղինակ Սեւակ Արզարունին, սակայն ամբաստանյալներից Արթուր Գալստյանն իրեն վատ զգաց, եւ դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել եւ նշանակել այն մայիսի 7-ին` ժամը 12-ին:
«Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերություն
Մեկնաբանել