HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մեկնարկեց մեկ տարի առաջ Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բախումների գործով քննությունը

«Ոտքերը բռնել ես դու, մորթել է Ավագը, մորթել է Պավլեն, ոտքերը բռնել է Զավենը»,- «Մենք ենք, մեր սարքերը» ֆիլմի հայտնի խոսքերն այսօր «եկել էին դատարան», որտեղ այսօր սկսվեց հունվարի 28-ին Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բախումների գործով առաջին դատական նիստը: Ամբաստանյալները մինչև դատական նիստի մեկնարկը ֆիլմի հայտնի խոսքերն էին ասում ու ծիծաղում՝ իրենց առաջադրված մեղադրանքի անհիմն լինելու հանգամանքն ի ցույց դնելով:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք։

Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնք հետո ազատ են արձակվել: Բերման ենթարկվածների մեջ են եղել Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը։ Վերջիններիս մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել, նրանք մեղադրանքը չեն ընդունել: Շուրջ 10 ամիս քննությունից հետո գործով անցնող անձանց մեղադրանքը խստացվել է, և գործը դատարան է ուղարկվել իշխանության յուրացման փորձ կատարելու հոդվածով: Ամբաստանյալներն այս մեղադրանքը ևս չեն ընդունում:

Գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Մեսրոպ Մակյանին, ով ինքնաբացարկ է հայտնել այն պատճառաբանությամբ, որ մեղադրյալիներից Արշակ Զաքարյանի շահերը պաշտպանում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Դատավորը Աթանեսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի, վերջինիս որդու կնքահայրն է, և նման պայմաններում ինքնաբացարկ է հայտնել: Գործը վերամակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին:

Այսօրվա դատական նիստին Վահագն Չախալյանը չէր ներկայացել: Նրա պաշտպան Միքայել Շխիմյանը դատարանին հայտնեց, որ Չախալյանը ծանուցագիր չի ստացել նիստի օրվա և ժամի վերաբերյալ, Երևանում չի գտնվում ու չէր հասցնի ներկայանալ: Արշակ Զաքարյանը հայտնեց, որ ինքը ևս ծանուցագիր չի ստացել, պարզապես, տեղյալ լինելով, որ նիստ է նշանակված, ներկայացել է: Նման պայմաններում նիստը ենթակա էր հետաձգման: Նշենք, որ գործում որպես տուժող ներգրավված անձինք կան: Նրանցից մեկն այսօր ներկայացել էր դատարան: Իսրայել Հակոբկոխյանը հետաքրքրվեց, թե վերջինս ինչի՞ց է տուժել, և տուժողը պատասխանեց, որ այդ օրը բախումների ժամանակ վնասվածք է ստացել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց երկու ամիս անց՝ 2022 թվականի փետրվարի 25-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter