Վարչական դատարանը մերժել է Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունների անդամների հայցը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտնում է, որ վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մերժել է Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունների անդամների հայցը:
«Վարչական դատարանը գտել է, որ խմբակցությունները համարվում են ստեղծված օրենքի ուժով և միայն այդ մոտեցմամբ անտեսել է իր իսկ կողմից հաստատված այն փաստը, որ Տավրոս Սափեյանի թեկնածությունն առաջադրել է ավագանու անդամ Սերգե Մկրտչյանը:
Նույնիսկ խմբակցությունն օրենքի ուժով ստեղծված համարելու պարագայում, միևնույն է ավագանու անդամների խմբի՝ խմբակցության, կամքի արտահայտությունը պետք է դրսևորվեր որոշակի ձևով: Առնվազն պետք է լիներ խմբակցության գրավոր որոշումը: Վարչական դատարանն այս հարցին չի անդրադարձել:
Ստեղծված իրավիճակում, մանդատների մեծամասնություն չունեցող համայնքում, իշխանությունը, ի հակասումն Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն մոտեցման, որ մեծամասնություն չունեցող անձը չի կարող համայնքի ղեկավար լինել, փորձում է համայնքի ղեկավարին «նշանակել» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
Այս պայմաններում, Թալին համայնքում հետագա բոլոր բացասական զարգացումների պատասխանատուն իշխանությունն է, ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության:
Հիշեցման կարգով տեղեկացնում ենք, որ՝
- Հայք խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարել են օրենքի ուժով՝ հրաժարական ներկայացնելու փաստով (հիմք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մաս).
- Տարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, 7 օրվա ընթացքում փոխարինել Կարեն Գրիգորյանի մանդատը.
- Տավրոս Սափեյանը չի ստանձնել Թալին համայնքի ղեկավարի լիազորությունները, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում, չի երդվել.
- «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ավագանու նիստը հրավիրելու լիազորություն ունի միայն համայնքի համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը, մինչդեռ Տավրոս Սափեյանը համայնքի ղեկավարի լիազորություն չի ստանձնել.
- Թալին համայնքի ավագանու «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» խմբակցության անդամներն օրենքով չնախատեսված անձի կողմից նիստի հրավերի դեպքում, իրավունք ունեն չմասնակցել նիստին.
- Թալին համայնքի ավագանու իրավասությունների մեջ է մտնում նաև՝ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելը, օրենքով սահմանված դեպքերում տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Թալին համայնքի «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» խմբակցությունները հայտարարությամբ հանդես եկան, որում նշված էր, որ խմբակցությունները դատական կարգով բողոքարկելու են համայնքի ղեկավարի ընտրության օրինականությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել