HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չգրանցված դեղեր, որոնց համարժեքը չկա. ի՞նչ անել դրանց ներկրման թույլտվության ավարտից հետո

2020թ. հոկտեմբերի 3-ին Կառավարության որոշմամբ Հայաստանում թույլատրվեց չգրանցված դեղերի ներկրումը, որի նպատակն էր համավարակի պայմաններում բնակչությանն ապահովել անհրաժեշտ դեղորայքով։ Այս որոշմամբ, սակայն, Հայաստան ներկրվեցին նաև կորոնավիրուսի բուժման հետ կապ չունեցող դեղեր։ 2021թ. դեկտեմբերի 31-ը չգրանցված դեղեր ներկրելու վերջնաժամկետն է։

Առողջապահության նախարարությունից ասում են, որ դրա կարիքն այլևս չկա, քանի որ այդ որոշմամբ տարաբնույթ վտանգավոր, չգրանցված դեղեր կարող են ներկրվել, և գործընթացը դառնա անվերահսկելի։

Դեղ ներկրողներն, ընդհակառակը, պնդում են, որ դրանից դեղերի շուկան միայն շահել է, և այդ որոշումը թույլ է տվել կարևոր, կենսական նշանակություն ունեցող չգրանցված դեղեր բերել, որոնց համարժեքը Հայաստանում չկար։ Արգելելով այդ դեղերի վաճառքը՝ ի՞նչ է առաջարկում պետությունը մարդկանց, և ի՞նչ են անելու դեղ ներկրողները։

 

Հայաստանում շրջանառվող դեղերի միայն 8%-ն է արտադրվում տեղում, մնացած 92%-ը ներկրվում է այլ երկրներից։ 

2020թ. հոկտեմբերի 3-ի Կառավարության N1632-Ն որոշումից հետո («Ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը և ցանկերը հաստատելու մասին») Հայաստան է բերվել ավելի քանի 2000 անուն չգրանցված դեղորայք։ Սակայն դրանք ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաև այլ հիվանդությունների դեղեր էին։

Ըստ դեղ ներկրողների՝ այդ որոշումից դեղերի շուկան միայն շահել է՝ վերացել էր շուկայի կենտրոնացվածությունը, դեղերի գինը մի քանի անգամ նվազել է, իսկ տեսականին՝ շատացել։ 

Որոշման ժամկետի սահմանափակումը կրկին հանգեցնելու է որոշ դեղերի դեֆիցիտի եւ գների թանկացման։ Ներկրողները քանիցս հանդիպել են վարչապետի, փոխվարչապետերի, առողջապահության վերջին երկու նախարարների հետ, առաջարկներ ու նախագծեր ներկայացրել, բացատրել, որ այս որոշումը պետք է գործի անժամկետ, քանի որ, ըստ ներկրողների, կորոնավիրուսի համավարակն արտակարգ իրավիճակ է, և դեղերի կարիք դեռևս լինելու է։

Մենք զրուցել ենք Հայաստանում դեղերի խոշոր ներկրողներից մեկի՝ «Վագա Ֆարմ» ընկերության հիմնադիր տնօրեն Վահե Վարսանյանի հետ:  Նա ներկայացրել է Կառավարության որոշման առավելությունները պետության համար, և թե ինչ կլինի դրա կասեցումից հետո։ 

N1 Ներկրվում են համարժեքը չունեցող, կենսական նշանակության դեղեր

Կառավարության որոշմամբ՝ Հայաստան բերվեցին կենսական նշանակություն ունեցող այնպիսի դեղեր, որոնց համարժեքը շուկայում չկար (օրինակ՝ տարբեր  հակաբիոտիկներ, «Նատրոպարին», «Էնոքսապարին», արյունը ջրիկացնող դեղեր, նեյրոլեպտիկ դեղեր, քաղկեցի բուժման համար անհրաժեշտ դեղեր և այլն, որոնք մատակարարվում են նաև մի շարք բուժհաստատությունների)։  Սա է փաստում դեղերի խոշոր ներկրող «Վագա-Ֆարմ» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահե Վարսանյանը։

Վարսանյանն ասում է, որ պետական գրեթե բոլոր բժշկական կենտրոնները գնումներ կատարելու պահանջագրերում որպես հրատապ և առաջին անհրաժեշտության ապրանք նշում են հենց չգրանցված դեղերը։ 

«Շատ հրատապ դեղեր էին, մեծ մասն էլ կապ չուներ նույնիսկ կովիդի հետ, բայց քանի որ շուկան պահանջարկն ուներ, մեր շուկան էլ մեծ դեֆիցիտ ուներ դեղերի, որովհետև շատ դեղեր գրանցված չէին, և շատ դեղեր էլ արհեստական անհամեմատ թանկ էին, քան կողքի շուկաներում»,-ասում է Վարսանյանը։

Ամեն նման՝ չգրանցված դեղ ներկրելիս գներն իջնում են, քանի որ շուկան մրցակցային է դառնում։ Իսկ երբ մի քանիսն են ընդամենը բերում, գները նորից աճում են։ Սա խնդիր է հատկապես Հայաստանում, երբ տարբեր դեղեր ներկրելու և վաճառելու իրավունք ունեին միայն դրա իրավատերերն, իրենք էլ սահմանում էին շուկայի գները։

Վարսանյանի խոսքով՝ շատ կարևոր դեղերի գները նվազել են, քանի որ թույլատրվել է զուգահեռ ներմուծումը (ներկրելու իրավունք են ստացել նաև ոչ իրավատերերը-հեղ.)։ 

«Օրինակ՝ «Սեռվիե» ընկությունը գարնանն ասում էր՝ մի բերեք, կէժանացնենք, հետո, երբ նորից արգելեցին ռազմական դրությունից հետո, «մոռացան» էժանացնելու մասին,-ասում է Վ. Վարսանյանը։- Հետո, երբ «մոռացան», մենք զուգահեռ ներմուծումով բերեցինք, ու գները նվազեցին։ Շատ կարևոր, շաքարախտի դեղեր կան, որ մոտ  2 անգամ գին է իջել»։

Նշենք, որ տարածաշրջանում դեղերի գրանցման ամենաբարդ ու ամենաթանկ պրոցեսը Հայաստանում է։

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում գրանցված է մոտ 14 000 անվանում դեղ, ԵՄ-ում՝ նույնպես, Վրաստանում՝ 11 000  (7500-ը՝ ուղիղ իրավատերերի կողմից, 3500-ը՝ զուգահեռ ներմուծման ընթացակարգով), իսկ Հայաստանում՝ ընդամենը 3800 դեղ։ 

N2 Նվազել է դեղերի շուկայի կենտրոնացվածությունը, գներն ընկել են 

Չգրանցված դեղերի ներկրումը հանգեցրել է դեղերի շուկայում գների զգալի նվազման՝ մոտ 5 անգամ։ Որպես օրինակ Վարսանյանը նշում է նեյրոլեպտիկ դեղերը, որոնք նախկինում 12 000 դրամ էին, իսկ իրենք բերել են 1700 դրամով, նաև քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ որոշ դեղեր։ Կամ՝ «Արիֆոն» դեղը, որի գինը նվազել է 2,1 անգամ, «Diabeton»-ինը՝ 2,44 անգամ։

Նախկինում դեղերի 60%-ը բաժին էր հասնում 3 կազմակերպության, իսկ զուգահեռ ներմուծման շնորհիվ նվազել է շուկայի կենտրոնացվածությունը, քանի որ եթե մինչև վերոնշյալ որոշումը ներմուծողները 5-6-ն էին, ապա 1,5 տարվա ընթացքում նրանց թիվը հասել է 15-ի։ Գների նվազումը շուկայի ապակենտրոնացման և մրցակցության հետեւանք է։ 

Շատ հաճախ դեղերը բերվել են նաև անմիջապես արտադրողից, ինչը շատ ավելի մատչելի է։ Իսկ այդ գործընթացն անընդհատ է, արտադրողն ինքն է իջեցնում գները։

Վարսանյանը պատմում է, որ եղել են դեպքեր, երբ իրենք ավելի ցածր գին են առաջարկել կոնկրետ դեղերի համար, սակայն Առողջապահության նախարարությունից մերժում են ստացել, քանի որ Հայաստանում դեղերի ներկայացուցչություններ կային, որ ներկրում էին այդ դեղը։ Ըստ նրա՝ հստակ երևում էր հովանավորչություն ( օրինակ՝ «Գեդեոն Ռիխտեր»-ի և «Սեռվիե» ընկերության դեղերն այլ արտադրողների չէին թույլատրում բերել)։ Այլ ներկրողներին սահմանափակելու հակափաստարկ, ըստ Վարսանյանի, նախարարությունը չուներ։

«Ասում են՝ մենք ունենք մի քանի հատ դեղ գրանցող, ներկայացուցչություն ունենք, որոնց չենք ուզում նեղացնենք»,-նշում է Վ. Վարսանյանը՝ հավելելով, որ, այս ամենով հանդերձ, զուգահեռ ներմուծման ժամանակ նույնիսկ իրավատերերն էին սկսել գներն իջեցնել։

Ներկայացնում ենք տարբեր դեղերի արժեքն իրավատիրոջից գնելիս (1-ին սյունակ), զուգահեռ ներմուծման ժամանակ (2-րդ սյունակ) և այդ երկուսի գնայի տարբերությունը (3-րդ սյունակ)։ Գինը՝ ՀՀ դրամով։

Վահե Վարսանյանին ԱՆ-ից ասել են՝ գնով թող զբաղվի ՏՄՊՊՀ-ն։ Միևնույն ժամանակ, սակայն, ինչպես արդեն նշվեց, գները գոյանում են շուկայում գործող իրավական կարգավորումների հետեւանքով։

N3 Աճել է դեղերի շրջանառությունը, ավելացել են պետբյուջե վճարվող հարկերը

Չգրանցված դեղերն օրինական ներկրելու արդյունքում 1,5 տարում պետական բյուջե մուտքագրվել է 35% ավելի շահութահարկ։ Մասնավորապես, եթե 2019թ. ներկրվել է 95մլն ԱՄՆ դոլարի դեղ, ապա 2020-ին ներկրվել է 145 մլն ԱՄՆ դոլարի դեղորայք, որի զգալի մասը բաժին է հասել հենց զուգահեռ ներմուծմանը։

«Այսքան դեղերը, որ գալիս են, ԱԱՀ մտնում է, շահութահարկը մտնում է։ Այսինքն՝ բոլոր տեսակետներից՝ պետությունն էլ է շահում, ժողովուրդն էլ է շահում, հիմնարկներն էլ են շահում,-ասում է Վարսանյանը։- Ոլորտն էլ, եթե բրգաձև էր, շատ կետրոնացված էր, իսկ հիմա ապակենտրոն է դարձել, հիմա մոտ մի 20 կազմակերպություն ներմուծում է, պահեստներ են սարքում, աշխատող են բերում, գներ են իջեցնում»,-ասում է Վ. Վարսանյանը։

N4 Չգրանցված դեղերի անվտանգության առումով խնդիր մինչ օրս չի եղել

Ոլորտի մի շարք մասնագետներ մեզ հետ ոչ հրապարակային զրույցներում հայտնում էին, որ այս որոշման վտանգներից մեկն այն է, որ երկիր կարող են ներկրվել անհայտ ծագման դեղեր, որոնք կարող են վնասել մարդկանց առողջությանը։

Վահե Վարսանյանն ասում է, որ այդ մտահոգություններն արդարացված չեն և հավաստիացնում է, որ մինչ օրս անվտանգության խնդիր կամ որևէ դեպք չի եղել. դեղերը բերվում են հայտնի կազմակերպություններից, որոնք ունեն համապատասխան լիզենզիա։ 

Նրա կարծիքով՝  անվտանգության հարցն անընդհատ շահարկվում է, որպեսզի դադարեցնեն մրցակցային և օպտիմալ գներով դեղերի ներկրումը. «Այն ժամանակ դրանով {անվտանգության հարցերով} վախեցնում էին, հետո տեսան՝ չի լինում, ասում են՝ բա մեր ներկայացուցչությունները (խոսքն Առողջապահության նախարարության մասին է-հեղ.), բա այդ մարդիկ դեղ են գրանցել, որ ասում ես՝ երկու-երեք տարի է դրան մնացել (ԵԱՏՄ դեղերի միասնական շուկա է լինելու-հեղ.), ուզում են, ի՞նչ անեն, իրենց երկու դեղի համար, որ լոբբինգ են անում, ու շատ հաջող ստացվում է այդ լոբինգը, իրենք ուզում են 2000 անվանում դեղ, որը շատ կարևոր է, չբերվի։ Ամեն մեկը մի 3-4 հատ դեղ ունի {իրավատերերը }, էդպես գրկել, նստել է, ուզում են թանկությունից օգտվեն՝ թքած ունենալով մնացած ամեն ինչի վրա»։ 

Ըստ Վարսանյանի՝ դեղերի շուկայում 1,5 տարում եղած փոփխությունները միայն դրական են եղել, բժիշկների համար էլ ընտրությունն է մեծացել։

Ի՞նչ է առաջարկում ներկրողը, և ինչպե՞ս է արձագանքում պետությունը

Վահե Վարսանյանը, ծանոթ լինելով ոլորտին և իրավական նորմերին, առաջարկներ է ներկայացրել Կառավարությանը, որով, ըստ նրա, հնարավոր կլինի լուծում տալ չգրանցված դեղերի ներմուծման արգելքին՝ միաժամանակ կարգավորելով ոլորտը։

Առաջարկը, մասնավորապես, հետևյալն է՝ (սեղմ)

Հաշվի առնելով, որ կորոնավիրուսային համավարակը շարունակում է սպառնալ Հայաստանի բնակչության կյանքին և առողջությանը և շարունակում է տարածվել, ինչպես նաև, հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետը լիազորում է Կառավարությանը հաստատել արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման բնակչության պաշտպանության ծրագրերը և վերահսկել դրանց կատարումը, իսկ «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին կետի համաձայն՝ ներմուծման հավաստագրի տրամադրման համար դեղի գրանցված լինելը պարտադիր չէ արտակարգ իրավիրճակների կամ դրանց առաջացման վտանգի առկայության դեպքում, հետևաբար, Կառավարությունը կարող է թույլատրել չգրանցված դեղերի ներմուծումը դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմայի (PIC/S) և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից։ Որոշումն ուժի մեջ կարող է լինել մինչ N1514-Ն որոշմամբ սահմանված կարանտինի ավարտը։

«Օրենսդրությունը գրել են դեղգործակալության մասնագետները, իրենք էլ էնպես են գրել օրենքները, որ իրենց հարմար լինի, դրա համար էլ դեղերի շրջանառության լծակները միշտ եղել են իրենց ձեռքում»,-նշում է Վ. Վարսանյանը։

Այս առաջարկը թե’ բանավոր, թե’ գրավոր ներկայացվել է և’ վարչապետին, և’ փոխվարչապետերին, և’ առոջապահության նախարարին, ներկայացվել է խնդիրը, հետաքրքրվել ենք՝  եթե արգելում են չգրանցված դեղերի ներկրումը, ի՞նչ այլընտրանք են առաջարկում սպառողներին, բուժհաստատություններին, ներկրողներին, սակայն Կառավարությունում բոլոր առաջարկները «լսել են և ընդունել են ի գիտություն»։

«Վագա-Ֆարմն» այժմ շատ մեծ քանակի դեղեր է բերել, մոտ՝ 6-8 ամսվա «պաշար», որ վաճառի։

«Մեր բնակչությանը պետք են դեղեր։ Մարդիկ չեն կարողանում բուժվել և ընկնում են բարեկամներին են խնդրում ուղարկել կամ սպեկուլյատիվ չգրանցված ճանապարհով մի քանի վաճառողներից,-ասում է Վ. Վարսանյանը՝ նշելով, որ երբ արդեն դեղերի դեֆիցիտ է լինում, պատասխանատու պետական օղակները նոր միայն սկսում են մտահգվել։- Այս անհեռատես քաղաքականության պատճառով գներն էապես բարձրանալու են հերիք չէ, լիքը դեղեր էլ լինելու են, որոնք որ չի լինելու ներմուծել։ Մենք չգրանցված շատ կարևոր դեղեր ենք բերում, որ պետական բժշկական կենտրոններն առնում են, էլ բժշկական կենտրոն չկա, որ կովիդով չզբաղվի։ Մեծ մասը, որ մենք նրանց մատակարարում ենք, հենց այդ չգրանցված դեղերն են»,-ասում է Վարսանյանը։

«Երկարաժամկետ թույլտվության խնդիր չի կարող լինել այս պահին». Դեղերի գրանցման բաժնի պետ 

ԱՆ դեղերի գրանցման բաժնի պետ Մարիամ Հարությունյանը նույնպես հաստատում է՝ Կառավարության այդ որոշումը շատ կարևոր էր հատկապես կորոնավիրուսի համավարակի, ապա նաև՝ ռազմական դրության պայմաններքւմ: Նա հավաստմամբ՝ մինչ օրս դեղերի անվտանգության մասով խնդիրներ չեն առաջացել, գներն էլ նվազել են։ Միևնույն ժամանակ նշում է, որ չեն կարող չգրանցված դեղերի ներմուծման թույլտվությունը դարձնել անժամկետ. այդ ցանկը ներառում է շրջանառվող դեղերի 70%-ը, և ստացվում է, որ ամբողջ շուկայի 70%-ը պետք է ազատականացնել։

«Երկարաժամկետ թույլտվության խնդիր չի կարող լինել այս պահին, քանի որ երկրում հավիտյան արտակարգ դրություն չի կարող լինել։ Նման կարգավորումներն ի սկզբանե նրա համար են, որ լինեն փուլային՝ ելնելով ընդհանուր իրավիճակից։ Իսկ ընդհանրապես վերանայել այս որոշումը՝ նշանակում է ամբողջ գրանցման գործընթացը հանել»,-ասաց Մ. Հարությունյանը՝ նշելով, որ նման բան չի կարող լինել։

Այն հարցին, որ Հայաաստանում դեղերի գրանցման գործընթացը բարդ է, կան դեղեր, որ անհրաժեշտ են, բայց գրանցված չեն և Հայաստան են բերվում զարտուղի ճանապարհով, Մ. Հարությունյանը պատասխանեց, որ իրենք որոշակի փոփոխություններ են նախատեսում ոլորտում, որը կպարզեցնի դեղերի գրանցման գործընթացը։

«Այս պահին «Դեղերի մասին» օրենքն ու ուղեկցող որոշումներն ամբողջությամբ՝ փաթեթով վերամշակման ընթացքում են՝ հնարավորինս հաշվի առնելով մեր ներկրողների և’ առաջարկները, և’ բողոքները, այդ ամբողջ փաթեթն ուսումնասիրվում է և քննարկվում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հետագա բոլոր առաջարկները կփորձեն ներառել այդ փաթեթում։

Մ. Հարությունյանի խոսքով՝ փորձում են երկու կողմի իրավունքներն էլ պաշտպանել՝ թե’ սպառողների, թե’ ներկրողների։

Այն հարցին, որ երբ չգրանցված դեղերի ներկրման սահմանափակումը մտնի ուժի մեջ, և անհնար դառնա համարժեքը չունեցող, բայց կենսական նշանակության դեղերի ներկրումը, ի՞նչ այլընտրանք է առաջարկելու նախարարությունը, ինչպե՞ս է լրացվելու այդ բացը, Դեղերի գրացման բաժնի պետն ասաց, որ որոշ չգրանցված դեղերի դեպքում պետությունն իրավունք ունի գնել, եթե դրա կարիքն առաջանա։

«Մենք ունենք կենսականորեն անհրաժեշտ, սակայն չգրանցված դեղերի ցանկ, որտեղ ներառված են բոլոր այն դեղերը, որոնք որ մեծ անհրաժեշտություն ունեն, սակայն գրանցված չեն և ունեն խնդիրներ։ Այն բոլոր դեղերը, որոնք պետության կողմից են ձեռք բերվում (ԱՆ, ԱԱԾ, ՊՆ և այլն)՝ ուռուցքաբանական դեղերի մասով, այն բոլոր դեղերը, որոնք չկան, գրանցված չեն մեր երկրում, բայց կա պահանջարկ, Կառավարության N502-Ն որոշմամբ տրված է  լիազորություն չգրանցված դեղերի գնում կատարել՝ լուծելով դեղապահովման խնդիրները, բայց մնացած դեպքերում ամբողջ կարգավորումն իրականացվում է «Դեղերի մասին օրենքով» և Կառավարության 162-Ն որոշումով, որոնցով, ինչքան հնարավոր է, շուկան բավականին ազատականացվել է»,-ասաց Հարությունյանը։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք նախարարությունը բյուջետային սահմանափակում չի ունենա այս դեպքում, և կկարողանա՞ բավարար չափով ապահովել բոլոր կարիքները, Մ. Հարությունյանն ասաց, որ նախարարությունը «հիվանդների պահանաջարկը հաշվի է առնում և 100%-ով կարողանում է ապահովել։

«Համենայնդեպս, հաշվի առնելով այդ ամբողջը, ոլորտի կարգավորումներն իրականացվել են և շարունակվում են՝ ելնելով այդ երկու տարվա մեր խնդիրներից, դրա համար այս պահին «Դեղերի մասին» օրենքը գտնվում է քննարկման փուլում», իսկ գրանցման որոշումը կլրամշակվի՝ բոլոր կողմերը հաշվի առնելով»,-ասաց Մ. Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ենթաօրենսդրական դաշտի կարգավորումներն իրականացվելու են արդեն 2022թ.-ին, հավանաբար՝ 2-րդ կիսամյակում, եւ հաշվի են առնվելու նաև ԵԱՏՄ իրավակարգավորումները միասնական դեղերի շուկա ձևավորելու դեպքում, երբ մի երկրում գրանցված դեղերն այլ երկրում կկարողանան վաճառվել միայն նույնականացումից հետո։

Ամեն դեպքում, ԱՆ-ն «բաց է առաջարկների» համար, և դրանք գրավոր կարող են ներկայացվել նախարարին։

«Եթե որևիցե մեկն ունի առաջարկ, որը բոլոր կողմերի շահերը հաշվարկել է, ոչ միայն ներկրողների» այլև անվտանգության խնդիրը, քանի որ բոլորս պոտենցիալ սպառողներ ենք, ոչ միայն ուզում ենք, որ դեղը լինի դեղատանը, այլ նաև՝ անվտանգ լինի, այդ բոլոր առաջարկները կարող են մեզ ներկայացնել»,-ասաց Հարությունյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter