HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀայՓոստը և Վայլդբերիզը համագործակցության հուշագիր ստորագրեցին

Դեկտեմբերի 27-ին ՀայՓոստը ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում համագործակցության հուշագիր ստորագրեց ռուսաստանյան առցանց առևտրի խոշորագույն հարթակի՝  Վայլդբերիզի (Wildberries)  հետ:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հուշագիրը ստորագրել են ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Վայլդբերրիզ ՍՊԸ հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:

Ըստ հուշագրի, կողմերը պետք է համագործակցեն էլեկտրոնային առևտրի և փոստային կապի ոլորտներում: Ռուսաստանի էլեկտրոնային առևտրի խոշորագույն ցանցի՝ Վայլդբերիզի հանձնման կետեր կստեղծվեն ՀայՓոստի բաժանմունքներում: ՀայՓոստի մասնակցությամբ Հայաստանում կիրականացվի ներդրումային մեծ ծրագիր, կստեղծվի համատեղ լոգիստիկ կենտրոն: Նախատեսվում է նաև Վայլդբերիզի ցանցով վաճառվող ապրանքներն այլ երկրներ արտահանելու համար լոգիստիկ շղթայի համատեղ կառուցում, ինչը կնպաստի նաև հայկական արտադրանքի վաճառքին Վայլդբերիզի ցանցով:

Տատյանա Բակալչուկն իր խոսքում նշեց, որ ՀայՓոստը դառնում է Վայլդբերիզի ռազմավարական գործընկերը, և այդ համագործակցությունից պետք է սպասել երկուստեք դրական զարգացումներ:

Ինչպես նշեց ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Վայլդբերիզի հետ համագործակցությունը շատ ուժեղ խթան կդառնա Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար: Մենք արդեն մեկ տարի է, ինչ աշխատում ենք այս ուղղությամբ և 2022 թ. առաջին եռամսյակում արդեն կունենանք Վայլդբերիզի հանձնման 40 կետեր ՀայՓոստի բաժանմունքներում: Շատ էական է, որ խոշարագույն այս ընկերությունը որոշ հատվածներում կօգտվի հայկական թվային արտադրանքից: Կարևոր է նաև, որ հայկական բազմաթիվ ապրանքանիշեր կկարողանան օգտվել Վայլդբերիզի ցանցի ընձեռած հնարավորություններից»:

Նախատեսվում է նաև ՀայՓոստի «iNovation» դուստր ձեռնարկության թվային լուծումների և արտադրանքի կիրառում Վայլդբերիզի ցանցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter