HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ամփոփում է տարին եւ խոսում ապագա ծրագրերից

2022թ-ի գարունն, ըստ Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի, շատ ավելի խոստումնալից է լինելու, քան նախորդ երկու տարիները: Գալիք տարում կամփոփվեն  2020-21թթ-ին սկսված մի շարք ծրագրերի արդյունքները եւ ձեռնամուխ կլինեն նոր ծրագրերի իրականացմանը: Համաճարակի եւ պատերազմի պատճառով ընդհատված փողոցաշինությունը քաղաքի մի շարք հատվածներում, որն անհարամարություններ էր պատճառել բնակիչներին, կշարունակվի: 

«Քաղաքում իրականացվող ամենատեսանելի աշխատանքը, բնականաբար, փողոցաշինությունն է, եւ դադարները, թերություններն ավելի տեսանելի են բնակչի համար, անհարմարություններից էլ բնականաբար հենց այս մասով են բարձրաձայնում,-նկատում է Վարդգես Սամսոնյանը,-բայց այստեղ քաղաքապետարանի մեղավորության բաժինը չկա: Երկրում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ոչ մի շինարարական կազմակերպություն նկատի չէր ունեցել մրցույթը շահելիս: Համաճարակն իր հերթին դանդաղեցրեց աշխատանքները, պատրազմը կարելի է ասել անորոշ դադար արձանագրեց: Պատերազմից հետո եղան նաեւ այլ խնդիրներ՝ շատ շինարարներ մեկնեցին ՌԴ, շինկազմակերպություններն ունեցան աշխատուժի պակաս: 33 փողոցի եւ երկու հրապարակի հիմնանորոգումը պետք է ավարտվեին այս տարի, բայց կայարանամերձ հրապարակի աշխատանքներն ամբողջովին կավարտվեն հաջորդ տարի: ՎԶԲ-ից ֆինանսավորվող 4 փողոցի շինարարություն է մնացել կիսատ, մի քանի փողոց էլ սուբվենցիոն ծրագրերից»: 

Երկրաշարժից հետո կառուցված Անի թաղամասի փողոցների հիմնանորոգումը ներկայումս ամենահրատապներից է: Անցած 30 տարիների ընթացքում այստեղ ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ չեն իրականացվել: Տարիների ընթացքում թաղամասի փողոցները քայքայվել են՝ նմանվելով քաղաքի հետերկրաշարժյան կենտրոնական թաղամասերին: Քանդված մայթերն ու փողոցները զարդարող բազմաթիվ փոսերը բնակիչներին հուսահատության են հասցնում հատկապես տեղումնառատ օրերին: Վարդգես Սամսոնյանի փոխանցմամբ՝ բանակցություններ են ընթանում ՎԶԲ-ի (Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ) հետ, որ ֆինանսավորվի Անի թաղամասի փողոցաշինական աշխատանքները: 

«Անի» թաղամասում ցանկանում ենք նույն լուծումները տալ, ինչ քաղաքի կենտրոնում, այսինքն միայն փողոցները չբարեկարգվեն, այլեւ լուսավորության հարցը եւս կարգավորվի, հենասյուները հանենք: Բայց մինչ այդ պետք է ջրահեռացման հարցերը կարգավորենք: «Վեոլիա ջուրը» պետք է աշխատանքներն անի վերջացնի, որ շինարարը կարողանա հանգիստ աշխատել, հետո նորից պրոբլեմ չլինի, գան ասֆալտապատ փողոցը քանդեն: Հիմա բանակցում ենք ՎԶԲ-ի հետ, կա նախատեսած գումար իրենց կողմից այլ ծրագրի համար, մենք ուզում ենք, որ այդ գումարն ուղղվի Անի թաղամասի փողոցների հիմնանորոգմանը: Բացի դրանից այս թաղամասում մտադիր ենք իրականացնել շենքերի ջերմամեկուսացման ծրագիր: Այդպիսի պիլոտային ծրագիր արել են արդեն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Մենք Անի թաղամասում սկզբի համար ընտրել ենք 20 շենք: Գիտեք, որ թաղամասում երկաթբետոնյա կոնստրուկվիայի շենքեր են, ձմռանը ջեռուցելը բավական թանկ է նստում բնակչի վրա: Ջերմամեկուսացման ծրագիրը հնարավորություն կտա կիսով չափ նվազեցնելու ջեռուցման համար վճարվող գումարը»:

Քաղաքապետի փոխանցմամբ, Համաշխարհային բանկի միջոցներով «Սլոբոդկա» թաղամասի մի քանի փողոց եւս հիմնանորոգվելու են: Դրանք տուրիստների կողմից առավելագույնն են այցելվում եւ ցանկալի է, որ բերվեն այն տեսքին ինչ Ռուսթավելին ու Շիրազի փողոցներն են:

Փողոցների ասֆալտապատմանը զուգահեռ հրատապ է տրասնպորտային ցանցի նորացումը: Հուլիսի 9-ին Ռուսաստանի Դաշնությունից Գյումրի էր ներկրվել 20 նոր միկրոավտոբուս, մեկ ամիս անց՝ եւս 43-ը: Դրանք 16 եւ 14 տեղանոց միկրոավտոբուսներ են, որոնցից 4-ը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխմանը: Ծրագիրը սուբվենցիոն է՝ 900 միլիոն դրամի կեսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, մյուս կեսը՝ Գյումրու համայնքային բյուջեն: Ըստ նախնական պայմանավորվածության՝ մեքենաները պետք է գործարկվեին սեպտեմբերին: 

«Պիտի ներողություն խնդրենք Գյումրու բնակիչներից, որ չհասցրեցինք սեպտեմբերին տրանսպորտային նոր ցանցը գործարկել,-ասում է Վարդգես Սամսոնյանը,-իհարկե այս քանակը չի բավականացնի, որ ցանցն ամբողջությամբ նորացվի, քանի որ 8-9 երթուղու սպասարկման հարց է: Այս պահին ընթացքի մեջ է ավտոպարկի կառուցման աշխատանքները, լինելու է համայնքապատկան կառույց, վարորդները լինելու են քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի վերահսկողության ներքո: Սա է պատճառը, որ չուզեցինք անպատրաստ նոր մեքենաները մտցնել երթուղի: Բացի դրանից, Եվրամիության ծրագրով, որ կոչվում է: «Եվրամիություն հանուն կայուն եւ կանաչ կառավարման», ձեռք ենք բերելու 5 էլեկտրաբուս, հնարավոր է եւս 5-ը ձեռք բերել ՎԶԲ-ի աջակցությամբ: Եթե այն ինչ ծրագրել ենք, անխափան իրականանա, կունենանք 63 միկրոավտոբուս եւ 10 էլեկտրաբուս, որն ամբողջությամբ կլուծի տրանսպորտի հարցը»:

Անօթեւաններին բնակարաններով ապահովելու խնդիրը, որ փոխանցիկ դրոշի նման անցնում է մի քաղաքապետից մյուսին՝ նվազել, սակայն ամբողջովին չի վերացել: Ներկայում Գյումրիում հաշվառված է 2770 տնակային տնտեսություն, որից 500-ի դռները փակ են: «Առդա» բարեգործական կազմակերպության հետ սոցիալական բնակարանաշինությունը որի արդյունքում արդեն 41 անօթեւան բնակարան է ստացել, թերեւս ամենահաջողված ծրագրերից է, որը հնարավորություն չի տալիս ստացած բնակարանը վաճառելու եւ կրկին տնակ վերդառնալու: Համայնքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացրել է 5840 մ տարածք, որի վրա կառուցվելու է երկու շենք 40 բնակարանով եւ մանկապարտեզ՝ 50 երեխայի համար: Մեկ այլ՝ «Առք» բարեգործական հիմնադրամի հետ են սկսել բնակարանաշինական ծրագիր մշակել, որ առաջիկայում իրականացնեն: Մտադիր են նաեւ համայնքի միջոցներով բնակարան ձեռք բերել անօթեւանների համար:

Քաղաքում բնակարանաշինական այլ ծրագրեր իրականացնելու ցանկություն էլ կա՝ հաշվի առնլեով առկա բնակֆոնդի սակավությունը: Դեկտեմբերի 13-ին քաղաքապետարանում բնակելի համալիր կառուցելու հայտի հանրային քննարկում էր: Կառուցվելու է 7 հարկանի շենք Գարեգին Նժդեհ փողոցում: Արդյո՞ք ընդունելի տարբերակ է նման հարկայնության բնակելիի կառուցումը սեյսմիկ ակտիվ գոտի համարվող Գյումրիում:

Վարդգես Սամսոնյանը որեւէ վտանգ չի տեսնում, քանի որ սեյսմակայունության հետ կապված մասնագետները բացասական գնահատական չեն տվել: Բացի դրանից, քաղաքում երկրաշարժին դիմակայած 9 հարկանի բնակելիներ կան, որտեղ պետք է ընդամենը վերելակների հարցը լուծել: «Չեմ կարծում թե խնդիր կլինի բարձրահարկը,-նկատում է քաղաքապետը,-մասնագետները ուսումնասիրել են, ասել են ընդերքը ամուր է, նախարարությունը թույլատրել է, ես պրոբլեմ չեմ տեսնում: Ես խոսել եմ նաեւ մեր ճարտարապետի հետ, ամեն դեպքում, հատկապես ոչ կենտրոնական հատվածում Գյումրու, բարձրահարկ կարելի է կառուցել: Ասեմ, որ բացի այն մի ծրագրից, հողահատկացման համար մեզ կրկին դիմել է Հայաստան համահայկական հիմնադրամն ու այս անգամ մտադիր է 9 հարկանի շենք կառուցել 66 բնակարանով, որի վերեւի հարկերը լինելու են արհեստանոցներ: Հարկայնության հարցը դրված է հիմնականում Կումայրի արգելոց տարածքի համար»: 

Հաջորդ տարվա ծրագրերում հրատապ է նոր աշխատատեղերի ստեղծման հարցը: Դա թույլ կտա կանխել ահագնացող արտագաղթը: Դեկտեմբերի 27-ի ավագանու արտահերթ նիստում հրապարակված տվյալների համաձայն, Գյումրու բնակչությունը գրեթե կրկնակի չափով նվազել է: Քաղաքում հաշվառված է 159.500 մարդ, սակայն փաստացի բնակվում է 75.180 հազարը: Տվյալները ստույգ են, կազմվել են քաղաքում հացի սպառման ծավակները հաշվի առնելով: «Բոլոր հնարավոր տարբերակներով փորձում ենք ներդրողների բերել եւ նոր աշխատատեղերի հարց լուծել,-ասում է Վարդգես Սամսոնյան,-պատրաստ ենք աջակցել, որ տեքստիլ արտադրությունն ընդլայնվի: Եթե դա հաջողվի, ապա առկա 500 աշխատատեղը կարող է աճել մինչեւ 2000-ի: Բանակցում ենք, որ Երեւանում գործող շոկոլադի գործարանը մասնաճյուղ բացի Գյումրիում եւ այլն»:

Հ.գ.

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սասոնյանի աշխատանքային կենսագրությունը ՏԻՄ ոլորտում սկսվել է 2012թ-ից՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի հաստիքից: 2013-2016թթ.-ին աշխատել է աշխատակազմի՝ բյուջեի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետի տեղակալ, 2016-2018թթ.-ին համայնքապետարանի աշխատակազմի բնակտնտեսության եւ համատիրությունների համակարգման բաժնի պետ, 2018-2021թթ.-ին՝ «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն։ Գյումրու քաղաքապետի պաշտոնը Վարդգես Սամսոնյանը ստանձնել է 2021 թ-ի նոյեմբերի 4-ին՝  հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան» դաշինքի ստացած առավելագույն քվեների շնորհիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter