Հայաստանում իրավական կարգավիճակով առաջին Կարմիր գիրքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում ներկա է եղել Հայաստանում իրավական կարգավիճակ ունեցող առաջին Կարմիր գրքի երկլեզու երկհատորյակի շնորհանդեսին: Միջոցառմանը մասնակցել են նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, գիտական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շնորհանդեսի ժամանակ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Գագիկ Սարկիսովն ու ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը, իսկ Կարմիր գրքի գիտական խմբի ղեկավար Մարկ Քալաշյանը և ԵՊՀ բուսաբանության ամբիոնի վարիչ Էլեոնորա Գաբրիելյանն արժանացել են բնապահպանության նախարարության «Ոսկե մեդալ»-ի:
500 տպաքանակով լույս ընծայված և Հայաստանում իրավական կարգավիճակ ունեցող առաջին Կարմիր գիրքը կազմվել է 2007-2009թթ. ընթացքում կատարված դաշտային ուսումնասիրությունների հիման վրա, իսկ գրքի հրատարակման որոշումը կայացվել է 2010թ. հունվարի 29-ին: Երկհատորյակում ընդգրկվել են բույսերի 452, սնկերի 40 և կենդանիների 308 տեսակ, որոնցից 153-ը ողնաշարավոր են, 155-ը` անողնաշարավոր: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել