Ներքաղաքական անկայունության, տարածքային ամբողջականության խախտման և ապաշրջափակման խոստումների տարի. 2021-ի ներքաղաքական ամփոփումը
Հայաստանի անկախ պատմության մեջ 2021 թվականը իր առանձնահատուկ տեղն ունի ներքաղաքական անկայունության, արտաքին քաղաքական խնդիրների, սահմանային միջադեպերի տեսանկյունից։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը և դրա հետևանքները ներքաղաքական օրակարգի, իշխանություն-ընդդիմություն առճակատման հիմնական թեման էր։ «Հետք»-ը ամփոփում է 2021 թվականին Հայաստանում և նրա շուրջ ծավալված հիմնական իրադարձությունները։
Տարվա ներքաղաքական բուռն քննարկումներն սկսվեցին հունվարի 11-ին, երբ Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդները։ Հանդիպումն առաջին տետատետն էր պատերազմի ավարտից հետո, իսկ օրակարգը՝ տնտեսական։ Արդյունքում, կողմերը հայտարարեցին, որ երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը Հարավային Կովկասում զբաղվելու է տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։
Դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ դեռևս չեն ապաշրջափակվել ոչ տնտեսական կապերը, և ոչ էլ տրանսպորտային հաղորդակցությունները, չնայած տարվա ընթացքում ներքաղաքական քննարկումներում բազմիցս անդրադարձ էր կատարվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին, որը Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է կապեր Նախիջևանին։
Ներքաղաքական լարվածությունն իր պիկին հասավ փետրվարի վերջին, երբ ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: <...> Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը»,- նշվում էր տարածված հայտարարության մեջ։ Հայտարարությունը ստորագրել էին ԳՇ պետը, նրա տեղակալների և վարչության պետերի ճնշող մեծամասնությունը, բանակային բոլոր կորպուսների հրամանատարները։
Հայտարարությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց՝ հայտարարելով, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ։ Նա հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատման միջնորդություն է ներկայացրել նախագահին։ Նախագահը հրաժարվեց ստորագրել միջնորդությունը՝ հայտարարելով, որ այն առևերույթ հակասում է Սահմանադրությանը։ Մեկ ժամ անց վարչապետը երկրորդ միջնորդությունն ուղարկեց։ Նախագահը դարձյալ չստորագրեց, իսկ ավելի ուշ դիմեց արդեն Սահմանադրական դատարան։
Մարտի 1-ին կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Զինված ուժերի որոշ գեներալներ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դրդմամբ են նման հայտարարություն արել։
Նույն պատմությունը կրկնվեց արդեն ԳՇ նոր պետի՝ Արտակ Դավթյանի պարագայում։ Նախագահը դարձյալ չէր ստորագրում նրա նշանակման վարչապետի միջնորդությունը և հետ ուղարկում։ Մարտի 11-ին, սակայն, Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ երկրորդ անգամ էլ չի ստորագրելու Դավթյանի նշանակման միջնորդությունը, բայց և չի դիմելու ՍԴ։ Մարտի 22-ին Կառավարությունը հայտարարեց, որ Արտակ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է իրավունքի ուժով։
Ներքաղաքական լարված իրավիճակն էականորեն հանդարտվեց, երբ մարտի 18-ին Փաշինյանը հանդիպեց խորհրդարանական ուժերի առաջնորդների հետ, որից հետո հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Ընտրությունների բնականոն անցկացման նպատակով՝ Խորհրդարանը մարտի 24-ին չեղարկեց Հայաստանում դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մտցված ռազմական դրության ռեժիմը։
Մարտի վերջին Սահմանադրական դատարանը «նվեր մատուցեց» Ռոբերտ Քոչարյանին և մարտի 1-ի գործով անցնող մյուս մեղադրյալներին։ Բարձր դատարանը հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), ինչը նշանակում էր, որ կդադարեցվի Քոչարյանի և գործով մյուս մեղադրյալների նկատմամբ այդ հոդվածով քրեական հետապնդումը։
Թեժ մթնոլորտում անցավ ապրիլի 14-ին Ազգային ժողովում Կառավարության գործունեության 2020 թվականի կատարողականի ներկայացումը։ Նախ՝ Փաշինյանը հերքեց Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե ինքն առաջարկում էր պատերազմի չորրորդ օրը կանգնեցնել այն, սակայն Փաշինյանը հրաժարվել է։ Ավելի ուշ, Անվտանգության խորհուրդը գաղտնազերծեց Անվտանգության 30.09.2020 թվականի նիստի արձանագրության մի մասը, իսկ ավելի ուշ հրապարակվեց նաև գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը։
Մովսես Հակոբյանին Փաշինյանը մեղադրեց 7-րդ պաշտպանական շրջանը հանձնելու փորձի մեջ, իսկ խոսելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին՝ վարչապետը հայտարարեց, որ դեռ 2018 թվականի ամռանը առաջին նախագահն իրեն ասել է, որ պետք է «հողերը հետ տալ»։
Հայաստանի երեք նախագահների գրասենյակներն էլ անդրադարձան ԱԺ-ում Փաշինյանի հայտարարություններին։ Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց, որ «Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին»։ Երկրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ «Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։ Այսօրվանը բացառություն չէր»։ Իսկ երրորդ նախագահի գրասենյակը զանգվածային լրատվամիջոցներին խնդրեց այլևս չդիմել և հարցումներ չուղարկել երրորդ նախագահի գրասենյակ՝ «Ազգային Ժողովում կապիտուլյանտի այսօր հնչեցրած ստերի առիթով»։
Ապրիլի 24-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ճանաչման փաստին անմիջապես արձագանքեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ հայտարարելով, որ Թուրքիան «լիովին մերժում է այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»։ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը ԱՄՆ նախագահին կոչ արեց նայել Միացյալ Նահանգների պատմությունը՝ ակնարկելով հնդկացիների հետ կապված պատմական խնդիրները։ Նույն օրը երեկոյան հեռախոսազրույց ունեցան նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները՝ քննարկելով Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։ Հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրության մեջ նրանք Բայդենի քայլը «պատմական սխալ» էին անվանել։
Ապրիլի 25-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ պայմանավորված, հրաժարական ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Կառավարության հրաժարականն ընդունելու մասին։ «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լուսավոր Հայաստանը»-ը հայտարարեցին, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, որպեսզի երկու անգամ անընդմեջ չընտրելով վարչապետի, խորհրդարանն ինքնալուծարվեր։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց, որ միայնակ է մասնակցելու ընտրություններին, նույնն արեցին նաև խորհրդարանական ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն։ Հանրապետական կուսակցությունը և Արթուր Վանեցյանի «Հայրենիք»-ը ձևավորեցին «Պատիվ ունեմ» դաշինքը, իսկ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, Դաշնակցությունը և ընտրություններից առաջ ձևավորված «Վերածնվող Հայաստան»-ը, որը գլխավորում էր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, միավորվեցին «Հայաստան» դաշինքի մեջ։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ երկրորդ և երրորդ նախագահներին մարտի 25-ին առաջարկել է ձևավորել «Ազգային համաձայնության դաշինք», սակայն երկուսն էլ թե հանդիպման, և թե դրանից հետո հրաժարվել են։ Թե՛ երկրորդ, և թե՛ երրորդ նախագահների գրասենյակները հայտարարեցին, որ ընտրություններին որոշել են մասնակցել այլ ձևաչափով։ Ի դեպ, Քոչարյանի ու Սարգսյանի գրասենյակները քննադատեցին Լևոն Տեր-Պետրոսյանին, որ առանց իրենց գիտության գաղտնազերծել է հանդիպման բովանդակությունը։
Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, առաջխաղացում է ունեցել։ Հայկական կողմը սկսել էր բանակցություններ վարել։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որևէ կերպ չեն կարող հանդուրժել ստեղծված իրավիճակը և պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, որն այդպես էլ որևէ էական գործողությունների չդիմեց։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ադրբեջանցիները ոչ միայն Սև լճում են, այլև իրենց վերահսկողության տակ են պահում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածը։
Մայիսի 27-ի վաղ առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի վեց զինծառայող։ Ավելի ուշ, նրանցից չորսին Բաքուն հետ վերադարձրեց, սակայն երկուսի նկատմամբ սկսել է դատական գործընթաց, իբր, Քարվաճառի ճանապարհներից մեկն ականապատելու համար։ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն այդ միջադեպն անվանեց «մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»։
Նույն օրը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ հայտարարելով, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ Վարչապետի մամուլի խոսնակը Այվազյանից պահանջեց, որ հրապարակային պարզաբանի` ով, երբ, որտեղ եւ ինչպես էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է Հայաստանի պետական եւ ազգային շահին:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն անցավ բավականին լարված մթնոլորտում։ Ինչպես քարոզարշավի մասնակիցներն էին ասում, այդ ընտրություններին «լինել-չլինելու հարց էր դրված»։ Քարոզարշավի ժամանակ օգտագործվում էր էլ մուրճ, էլ վենդետաների խոստումներ, էլ գաղտնի ձայնագրություններ, որտեղ նշվում էր, որ Փաշինյանը դիտավորյալ տապալել է բանակցային գործընթացը։ Վերջինս, ի դեպ, հակառակ էֆեկտը ունեցավ և ավելի բարձրացրեց Փաշինյանի վարկանիշը։ Ընտրություններն անցան առանց էական խախտումների և միջադեպերի։
Բայց դրանց արդյունքները շատերի համար անսպասելի եղան։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի կառավարման տարիներին Հայաստանը փաստացի պարտվել էր 44-օրյա պատերազմում, կարողացավ ստանալ ձայների մեծամասնությունը և միանձնյա կառավարություն ձևավորել։ Փաշինյանի կուսակցությունը հաղթեց նույնիսկ Սյունիքի մարզում, որտեղ ընդամենը մեկ ամիս առաջ հակառակորդը առաջխաղացում էր ունեցել։
Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հավաքեց ձայների շուրջ 27 %-ը, իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ձևավորված «Պատիվ ունեմ»-ը չհավաքեց խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայները, սակայն իրավունքի ուժով միայն հայտնվեց Ազգային ժողովում։
Կառավարության կազմում էական փոփոխություններ չեղան։ Տիգրան Ավինյանը հեռացավ, նրան փոխարինեց Սուրեն Պապիկյանը։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում էլ նշանակվեց ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը։ Ազգային ժողովի նախագահ էլ դարձավ Ալեն Սիմոնյանը, որն ավելի ուշ հայտնի դարձավ պետական գնումներում հաղթած իր եղբոր հետ ասոցացվող ընկերության վերաբերյալ հրապարակումներ արած լրատվամիջոցներին, այդ թվում «Հետք»-ին, «դեղին մամուլ» անվանելով։
Ընդդիմադիր ուժերը ընտրությունների արդյունքները վիճարկում էին Սահմանադրական դատարանում, սակայն հաջողություններ չունեցան։
Նոր խորհրդարանն աչքի ընկավ իր անհանդուրժողականությամբ, բառացի ծեծուջարդով և հայհոյանքներով, որոնց կիզակետում մշտապես նույն դեմքերն էին. ՔՊ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը, Արթուր Հովհաննիսյանը և ուրիշներ։ Իսկ, օրինակ, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շիշ նետեց Հայկ Սարգսյանի վրա։ Փաշինյանին ուղղված իր ձևակերպումներով էլ, հատկապես «կապիտուլյանտ»-ով, առանձնանում էր ընդդիմադիր Աննա Մկրտչյանը։
Սա թերևս անկախ Հայաստանի պատմության առաջին տարին էր, երբ ՀՀ բարձր ղեկավարությունը Արցախում չգտնվեց ոչ սեպտեմբերի 2-ին, և ոչ էլ առավել ևս մայիսի 9-ին։ 2021 թվականի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից Արցախ այցելեցին միայն ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը՝ տարեսկզբին և պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը տարեվերջին, որից ընդամենը մի շաբաթ անց բախումներ սկսվեցին հայ-ադրբեջանական շփման գծի Սյունիքի հատվածում, իսկ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նրան փոխարինեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Սա առաջին դեպքն էր, երբ 44-օրյա պատերազմի ավարտից հետո կողմերը սկսեցին կիրառել զրահատեխնիկա և հրետանի։ Մարտական գործողությունները երկար չտևեցին, միայն մի քանի ժամ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ ունեցավ Պապիկյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Դրա ավարտից հետո, մարտական գործողությունները դադարեցվեցին։
Մինչև տարեվերջ Ալիևն ու Փաշինյանը հանդիպեցին երկու անգամ։ Առաջինը՝ նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը պայմանավորվեցին ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովներ, որոնք մինչև տարեվերջ պետք է ներկայացնեին այդ գործընթացն ապահովելու մեխանիզմները։ Ռուսական կողմն աջակցելու էր գործընթացին։ Թե ի վերջո որ թվականի քարտեզներով կիրականացվի սահմանազատումը, դեկտեմբերի 31-ի դրությամբ հայտնի չէ։ Երկրորդ անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Մեծ հաշվով, այս հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, իսկ, Միշելի միջնորդությամբ, երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաստատվեց օպերատիվ շփման գիծ։
Դեռ այս տարվա սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեցին, որ մտադիր են ստեղծել Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափը։ Դրան մի կողմից միանալու էին հարավկովկասյան երեք հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, իսկ մյուս կողմից՝ նրանց հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Ռուսաստանը և Իրանը միանգամից հայտարարեցին, որ իրենք հետաքրքրված են ձևաչափով, Վրաստանը սկզբում դեմ չէր, իսկ այնուհետ հայտարարեց, որ չի մասնակցի այդ ձևաչափին, քանի դեռ ռուսական կողմը «բռնազավթել է վրացական տարածքները (ի նկատի ունեն Աբխազիան և Հարավային Օսիան-խմբ․)»։ Հայաստանը ամենաբարձր մակարդակով հայտարարում էր, որ ձևաչափին կմիանա այն պարագայում, եթե դրա ընթացքում քննարկվելու են այնպիսի հարցեր, որոնք չեն քննարկվում այլ ձևաչափերով։ Խոսքը, իհարկե, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների մասին էին, որն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։
«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացավ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Այն անց էր կացվում ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։
Տարին ակտիվ էր նաև հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման շուրջ ընթացող գործընթացների մասով։ Նախ՝ միմյանց նկատմամբ հաճոյախոսություններ էին փոխանակում Հայաստանի և Թուրքիայի առաջնորդները։ Ավելի ուշ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ողջ ընթացքում Անկարան գործընթացը կհամակարգի Բաքվի հետ միասին անցկացնելով խորհրդակցություններ։ Դեկտեմբերին կողմերը հայտարարեցին, որ նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ, որոնք բանակցություններ էին վարելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ։ Հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ նշանակվեց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որի նշանակումը ոչ միանշանակ ընդունվեց։ Դեկտեմբերի 30-ին էլ հայտնի դարձավ, որ հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա 2022 թվականի հունվարին։
Իշխող կուսակցության համար տարեվերջյան շոկերից մեկը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտությունն էր։ Չնայած ՔՊ-ն հաղթեց մի շարք համայնքներում և կարողացավ ձևավորել համայնքային իշխանություն, սակայն պարտվեց երկրի խոշոր համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Գորիսում։ Որոշ համայնքերում էլ ընդդիմադիրները կարողացան այնքան ձայներ հավաքել, որ կոալիցիաներ ձևավորելով՝ շրջանցեցին առաջին տեղը գրաված իշխանական ուժին։
Փոխարենը «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեկտեմբերի վերջին ձերբազատվեց Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանից։ Ավագանու կողմից Մարությանին անվստահության հայտնելու պատճառը կուսակցությունից նրա դուրս գալն էր և քաղաքական թիմի հետ կապի խզումը։ Մարությանը իշխող քաղաքական ուժին մեղադրեց հեղափոխության արժեքներից հեռանալու մեջ։
Հանրության մի մեծ հատվածի համար այդ փոփոխությունն ընդունելի չէր, սակայն որևէ հստակ գործողություն չարվեց այն կանգնեցնելու համար։ Փոխարենը քաղաքապետ ընտրվեց առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, որը ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ և ժամանակին լքել էր «Առաքելություն» կուսակցությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել