Բարելավվել են թե' մսի տեղափոխման պայմանները, թե' տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել է Ամանորին ընդառաջ մսի տաղավարներում իրականցված խստացված վերահսկողության արդյունքները։
Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն անակնկալ ստուգայցեր են իրականացրել թե՛ վաղ առավոտյան` շուկաներում մսի մատակարարման ժամին, թե՛ երեկոյան, երբ ոչ սպանդանոցային մսի իրացումն առավել հավանական կարող է լինել:
Երևանի Խորենացի փողոցի մսի բոլոր 36 տաղավարները (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք) եղել են 10-օրյա վերահսկողության թիրախում: Յուրաքանչյուր տաղավար այցելություն է կատարվել օրը մի քանի անգամ: Նպատակն էր նախ և առաջ հսկել սպառողին առաջարկվող մսի ծագումը, և ապա՝ մսի տեղափոխման պայմաններն ու տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:
Ըստ տեսչական մարմնի հաղորդարության՝ տվյալների ամփոփումը փաստել է, որ 12 տնտեսավարողի մոտ արձանագրվել են անհամապատասխանություններ՝ բացակայել է սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը, մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, որոշ տաղավարներում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը:
Կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կսահմանվի վարչական պատասխանատվություն, իսկ ուղեկցող 5-րդ ձևի փաստաթղթի բացակայությամբ միս-մսեղիքը ոչնչացվել է կամ օգտահանվել:
«Արձանագրվել է նաև, որ ի համեմատություն նախորդ տարիների, որոշակիորեն բարելավվել են թե մսի տեղափոխման պայմանները, թե տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը, իսկ տաղավարների հիմնական մասում ներկայացվում է կենդանիների սպանդից գոյացած վերամշակված, իրացվող, վաճառվող, մատակարարվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել