
7 հիվանդի մոտ հայտնաբերվել է գրիպի Ա H3N2 ենթատեսակը․ ԱՀ ԱՆ
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` թե ամբուլատոր-պոլի կլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե շտապ օգնության կանչերում:
Նախարարության հաղորդմամբ՝ օրական կանչերի թիվը կազմում է 50-60 կանչ։ Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով պացիետների 80%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: Ներկա պահին ստացիոնար բուժում է ստանում 38 երեխա:
«Ինչ վերաբերում է հանրապետությունում շրջանառող գրիպի հարուցիչներին, ապա հարկ է նշել, որ ստացիոնար և ամբուլատոր հիվանդներից իրականացվել է 10 նմուշի լաբորատոր հետազոտություն, որի արդյունքում 7 հիվանդի մոտ հայտնաբերվել է գրիպի Ա H3N2 ենթատեսակը: Կլինիկական ախտանիշներն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանացավ, թուլություն, կոշտ հազ»,- նշվում է հայտարարության մեջ:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով Արցախի առողջապահության նախարարությունը հիշեցնում և հորդորում է.
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային։
Հետագա բարդություններից (բրոնխիտ, թոքաբորբ) խուսափելու համար, ժամանակին դիմեք բժշկի:
Մեկնաբանել