HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տասնյակ անձինք դարձել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակության զոհ. քրեական գործն ուղարկվել է դատարան

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ավարտվել է սոցիալական ցանցերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչութունում քննված քրեական գործի նախաքննությունը: 

«Դատախազական պատշաճ հսկողության ներքո կատարված քննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ք.-ն 2020թ. մարտի 15-ից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով ստեղծել է «Իդրամ» էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ՝ էլեկտրոնային դրամապանակներ: Այնուհետև 40 անձանց անվամբ լրացված, իրավունք վերապահող ակնհայտ կեղծ անձնագրեր ու նույնականացման քարտեր օգտագործելու միջոցով այդ հաշվառման հաշիվները նույնականացրել է՝ տալով դրանց «Պրեմիումպլյուս» կարգավիճակ: Ապա այդ հաշիվներով, նշված անձանց անվամբ բանկում առցանց ձևակերպել է ընդհանուր 41 հատ «Ռոքեթ» տեսակի վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով ընդհանուր շուրջ 25.4մլն ՀՀ դրամ գումարը, որը փոխանցել է 3 բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին:

Բացի այդ, նույն անձը 2021թ. հունվարի 4-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, «facebook.com» սոցիալական կայքում ստեղծել է տարբեր անվանումներով օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն է վարել նույն կայքում գրանցված տարբեր անձանց հետ, վերջիններիս անվամբ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակ գրանցելուն, դրանք նույնականացնելուն  աջակցելու, բոնուսներ տրամադրելու պատրվակներով ստացել է նրանց բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» վճարային համակարգից ստացված ծածկագրերը, ուղղորդել է նշված անձանց «Իդրամ» վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում: Այնուհետև, ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված էլեկտրոնային դրամապանակների տվյալները, փոփոխել է դրամապանակներին կցված բջջային հեռախոսահամարները ու դրանց կցել է իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող հեռախոսահամարներ, որից հետո՝ դրամապանակների միջոցով տարբեր անձանց անվամբ բանկում, վարկային կազմակերպությունում առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է պայմանագրերով հաստատված ու իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 13.5մլն ՀՀ դրամ գումարը, որը ևս  փոխանցել է բուքմեյքերական կայքերում իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին: 

Վ.Ք.-ն, նաև 2020թ. հուլիսին «ok.ru» սոցիալական կայքում «սոցիալական ապահովության աշխատակից» պայմանական անվամբ անհատական էջից նամակներ է ուղարկել նույն կայքում գրանցված մի քաղաքացու անհատական էջին և իրականությունը խեղաթյուրելով՝ «Covid-19» համաճարակի օգնության ծրագրի շրջանակներում օգնություն տրամադրելու պատրվակով գրեթե նույն մեխանիզմով հափշտակել է քաղաքացու անվամբ ձևակերպված վարկային պայմանագրով հաստատված և իր կողմից կառավարվող «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակին մուտքագրված զգալի չափերով գումարը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 22-ին Վ.Ք.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվելլ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ) 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու դրվագ), 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), և 325-րդ հոդվածի 1-ին մասով (32 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2022թ. հունվարի 4-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և ըստ էության քննելու համար քրեական գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հաշվի անռելով, որ քննչական մարմինների վարույթում քիչ չեն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման նույնատիպ մեխանիզմներով կատարվող հացնագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերը՝ Դատախազությունը քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ նախապես չճշտված, չստուգված անձանցից, սուբյակտներից ստացվող՝ առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով, պատճառաբանություններով իրենց տրամադրելու առաջարկներն ընդունելուց: Հորդորում ենք նաև նման հանցագործության ծուղակում հայտնվելու կասկածներ ունենալու դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter