HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վիեննայում վերսկսվել են իրանական միջուկային գործարքի բանակցությունները

Վիեննայում վերսկսվել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի լիարժեք գործողության վերականգնման շուրջ բանակցությունները։ Այդ մասին հայտնել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ 

«Ամանորյա կարճ ընդմիջումից հետո այսօր վերսկսվում է Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլը՝ ոչ պաշտոնական հանդիպումների ձևաչափով»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ուլյանովը։

Ներկայումս ընթանում է բանակցությունների ութերորդ փուլը, որն սկսվել է դեկտեմբերի 27-ին։ Բանակցությունները ավանդաբար ընթանում են Վիեննայի «Կոբուրգ» հյուրանոցում։ 

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերին նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ամանորյա տոներից հետո կիրականացվի առավել լուրջ աշխատանք՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացման ուղղությամբ։ 

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Զուգահեռաբար ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ ի պատասխան Իրանի գործողությունների՝ ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։

Չնայած ամերիկյան կողմը դեռևս չի վերադարձել համաձայնագրին, այդուհանդերձ դրա կողմերը շարունակում են բանակցությունները։

Լուսանկարը՝ AP Photo / Ronald Zak

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter