HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բողոքի ցույցեր և արտակարգ իրավիճակ Ղազախստանում. կառավարությունը հրաժարական է տվել

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել այդ երկրում ընթացող զանգվածային ցույցերի ֆոնին։ Հրաժարականի հրամանագիրը չորեքշաբթի՝ հունվարի 5-ի վաղ առավոտյան արդեն իսկ ստորագրել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ կառավարության վրա դնելով երկրում «ցույցային իրավիճակ թույլ տալու» մեղքը։

«Ելնելով Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածից որոշում եմ` ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը»,- նշվում է հրամանագրի մեջ։ BBC-ի փոխանցմամբ՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալիխան Սմայիլովը՝ հեռացող կառավարության առաջին փոխվարչապետը։

Ղազախստանում նաև նշանակվել է նոր պետքարտուղար՝ նախագահի նախկին օգնական Երլան Կարինը, որն այդ պաշտոնում փոխարինել է Կրիմբել Կուշերբաևին։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մուրատ Նուրտլեուն դարձել է Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ 

Հունվարի 5-ի առավոտյան տեղի ունեցած խորհրդակցությունից հետո՝ Տոկաևը հանձնարարել է երկրում սահմանել սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների, ինչպես նաև բենզինի և դիզելային վառելիքի գների պետական կարգավորում: Բացի այդ, նա բնակչության համար 180 օր ժամկետով կոմունալ սակագների բարձրացման տարկետում է առաջարկել։

Դեռ նախօրեին Տոկաևը արտակարգ իրավիճակ էր հայտարարել երկրի խոշորագույն Ալմաթի քաղաքում և Մանգիստաուի մարզում, որտեղ շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ վառելիքի գների բարձրացման։ Հունվարի 5-ին արտակարգ իրավիճակի դրություն է հայտարարվել նաև Ալմաթիի մարզում։ Արտակարգ իրավիճակի ժամանակ մուտքն ու ելքն այդ մարզ սահմանափակվել է։ Արգելվել են խաղաղ հավաքները, գործադուլները, զանգվածային միջոցառումները։ Այն կձգվի մինչև հունվարի 19-ը։

Նախագահի հունվարի 4-ի հրամանագրով` նախատեսվում է նաև պարետային ժամ՝ երեկոյան 11-ից մինչև առավոտյան ժամը 7-ը։ Սահմանափակվել է նաև տրանսպորտի տեղաշարժը։ 

Ավելի վաղ, Տոկաևը տեսաուղերձ էր տարածել, որտեղ կոչ էր անում ցուցարարներին խելամտություն ցուցաբերել և չանել հակաիրավական գործողություններ։ Այդ ուղերձում, որն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նրա մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, Տոկաևը պնդում էր, որ բողոքի ցույցերի պատճառով իշխանությունը չի ընկնի և Ղազախստանին պետք է ոչ թե հակամարտություն, այլ փոխադարձ վստահություն և երկխոսություն։ Նախագահը նաև հայրենակիցներին կոչ էր արել սադրանքների չգնալ և հիշեցրել, որ պետական հաստատությունների և ռազմական օբյեկտների վրա հարձակումները հակաօրինական են։

Տոկաևը նաև թվիթերյան իր միկրոբլոգում խոստացել էր, որ չորեքշաբթի կանցկացնի կառավարության նիստ, որտեղ կքննարկվեն ցուցարարների պահանջները։ 

Կիրակի օրը՝ հունվարի 2-ին, Ղազախստանի Մանգիստաուի մարզում գազի գնի բարձրացման դեմ սկսված բողոքի ցույցերը հունվարի 4-ին տարածվել էին Ղազախստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում։ Բազմաթիվ դեպքերում տարերային ցույցերը վերածվել էին ոստիկանների հետ բախումների։ 

Ցուցարարներին ցրելու նպատակով՝ Ալմաթիի ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ և լուսաձայնային փամփուշտներ, որոնք փորձում էին գրոհով վերցնել քաղաքապետարանի շենքը։ 

Ալմաթիում աշխատող AFP-ի լրագրողները հայտնել են, որ բողոքի ցույցերի մի քանի մասնակիցների և ոստիկանների տեղափոխել են հիվանդանոց։ Նշվում էր, որ կան նաև ձերբակալվածներ։ 

Ղազախական zakon.kz կայքի տվյալներով՝ հունվարի 4-ի երեկոյան ոստիկանները ցրել են Հանրապետության հրապարակում գտնվող գրեթե բոլոր ցուցարարներին։ Ականատեսներն ու թղթակիցները հայտնել են, որ Ալմաթիում պայթյունների ձայները շարունակվել են լսվել նաև գիշերը։

Կառավարական հանձնաժողովը ցուցարարներին խոստացել է իջեցնել գազի գինն ու երաշխիքներ տվել, որ վերջիններս պատասխանատվության չեն ենթարկվի։ Չնայած դրան, ցուցարարները հրաժարվել են ցրվել։ 

Ակտաուում ցուցարարները պահանջել են հանդիպել երկրի նախագահի հետ։ Մյուս քաղաքներում հնչել են կառավարության հրաժարականի պահանջներ և բնակչության կենսամակարդակի բարձրացում։ 

Բողոքի ցույցերի ֆոնին օգտատերերը սկսել են հայտնել սոցիալական ցանցերի աշխատանքի խափանումների մասին։ Ալմաթիում և Նուր-Սուլթանի մի քանի շրջաններում արգելափակվել է համացանցը, չեն աշխատել WhatsApp և Telegram հավելվածները։ 

Ավելի վաղ, մարզի իշխանությունները հունվարի 1-ից 1 լիտր հեղուկ գազի գինը 60 տենգեից (մոտ 66 դրամ) բարձրացրել էին մինչև 120 տենգեի (մոտ 132 դրամ), ինչն առաջացրել էր մարդկանց դժգոհությունը։ Բողոքի ցույցերը սկսվել էին Ժանաօզեն քաղաքում։

Լուսանկարը՝ Владимир Третьяков / AP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter