HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ԶՊՄԿ-ում ՀՀ կառավարության մասնաբաժինը փոխանցվել է Պետական հետաքրքրությունների ֆոնդին

Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 15% բաժնետոմսերը հանձեց «Հայաստանի պետական հետաքրքրությունունների ֆոնդ» (ԱՆԻՖ) փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը՝ միաժամանակ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։ Որոշումն ընդունվեց կառավարության հունվարի 5-ի նիստում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի զեկուցման ժամանակ ընդգծեց, թե 2000-ականներից ի վեր առաջին անգամ պետությունն ունի բաժնեմաս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

«Այս գործարքը շատերին կասկածելի է թվացել: Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր ու զրկված է եղել, դա, փաստորեն, կասկածելի չէ, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերել, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր ու գործարքներ գտնել: Կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ՝ պետությունը կորցնում է, դա մենք տեսել ենք երկար տարիներ, երբ, ըստ էության, 2000-կաններից իշխանությունը ներկայացնող անձանց հետ փոխկապակցված անձինք դարձել են սեփականատեր, հիմա հակառակ պրոցեսն է տեղի ունեցել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը ԶՊՄԿ-ի տնօրենների խորհրդում կունենա ներկայացուցիչ, և շահույթի բաշխման պարագայում շահաբաժինը կդառնա պետբյուջեի եկամուտ։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ հիշեցրեց, որ ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատիրոջ, արդյունավետ ներկայացուցչությունն է: 

Ըստ որաշման նախագծի հիմնավորման՝ հավատարմագրային կառավարման համար ԱՆԻՖ-ին վարձատրություն չի սահմանվի։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է լինելու կատարել կառավարման համար ֆինանսական ծախսեր, վեց ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել քննարկումներ՝ ԱՆԻՖ կողմից հավատարմագրային կառավարման ընթացքում կատարած ծախսերի հատուցումը կանոնակարգելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter