HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետարանում պարգևավճարների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն գաղտնի է պահվում

2021 թվականի դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզպետարանի թվով 79 աշխատակիցներ պարգևատրվել են, սակայն թե որքան է կազմել պարգևատրման գումարի չափը և ով որքան գումար է ստացել պետական միջոցների հաշվին՝ գաղտնի է պահվում: 

Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան՝ Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը հայտնել է, որ մարզպետարանի աշխատակիցները պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել են «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով նախատեսված միջոցների տնտեսման հաշվին: Աշխատողները խրախուսվել են յուրաքանչյուրն իր պաշտոնային դրույքաչափով: Պաշտոնային դրույքաչափից պակաս են պարգևատրվել այն աշխատակիցները, որոնք մեկ տարուց պակաս են աշխատել մարզպետարանում:

Թե ով որքան պարգևավճար է ստացել, Արամ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե անձնական տվյալ է, չի կարող հրապարակել: Հայտնեց, թե աշխատակիցները դեմ են եղել, որ իրենց պարգևավճարի չափի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվի լրատվամիջոցին: Հարցին, թե 79 աշխատակիցներն էլ գրավոր դեմ են եղել, որ տեղեկատվություն չտրամադրվի, Ա. Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց:

Սակայն մենք խոսել ենք մարզպետարանի 5 աշխատակիցների և որևէ մեկը գրավոր չի հայտնել, որ դեմ է տեղեկատվություն տրամադրելուն: Առաջին անգամ լրագրողից են տեղեկացել, որ գրավոր նման դիրքորոշում են հայտնել:

Ընդ որում, գրավոր նաև նշել էինք, որ բացի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր ներկայացնող անձանցից, մյուս աշխատակիցների անունները պետք չէ նշել: Այս հանգամանքը ևս չի օգնել, որպեսզի տեղեկատվություն ստանանք պարգևավճարների վերաբերյալ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարգևատրվել են նաև 2021թ. դեկտեմբերին մարզպետարանում աշխատանքի ընդունված մարզպետի խորհրդական Առնակ Ավետիսյանը, մարզպետի երկու օգնականները՝ Ֆելիքս Պողոսյանն ու Աննա Միքայելյանը, կարող ենք ենթադրել, որ հենց նրանց պատճառով տեղեկատվությունը չի տրամադրվել: Ստացվում է, որ ընդամենը մի քանի օր աշխատած աշխատողները բարեխղճության համար պարգևավճար են ստանում ու անհայտ է, թե ինչքան: 

Բանավոր զրույցում Արամ Հովհաննիսյանին խնդրեցինք չնշել նաև յուրաքանչյուրին տրամադրված գումարի չափ, այլ միայն տրամադրել տեղեկություններ դրույքաչափի վերաբերյալ, որպեսզի, օրինակ՝ պարզ լիներ, թե դեկտեմբերի 7-ին մարզպետի որոշմամբ աշխատանքի ընդունված օգնական Աննա Միքայելյանը կամ դեկտեմբերի 9-ն ընդունված խորհրդական Առնակ Ավետիսյանը «բարեխիղճ աշխատանքի համար» պաշտոնային դրույքաչափի քանի տոկոսի չափով են պարգևավճար ստացել: Արամ Հովհաննիսյանը խոստացավ տեղեկատվությունը տրամադրել, սակայն՝ այդպես էլ որևէ պատասխան չստացանք: Ուստի այլ բան չի մնում, քան ենթադրել, որ Արմավիրի նորանշանակ մարզպետն իր մի քանի օրվա խորհրդականին ու օգնականներին պարգևատրել է յուրաքանչյուրին պաշտոնային դրույքաչափի 100%-ի չափով: 

Նշենք, որ Էդվարդ Հովհաննիսյանը Արմավիրի մարզպետարան եկել է Պետական եկամուտների կոմիտեից: Այնտեղից մարզպետարան է բերում նաև իր կադրերին, այդ թվում՝ խորհրդականին, օգնականին:

Պարզ չլինելով, թե ովքեր են պաշտոնային դրույքաչափից պակաս պարգևավճար ստացողները, չի բացառվում, որ նրանց թվում կարող են լինել ուղղակի «շարքային» աշխատողները:

Հաշվի առնելով, որ գույքի, եկամուտների ու շահերի հայտարարագիր ներկայացնող աշխատակիցներն ավելի «թափանցիկ» են իրենց ֆինանսական միջոցների հարցում, Արմավիրի մարզպետին գրավոր խնդրել էինք վերջիններիս վերաբերյալ տեղեկատվությունը՝ ի տարբերություն այլ աշխատակիցների, բաց տրամադրել՝ նշելով նաև պարգևավճարի չափը:

Մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը գրավոր հայտնել է, որ մարզպետի խորհրդականը և օգնականները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, որը հրապարակվում է հանձնաժողովի պաշտոնական կայքում:

«Նշված հայտարարագրերին կարող եք ծանոթանալ այցելելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայք»,-գրավոր հայտնել է Արամ Հովհաննիսյանը:

Այս պատասխանն այնքանով է զավեշտալի, որ նախ պաշտոնյաները դեկտեմբեր ամսվա համար հայտարարագիր չեն ներկայացնում, հետևաբար որևէ կերպ հայտարարագրից չէր կարող հայտնի լինել դեկտեմբեր ամսվա պարգևավճարի չափը: Ամենակարևորը, պաշտոնյաները տարվա հայտարարագիրը ներկայացնում են մինչև հաջորդ տարվա մայիսի 31-ը: Ստացվում է, որ առնվազն 5 ամիս պետք է սպասել, որպեսզի հայտարարագրից պարզ դառնա, թե տարվա կտրվածքով որքան հավելավճար կամ պարգևավճար է ստացել պաշտոնյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter