HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սևան Նիշանյանը ազատ կարձակվի և չի արտահանձնվի Թուրքիային

Հունաստանի Սիրոսի վարչական դատարանն այսօր՝ հունվարի 7-ին որոշել է ազատ արձակել պոլսահայ հայտնի մտավորական Սևան Նիշանյանին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ 

Ըստ որոշման՝ նա պարտավոր է 15 օրվա ընթացքում կամավոր հեռանալ Հունաստանից։ 

Սոցիալական ցանցի իր էջում Սևան Նիշանյանի կինը՝ Հերա Ցուրուն օրեր առաջ հայտարարել էր, որ 2017 թվականի ամռանը թուրքական բանտից փախուստի դիմած և Հունաստանում ապաստանած պոլսահայ մտավորական, հրապարակախոս Սևան Նիշանյանին հունական իշխանությունները կարող էին արտաքսել Թուրքիա:

Սևան Նիշանյանը, որն ամուսնացել էր Հունաստանի քաղաքացի Հերա Ցուրունի հետ, ստացել էր հունական կացության իրավունք։ 2021 թվականի դեկտեմբերի 29-ին հունական տեղական իշխանությունները հրաժարվել էին երկարաձգել Նիշանյանի կացության իրավունքը, իսկ հաջորդ օրը նա ոստիկանական բաժանմունք էր կանչվել: Մեկ ժամ անց Նիշանյանը ձերբակալվել էր այն պատճառաբանությամբ, թե կացության կարգավիճակի ժամկետը լրացել է, և նա անօրինական է գտնվում Հունաստանում։

Հունվարի 2-ին Հունաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարել էր, որ տեղյակ է պոլսահայ մտավորականի շուրջ ծավալված գործընթացից և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով։ Իսկ հաջորդ օրը՝ հունվարի 3-ին ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել էր Սամոս կղզու ոստիկանական այս բաժանմունք, որտեղ գտնվում էր Նիշանյանը։ 

Սևան Նիշանյանը Հայաստանի քաղաքացի է, ինչը նշանակում է, որ Հունաստանը լքելուց հետո նա կարող է գալ Հայաստան։ Հունական դատարանի վճռում գլխավորն այն է, որ նա չի արտահանձնվի Թուրքիային։ 

2014 թվականին Սևան Նիշանյանը ավելի քան 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Մինչև 2017 թվականը նա գտնվում էր Իզմիրի Ֆոչայի բաց ռեժիմով բանտում։ 2017-ի հուլիսի 14-ին Սևան Նիշանյանը Ֆոչայի բաց ռեժիմի բանտից թույլտվությամբ դուրս էր եկել և այլևս չէր վերադարձել։ Հետագայում նրա ֆեյբուքյան և թվիթերյան էջերում հայտնվել էր մի գրառում՝ «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»։

Դեռևս 2012 թվականից թուրքական իշխանությունը հետապնդում էր Սևան Նիշանյանին իր բլոգում խոսքի ազատության վերաբերյալ գրառման համար, որտեղ նա խոսել էր Մուհամեդ մարգարեին քննադատելու իրավունքի մասին։ Այդ ժամանակ Թուրքիայի արդարադատության նախարարը իր ելույթում հայտարարել էր, որ Մուհամեդ մարգարեին վիրավորելու ոչ մի փորձ անպատիժ չի մնա։ 2014 թվականի հունվարին նրան ձերբակալեցին և մեղադրանք առաջադրեցին՝ պետության կողմից պահպանվող տարածքում շինություն կառուցելու, շինարարական նորմերը խախտելու, ինչպես նաև սրբապղծության և մուսուլմանների կրոնական զգացմունքները ոտնահարելու համար։

Լուսանկարը՝ hurriyetdailynews.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter