HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռումինիայում հայերին սիրում են. համայնքն աստիճանաբար ձուլվում է

«Մենք հայերին սիրում ենք, նրանք մեզ նման են»,-ասում է ռումինացի Լարիսան: Նա ինձ Բուխարեստի փողոցներով ուղեկցում է մինչեւ Ռումինիայի հայկական եկեղեցի:

Եկեղեցին միանգամից տպավորություն է գործում. ճոխ, արձանաշատ շինություններին հակադրվում է  մոնումենտալ  լուծումներով  հայկական  եկեղեցին: Այն առաջին հայացքից հիշեցնում է Էջմիածնի եկեղեցին: Դրան կից, շենքի ճակատին ողջ երկարությամբ Հայոց ցեղասպանությունը հիշատակող ցուցապաստառ է: 

Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին է: Վերջինիս փոխարեն  դեռեւս 18-րդ դարում կառուցված է եղել մեկ ուրիշը, սակայն հիմքը փայտից  է եղել: 1781 թվականին հրդեհի պատճառով եկեղեցին այրվել է: Արդեն 1911 թվականին  այրված եկեղեցու տեղում սկսել են կառուցել նորը: Օծումը կատարվել է 1915  թվականին, երբ Արեւմտյան Հայաստանից հայերի մեծ հոսք է եղել Ռումինիա:

Եկեղեցուն կից գործող թանգարանի շենքում հանդիպում էր. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էին այցի եկել` հանդիպելու հայ համայնքի հետ: Ներկա մի քանի երիտասարդները Ռումինիայում սովորող հայաստանցի ուսանողներն էին: Հայ համայնքի ներկայացուցիչներ համարյա չկային: Տպավորություն ստեղծվեց, թե Ռումինիայի հայ համայնքն այնքան էլ ակտիվ չէ:

Ռումինիայի հայկական համայնքը գոյություն ունի արդեն հազար տարի, թեմը` վեց հարյուր տարի: Այն 1401 թվականին հիմնվել է Ալեքսանդր անունով հայ իշխանի կողմից:  

Այս երկար պատմություն ունեցող հայկական համայնքը, սակայն,  հիմա  առաջվա հզորությունը չունի: 2000-3000 հայ է ապրում ողջ Ռումինիայում: Գուցե եւ ավելի շատ են, սակայն արդեն ձուլվել  են: «Երիտասարդները հիմնականում մեկնում են Ռումինիայից: 1938 թվականին շուրջ 80 հազար մարդ կար այս համայնքի մեջ: Սակայն արդեն 40-ականներին, երբ խորհրդային կարգեր հաստատվեցին, տուժեց նաեւ հայկական համայնքը. հայ համայնքի մեծամասնությունը հարուստ էին, եւ բնականաբար խորհրդային կարգերի հաստատումով նրանք զրկվելու էին իրենց ունեցվածքից: Արդյունքում մեծ արտահոսք է եղել Ռումինիայից»,-պատմում է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը: Վերջինս մեկ ու կես տարի է, ինչ առաջնորդում է հայկական թեմը, ու նրա ասելով` այստեղ շատ անելիքներ կան. պետք է փրկել Ռումինիայի հայկական համայնքը:

Նրա խոսքերով` արտահոսքը շարունակվում է մինչ օրս: «Հազար տարվա գաղութ է, եւ այն չէր կարող ավելի երկար ապրել, քանի որ այստեղ չեն հալածում հայերին, այստեղ նրանց սիրում են, եւ  աստիճանաբար համայնքը, հայերը ձուլվում են»,-ասում է Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը: Այդուհանդերձ, նա չի ուզում հային ստրուկ տեսնել: Պետք է ազատության մեջ մնալ հայ ու պահպանել հայկական մշակույթը:

«Հիսուն տարվա մեջ չէր եղել այնպես, որ ողջ ռումինահայերը հավաքվեին: Անցյալ տարի հավաքեցինք նրանց, կարողացանք հավաքել շուրջ 70 երիտասարդ: Այո, նրանք պետք է որ ավելի շատ լինեն, սակայն ոչ բոլորն էին եկել…. Շատերն էլ մեկնել են աշխատանք որոնելու»,- պատմում է եպիսկոպոսը:

Արշալույս Պարոնյան Տաթեւ եպիսկոպոս Հակոբյան

Եկեղեցին մարդաշատ է հատկապես կիրակի օրերին` պատարագին: Մնացած օրերին եկեղեցին բաց է այցելուների համար 8.00-14.00, եւ հայ այցելուներն էլ շատ չեն: Միայն երբեմն եկեղեցու մոտով անցնող մարդկանց մեջ կարող ես գտնել հայերի. նրանք մի պահ կանգնում են, խաչակնքում: «Հայկական համայնքը երկար ժամանակ կղզիացած է ապրել, չենք շփվել մյուս թեմերի հետ, բայց հիմա կղզուց դուրս ենք գալիս, աստիճանաբար ինչ-որ բաներ անում: Չեմ ընդունում կղզիացումը,- շարունակում է եպիսկոպոսը: -Այստեղ կա վանք` Հաճկատարը, որի հինգ հարյուր  ամյակն է շուտով, եւ որը միակ սրբավայրն է, որ օտարներն են գալիս: Այս տարի նշելու ենք վանքի 500-ամյակը, եւ նախատեսվում է, որ ամենայն Հայոց կաթողիկոսը կգա….»:  

Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը  չի ուզում ասել, թե ամեն ինչ հրաշալի է.  իրական պատկերը տխուր է. հայկական համայնքն աստիճանաբար ձուլվում է. շատացել են խառնամուսնությունները, մոռանում են լեզուն, հայրենիքը….

Եկեղեցուն կից շենքը Տուտյան մշակույթի տունն է: Առաջին հարկում գրադարանն է, երկրորդում` թանգարանը:  Գրադարանում այս պահին ընթանում են գրքերի մշակման աշխատանքները: Այստեղ կան հնատիպ գրքեր` սկսած 1512 թվականին լույս տեսած գրքերից մինչեւ նորատիպ գրքեր: Գրքերի մշակմամբ զբաղվող Արշալույս Պարոնյանի խոսքերով, գրադարանը բավականին հարուստ է, սակայն դրանցից շատերը ոչ համապատասխան պայմաններում պահվելու պատճառով փչացել են: Այժմ  եղածները  փրկելու համար ջանքեր չեն խնայում:

1927թ. Հակոբ Սիրունին հիմնել է գրադարան, որը գործել է դպրոցի տարածքում, 15 տարի հետո  կառուցվել է նոր առանձին շենք, որտեղ եւ տեղափոխվել են ցուցանմուշներն ու գրքերը:

«1944-ին բացվել է մշակույթի տունը, սակայն,  ռուսական խորհրդային իշխանությունների գալով, այն  չծառայեց իր նպատակներին: Շատ գրքեր ոչնչացվեցին, իսկ Սիրունին աքսորվեց Սիբիր, գրադարանը դիտվեց որպես պետության սեփականություն եւ վերցվեց հայ համայնքից: 1987 թվականի այն նորից վերադարձվեց հայ համայնքին, տեղափոխվեց, դասավորվեց ամեն ինչ»,-պատմում է  նա:  

Կարդո՞ւմ են, խոսո՞ւմ են արդյոք Ռումինիայի  հայերը հայերեն: Ա. Պարոնյանի խոսքերով, ռումինիահայերը  հայերեն չգիտեն, աստիճանաբար մոռանում են: Արեւմտյան Հայաստանից եկած հայերի սերունդներն աստիճանաբար մոռանում են լեզուն, նոր եկածները գիտեն հայերեն, սակայն նրանք էլ շատ արագ յուրացնում են ռումիներենը, ձուլվում:

Երբ դուրս եկա, արդեն կիսամութ էր: Հենց եկեղեցու  մոտ խաչակնքող մի կնոջ հարցրեցի` ինչպես գտնեմ ճանապարհը, եւ երբ իմացավ` հայ եմ, մի պահ կանգ առավ,  ասաց. «Ես էլ, բայց հայերեն չգիտեմ: Ինչպիսի՞ն է Հայաստանը…»:

Նա պատասխանի չէր սպասում:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանություններ (1)

Haik
Alexadr anunov ishxan@ hai cher...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter