HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երբ ընդամենը 12 տարեկան ես և մեկ տարում հասցրել ես խաղալ 5 տարբեր ներկայացումներում

-Դասական, ծեծված հարց եմ տալու՝ փոքր ժամանակ ի՞նչ էիր երազում դառնալ,- դիմացս նստած փոքրամարմին տղայի աչքերը կլորանում են, հետո թեթեւակի ժպտում է բերանի անկյուններով:

-Ինչ էի երազում դառնա՞լ,- ծոր տալով կրկնում է հարցս,- իհարկե բանկի կառավարիչ, էդ ժամանակ 4 տարեկան  էի...

-Բանկի կառավարի՞չ,- ականջներիս չեմ հավատում, ինձ թվում է կատակում է,- բանկի կառավարիչ էիր երազում դառնալ 4 տարեկանու՞մ...

-Հա՛, հա՛... բոլոր երեխաներն էլ երազում են էդ մասին... հետո արդեն 5 տարեկան էի, ֆիլմ էի նայում ու մտածեցի, որ լավ կլինի դերասան դառնամ,- տղան ծիծաղկոտ հայացքով նայում է ինձ: Ես ուսերս եմ թոթվում՝ հասկանալով, որ իմ սերունդն այդ տարիքում ամենաշատը երազում էր ինչ-որ կախարդական թագավորությունում հայտնվելու մասին:

Սեւ, անհնազանդ գանգուրներն անընդհատ թափվում են աչքերին ու տղան պարբերաբար ձեռքով հետ է տանում, որից՝ զեյթունի հատիկներ հիշեցնող աչքերն առավել արտահայտիչ են դառնում: 12-ամյա Արտուշ Բաղդասարյանի խաղացանկում առայժմ բանկի կառավարչի դեր չկա․ դե տարիքն այն չէ, գուցե ապագայում առիթ լինի խաղալու այդ կերպարը, գուցե եւ՝ ոչ, սակայն անցած մեկ տարում հասցրել է բավականին լուրջ խաղացանկի տեր դառնալ:

«Մենք միշտ մտածում էինք, որ Արտուշիկը կընտրի երաժշտությունը, կգնա այդ ուղղությամբ: Հնարավոր է առավել մեծ տարիքում ուզենար բժշկություն սովորել, չգիտեմ, բայց որ կուզենա դառնալ դերասան, մտքովս չէր անցել»,- խոստովանում է Արտուշի մայրը՝ Վարսիկ Բաղդասարյանը:

«Ես չեմ ընտրել, կյանքը պարտադրեց»,- Արտուշը չի կարողանում զսպել ծիծաղը: Պատասխանը մեծավարի է ստացվում, սակայն ճշմարտության տարր կա ասածի մեջ: Արտուշը չի դիտել եւ հավանաբար, երբեւէ չնայի էլ 1977թ, ԽՍՀՄ-ում նկարահանված «Փոքրի՛կ, ուզու՞մ ես նկարվել կինոյում» ֆիլմը: Հնարավոր է նաեւ չգիտի հանրահռչակ այն բոլոր դերասաններին, որոնց կյանքը կտրուկ փոխվել է, երբ «Ձերդ գերազանցություն, մեծն պատահականությունը» ռեժիսորի ասիստենտի կերպարանքով հայտնվել է նրանց կյանքում: Արտուշի պարագայում ճակատագիրն այլ լուծումներով է առաջնորդվել:

«Մենք գնացինք երաժշտության հետեւից, բայց հայտնվեցինք թատրոնում»,- ասում է Վարսիկը: 2020թ․ Գյումրու դրամատիկ թատրոնը որոշել էր հոբելյանական 155-րդ թատերաշրջանը բացել Վարդան Պետրոսյանի «Վերելք» ներկայացմամբ: Ստեղծագործական թիմը փնտրում էր ձայնային տվյալներ ունեցող փոքրիկների: Հարցումներն ուղարկվել էին քաղաքում գործող երաժշտական կրթություն ապահովող բոլոր կառույցներին: 

«Ինձ զանգեց Հայորդաց տան երգչախմբի խմբավար Սոնա Զառաֆյանը, Արտուշիկից լուսանկար խնդրեց ու ասաց, որ պիտի ուղարկեն Ֆրանսիա, քանի որ նոր ներկայացում է լինելու Գյումրիում, Կոմիտաս երգող երեխա են ուզում,- պատմում է Վարսիկը,- հետո քասթինգի օր նշանակեցին, գնացինք թատրոն: Ահագին երեխեք էին եկել ու ճիշտն ասած հույս չունեի, թե Արտուշիկը կընտրվի: Բայց առաջին փուլն անցանք, Վարդան Պետրոսյանը մեզ ասաց, որ երեկոյան ժամը 7-ին նորից գանք թատրոն: Այդ ժամանակ էլ հայտնեցին, որ Արտուշիկը ոչ միայն ընտրվել է, այլեւ փոքրիկ Կոմիտասի դերն է խաղալու»:

«Վերելքի» նախապատրաստական աշխատանքները սկսվել էին օգոստոսին, սեպտեմբերին թատրոնում արդեն բուն փորձերն էին ընթանում, երբ արցախյան պատերազմի մասին բոթը խաթարեց ամեն ինչ, անգամ խոսակցություններ եղան ընդհատելու աշխատանքները: Սակայն որոշակի դադարից հետո փորձերը թատրոնում վերսկսվեցին:

«Ներկայացման փորձերն ինչ-որ տեղ փրկություն էր նաեւ մեր ընտանիքի համար,- խոստովանում է Վարսիկը,- ամուսինս պայմանագրային զինծառայող էր, հոկտեմբերին նրան տեղափոխել էին Ջրական, գիտեինք, որ ծանր մարտեր էին ընթանում: Ես աշխատում էի, որ երեխաներս հնարավորինս նեգատիվ լուրերի հետ չառնչվեն՝ հատկապես Արտուշիկը: Ինքը ներկայացման մեջ նաեւ Ադանայի ջարդերից փախչելու տեսարաններում էր խաղում, եւ ես չէի ուզում, որ իրական պատերազմի լուրերը հասնեն նրան: Հիշում եմ՝ հոկտեմբերի 15-ին Մուշեղը զանգեց, էդ ժամանակ թատրոնում էինք, ասաց, եթե տուն գամ՝ էդ արդեն մեծ նվեր կլինի մեր ընտանիքի համար, բայց եթե չեկա՝ կխնդրեմ երեխեքի հետ մնաս մեր տանը, ծնողներիս մոտ: Կհարցնեմ՝ Մուշե՛ղ, ի՞նչ է եղել, ինչի՞ ըդպես բան կըսես, պատասխանեց, որ տղեքը հեչ մեկը չկան: Դրանք շատ ծանր օրեր էին, ու վստահ եմ, որ իրան էլ, մեզ էլ՝ թեւ տվողը Արտուշիկն էր»:

Թատրոնի շենքի պատերից ներս լռում էին դրսի աղմուկն ու պատերազմի ձայները: Այն, ինչ կատարվում էր բեմում, արվեստ էր, ու դա, թեկուզ ժամանակավոր, մոռացության էր տալիս սարսափելի իրականությունը, որի թատերաբեմն Արցախն էր: Բաղդասարյանները հաղթահարում են ճգնաժամը, ընտանիքի հայրը երեք ամիս անց վերադառնում է, Արտուշի թատերական կարերիան «Վերելք»-ի շնորհիվ սկսում է վերելք ապրել: Տղային առաջարկում են խաղալ փոքրիկ Ոստանիկի դերը «Արշիլ Գորկի» ներկայացման մեջ, իսկ 2021թ․ միանգամից երեք առաջարկ է ստանում՝ «Փրկության կղզին», «Մաուգլի» եւ «Քայլեր» ներկայացումներում խաղալու:

«Ես թատրոնում միշտ եղել էի որպես հանդիսատես, մանկական ներկայացումներ եմ նայել: Երբ առաջին անգամ բեմ բարձրացա, զգացի, որ սիրտս ավելի արագ սկսեց տկտկալ: Ես ոտքս դնում եմ բեմին ու հասկանում եմ, որ....հասկանում եմ, որ թատրոնում եմ»,- Արտուշը խորը շունչ է քաշում: Մայրը նկատում է, որ թատրոնը ոչ միայն փոխել է իրենց կյանքը, այլեւ շատ դրական է ազդել տղայի վրա, դարձրել է ավելի շփվող եւ անմիջական: Ամեն չնչին բանից հուզվող, հասարակ դիտողությունից կարկամող, փոքր սխալից խառնվող Արտուշը վերածվել է համարձակ, բաց, իր կարծիքը հանգիստ շարադրող պատանյակի: «Երաժշտականում, եթե նույնիսկ աննշան սխալ անեի, կարող է տեղում լաց լինեի»,-հաստատում է Արտուշը:

Հինգ ներկայացում, հինգ տարբեր ռեժիսոր, ու՞մ հետ է ավելի սիրով աշխատել փոքրիկը եւ ո՞րն է ամենասիրելի դերը: Պատասխաններում Արտուշն առավելագույն կերպով անկեղծ է:

«Շատ հեշտ էր աշխատելը Վարդան Պետրոսյանի հետ: Ինքը շատ հանգիստ, մեղմ մարդ է, երբեք ձայնը չէր բարձրացնում: Փորձերի ժամանակ թաքցնում էր իր տեքստերը, չէր ասում, հետո, արդեն ներկայացման ժամանակ, մենք կուլիսներում կանգնած ծիծաղում էինք: «Արշիլ Գորկի» ներկայացման ռեժիսորը Հովհաննես Հովհաննիսյանն է, ինքը կոնկրետ հանձնարարություն էր տալիս, ասում էր՝ էս արեք, էս մի արեք, սա եմ ուզում, սա չեմ ուզում տեսնել: Նիկոլայ Ծատուրյանի հետ ավելի դժվար էր աշխատելը, ինքը մի քիչ խառն է դնում պահանջները: Ինձ ասում էր, որ պիտի մի քիչ ռազբոյնիկ լինեմ։ Ես սկզբում լավ չէի ջոկում, ախր էն նախորդ երկու ներկայացման մեջ դրամատիկ դեր էի խաղացել, հետո սովորեցի, ու դա ինձ օգնեց արդեն Մաուգլի խաղալիս,- նկատում է Արտուշը,- Ասպրամ Բաղդասարյանի հետ էլ է հեշտ եղել աշխատել, պրոբլեմ չեմ ունեցել, բայց երեւի ամենաուրախը «Մաուգլի» ներկայացման փորձերն էին: Շատ էինք չարչարվում ու ամենասիրածս պահն էր, որ ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ասում էր՝ վե՛րջ, ազատ եք»:

-Չես մեծամտացել, չէ՞,- փորձում եմ հասկանալ՝ չի՞ փոխել փառքը շնորհալի պատանյակին,- դպրոցում քեզ ինչպե՞ս են վերաբերվում:

-Սովորական, ինչպես հազարից մեկ տեսնողին,- ծիծաղում է՝ կկոցելով աչքերը:

-Դե մազերդ երկարացրել ես, Մաուգլի խաղալու պատճառով գրեթե մի կիսամյակ դասի չես հաճախել, բոլոր ուսուցիչներն ու դասընկերներդ ներկայացման տոմս են գնել ու եկել քո խաղը դիտելու, ամեն ինչ նու՞յնն է մնացել քո կյանքում:

-Հա՛, իհարկե, նույնն է մնացել,- մի քանի վայրկյան մտածկոտ լռում է ու արդեն ժպիտով շարունակում,- բայց մի բան փոխվել է, բոլորն ուզում էին օգնել, որ բաց թողած դասերս լրացնեի, մեկ էլ հաշտվել են էն մտքի հետ, որ երկար մազերով եմ դասի գնալու:

Փոքր սենյակում, որտեղ դաշնամուրն է, պատը զարդարում են Արտուշի մրցանակները՝ երաժշտական տարբեր մրցույթներում ստացած, հիմնականում՝ առաջին տեղ: Տղայի երաժշտական ունակությունները բացահայտվել են առաջին դասարանում, զարմանալիորեն՝ կրկին բեմադրության շնորհիվ:

«Արտուշիկենք ներկայացում ունեին, ուսուցչուհին երգող երեխա էր փնտրոււմ։ Աշակերտներից մեկի հորեղբայրը, որը ձայնագրման ստուդիա ուներ, եկել էր լսելու, ասել էր այդքան երեխայի լսեցի, ձայնային տվյալներ միայն էս տղան ունի: Այդ ժամանակ Արտուշը դեռ չէր հաճախում երաժշտական դպրոց։ Դրանից հետո տարել ենք, ընտրել էինք «Գոհար» երաժշտանոցն ու անչափ գոհ էինք, որովհետեւ պրոֆեսիոնալներ էին դասավանդում,- նկատում է Վարսիկը,- մենք, ճիշտն ասած, նպատակ ունենք Արտուշի երաժշտական կրթությունը Ֆրանսիայում շարունակել, բայց ուզում ենք, որ հիմնական, բազային գիտելիքները ստանա Հայաստանում՝ թե՛ դպրոցական, թե՛ երաժշտական»:

Դաշնակահա՞ր, թե՞ դերասան, երաժշտությու՞ն, թե՞ թատրոնի կախարդական աշխարհ: Եթե ծնողների համար ամեն ինչ խառնվել է իրար, Արտուշի գանգրահեր գլխում հստակություն է՝ որոշել է համատեղել:

«Ես ուզում եմ իմ բոլոր ունակությունները միավորել՝ երաժշտական, թատերական, գիմնաստիկա, դրանք բոլորն էլ պետք են գալիս ներկայացումների մեջ,- ուսերն է թոթվում փոքրիկը,- տեսե՛ք՝ ես խաղացել եմ և՛ դրամատիկ, և՛ էպիկ դերեր, նաեւ կատակերգակ, երգել եմ, վազել եմ: Թատրոնում ամեն ինչն էլ պետք է գալիս, ու ինչքան շատ ես բազմակողմանի զարգացած, էնքան շատ շանսեր կան հետաքրքիր դերեր ստանալու»:

Մեկնաբանություններ (1)

Լալա Զաճարյան-Ջնդոյան
Հիրանալի է որ երեխայի մեջ զարգանում է այն…ինչ վերուց է։Կանի որ տարիքով փոքր է և միգուցե հետո նոր մտահաղացումներ առաջ կգան։ Շատ ուրախալի է-որ մեր սիրելը քաղաքում այսպիսի տաղանդներ կան։ Տա Աստված տաղանդը կրկնապատկվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter