
Ցմահ ազատազրկվածները հիմնականում ուտում են հարազատների բերած սնունդը
ՀՀ-ում երբեք չի իրականացվել այնպիսի հետազոտություն, որը կպարզեր ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահման արժեքը, սակայն, ըստ ՀՀ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբի տվյալների, մեկ դատապարտյալի համար նախատեսված է օրական 500-600 դրամ: Հայաստանում ցմահ դատապարտյալների պահման պայմանների և իրավական կարգավիճակի ուսումնասիրությունն այսօր հրապարակեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտը:
Ըստ ուսումնասիրության' Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտվածները պահվում են 2 քրեակատարողական հիմնարկներում' մեծ մասը' «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, միայն 2-ը ' «Կենտրոն» ՔԿՀ-ում:
Դատապարտյալների խցերի վիճակը բավարար սանիտարահիգիենիկ պայմաններում են: «Նուբարաշեն»-ում խցերը միանման են և ունեն 30 քմ մակերես, որտեղ հիմնականում պահվում է 4 անձ, սակայն որոշ խցերում պահվում է 2 անձ: Սրանք այն մարդիկ են, ովքեր ունեն միջանձնային խնդիրներ մյուս դատապարտյալների հետ:
Ազատազրկվածների խցերը վերջին անգամ վերանորոգվել են 3-4 տարի առաջ: Ցմահ դատապարտյալները, ինչպես մյուս ազատազրկված անձինք, օրական ստանում են երեքանգամյա սնունդ, սակայն որպես կանոն նրանք այդ սննդից չեն օգտվում և ուտում են հարազատների կողմից բերվող սնունդը:
Վերջին 3 տարիների ընթացքում ցմահ ազատազրկվածները հնարավորություն չունեն զբաղվել սպորտով, քանի որ սպորտի համար նախատեսված սենյակը այժմ դատապարտյալի խուց է:
Ցմահ ազատազրկման դատապարտված հոգեբանական ազդեցության գնահատում երբեք չի իրականացվել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել