HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ հայտարարությունը՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է հետևյալը․

«Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Անկախությունից ի վեր, ԱՄՆ եղել ու շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը, որը մշտապես նեցուկ է եղել երկրում իրականացվող զարգացման ու բարեփոխումների ծրագրերին։

Հայաստանը կարևորում է նաև ԱՄՆ ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հարցում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։

Կարող ենք վստահաբար արձանագրել, որ երեսունամյա մեր փոխգործակցությունը հիմնված է ընդհանուր արժեհամակարգի վրա․ մարդու իրավունքների պաշտպանություն, հավատարմություն ժողովրդավարական սկզբունքներին ու իրավունքի գերակայությանը:

Գոհունակությամբ ենք ընդգծում, որ 2019 թվականին հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվեցին նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի և լիահույս ենք, որ այն նոր լիցք կհանդիսանա մեր պետությունների փոխգործակցության օրակարգում։

ԱՄՆ-ի՝ որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ջատագովի վառ ապացույցն է Հայոց ցեղասպանության ճանաչումը: 2020 թվականին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների բանաձևերը, 2021թ․-ի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի հայտարարությունը նշանակալից քայլ էր մարդու իրավունքների գերակայության ապահովման, պատմական արդարության վերականգնման և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։

ԱՄՆ եղել է Հայաստանի կողքին՝ մեր ժողովրդի համար կարևոր բազմաթիվ իրադարձությունների ժամանակ։ Հայաստանն իր համեստ ներուժով մասնակցել ու աջակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և խաղաղության ու անվտանգության հաստատման ամերիկյան նախաձեռնություններին։

Մեր երկկողմ հարաբերություններում իր անգնահատելի ներդրումն է ունեցել ամերիկահայությունը, որն իր ակտիվ գործունեությամբ կապող կամուրջ է հանդիսանում մեր պետությունների միջև:

Lիահույս ենք, որ փոխշահավետ համագործակցությունը նորանոր ձեռքբերումներ կունենա ապագայում` ի շահ մեր երկու ժողովուրդների»:

Մեկնաբանություններ (1)

Sevag
Is this a joke? Did u forget, America was helping Azerbaijan during 44 war.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter