Կորոնավիրուսի ֆրանսիական տարբերակը դեռ լայն տարածում չունի
Կորոնավիրուսի B.1.640 տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրանսիայում, դեռևս չունի լայն տարածում և գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիտարկման ներքո։ Այդ մասին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերկհովեն, որը հեռարձակվել է կազմակերպության յութուբյան ալիքում։
ԱՀԿ տվյալներով՝ SARS-CoV-2 վիրուսի այս տարբերակը 2021 թվականի սեպտեմբերին հայտնաբերվել է մի քանի երկրներում, իսկ նոյեմբերին կազմակերպության փորձագետները դրան տվել էին «դիտարկման տակ գտնվող տարբերակ» կարգավիճակը։ Ֆրանսիայում կորոնավիրուսի այդ տարբերակին բաժին է հասնում վարակման դեպքերի 1 %-ից էլ պակաս, նշում է վան Կերկհովեն։
«Շատ կարևոր է դրան հետևելը, հատկապես հաշվի առնելով մուտացիաների թիվը, որն այն ունի, սակայն ներկայումս դա լայն տարածում չունի»,- ընդգծել է ԱՀԿ ներկայացուցիչը։ Ընդ որում, վան Կերկհովեն տվյալներ չի ներկայացրել աշխարհում B.1.640 տարբերակով վարակման դեպքերի վերաբերյալ։
Զուգահեռաբար, աշխարհում վերջին 7 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, ի տարբերություն նախորդ շաբաթվա, աճել է 71 %-ով՝ կազմելով ռեկորդային 9,5 միլիոն։ «Նախորդ շաբաթ գրանցվել է համավարակի մեկնարկից ի վեր COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ թիվը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։ Նա նշել է, որ, կազմակերպության կարծիքով, իրական թվերը կարող է ավելի մեծ լինեն՝ հաշվի առնելով տոնական օրերին իրականացված թեստերի ցածր թիվն ու ոչ ամբողջական տեղեկատվությունը, որն ստացվում է պետություններից։
Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, վերջին մեկ շաբաթվա ընթացքում, կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Եվրոպայում ավելացել 65 %-ով։
Լուսանկարը՝ REUTERS/Sarah Meyssonnier
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել