«Սիրելի՜ մայրիկ, հուսամ՝ շուտով կհանդիպենք». ռազմաճակատից ամերիկացի զինծառայողի նամակն ընտանիքին հասել է 76 տարի անց
Ամերիկյան բանակի 22-ամյա սերժանտ Ջոն Գոնսալվեսը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը դիմավորել է Գերմանիայում։ 1945 թվականի դեկտեմբերին նա նամակ է ուղարկել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում ապրող իր մորը, որը, ըստ BBC-ի հրապարակման, հայտնաբերել են միայն հիմա՝ Փիթսբուրգի փոստային բաշխիչ կետում։
«Սիրելի՜ մայրիկ, այսօր քեզնից ևս մեկ նամակ ստացա, շատ ուրախ եմ, որ քո մոտ ամեն ինչ լավ է։ Ես նույնպես լավ եմ, ամեն ինչ հաղթահարում եմ։ Բայց սնունդը մեծ հաշվով ահավոր է։ Համբուրում եմ ու գրկում։ Քո որդի Ջոնի։ Հուսամ, որ արդեն շուտով կտեսնեմ քեզ»,- այսպես է իր նամակն ավարտել ամերիկացի սերժանտը։
Ջոն Գոնսալվեսը մահացել է 2015 թվականին, իսկ նրա մայրը՝ շատ ավելի վաղ։ Սակայն ԱՄՆ փոստային ծառայությունը գտել է սերժանտի այրուն՝ Անջելինային, որի հետ Ջոնը ծանոթացել է պատերազմից վերադառնալուց հինգ տարի անց, և որը նախկինի պես բնակվում է ամուսնու հարազատ՝ Մասաչուսեթս նահանգի Ուոբերն քաղաքում։
Հունվարին կլրանա Անջելինայի 90-ամյակը։ Նամակը նրան է հասցվել Սուրբ ծննդից ոչ շատ առաջ։ 90-ամյա կնոջ խոսքով՝ դա լավագույն տոներն էին նրանից հետո, երբ մահացավ Ջոն, որովհետև նա կարծես նորից վերադարձավ իր մոտ։
Տեղական WFXT-TV-ին Անջելինան պատմել է, թե ինչպես դեկտեմբերյան օրերից մեկին իրենց դուռը թակեց փոստատարը և հարցրեց՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայե՞լ է արդյոք իր ամուսինը բանակում։ Ստանալով դրական պատասխան՝ փոստատարը իրեն է փոխանցել նամակը, որը կորել էր մի քանի տասնամյակ առաջ։ «Պատկերացնո՞ւմ եք, 76 տարի։ Ես չէի կարող հավատալ։ Բայց սա նրա ձեռագիրն է, նրա ոճը։ Անհավանական է»,- տեղի հեռուստաընկերությանը պատմել է 90-ամյա կինը։ Ջոն և Անջելինան միասին ապրել են 61 տարի, ունեցել 5 երեխա։
USPS-ի (ԱՄՆ փոստային ծառայություն) Փիթսբուրգի աշխատակիցները նամակին կից գրություն են դրել, որտեղ նշել են, որ իրենց համար մեծ պատիվ է նման ուղերձի առաքումը։ «Մենք չգիտենք, թե որտեղ է վերջին յոթանասունից ավել տարիներին եղել այդ նամակը, բայց մոտ վեց շաբաթ առաջ այն հայտնվել է մեր բաժանմունքում։ Նամակն, անկասկած, մեծ արժեք ունի ձեր ընտանիքի պատմության համար, և մեզ համար շատ կարևոր է այն առաքել ձեզ»,- նշվում է գրառման մեջ։
Լուսանկարը՝ dailyadvent.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել