HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ոստիկանությունը ստուգում է Աղավնոյի անցակետում տեղի ունեցած դեպքի հանգամանքները

Ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և  ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր ժամը 13-ի սահմաններում հերթական կայանման պահին հիշյալ խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ, այդ թվում ցուցադրվել է, հավանաբար, ռազմամթերք։ 

ԱՀ Դատախազությունը տեղեկացնում է, որ ոստիկանությունն անմիջապես արձագանքել է դեպքին, առգրավվել ենթադրյալ ռազմամթերքը։

«Ներկայումս ոստիկանության կողմից դեպքի առնչությամբ կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում  տվյալ վայրում գտնվող անձանց կողմից զենք կամ զինամթերք ապօրինի պահելու այլ դեպքերը բացահայտելու և դրանք առգրավելու ուղղությամբ։

Դեպքի հետևանքով որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վնաս չի պատճառվել։ Դեպքի և դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ նախաձեռնելու մասին  համապատասխան տեղեկությունն առաջիկայում կփոխանցվի նաև ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին։ 

ԱՀ իրավապահ մարմինները անընդունելի են համարում արցախա-ադրբեջանական շփման հատվածներում որևէ սադրիչ կամ հանցավոր գործողություն և պատրաստակամ են պայքարելու նման երևույթները բացառելու և կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններից ակնկալելով նույնպիսի մոտեցում»,-ասված է Դատախազության հաղորդագրության մեջ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter