Մեքսիկան ԱՄՆ-ին առաջարկել է Արևմտյան կիսագնդում Եվրամիության նման միավորում ստեղծել
Մեքսիկայի իշխանություններն Ամերիկայի Միացյալ Նահանգներին առաջարկել են դիտարկել Արևմտյան կիսագնդում Եվրամիության նման միավորման ստեղծման հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը։
«Մեքսիկան ԱՄՆ-ին առաջարկել է շարժվել միավորման ստեղծման ուղղությամբ, որն ավելի շուտ նման կլինի ԵՄ-ին։ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը արդեն շատ է հնացել<...> Այնպես, որ առաջարկվել է ստեղծել մեկ այլ բան, բայց դա կախված կլինի այն ուժից, որը մենք` Լատինական Ամերիկայի երկրները և Կարիբյան ավազանը, կցուցաբերենք միասին։ Եթե մենք միասնական լինենք, դա մեզ կհաջողի»,- լրագրողներին հայտարարել է Էբրարդը՝ Արգենտինա կատարած այցի ժամանակ, որտեղ ընթանում էր Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համագործակցության (CELAC) անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը։
Նախորդ տարվա հուլիսին CELAC-ի ԱԳ նախարարների Մեխիկոյում կայացած գագաթնաժողովի ժամանակ, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին կոչ էր արել աշխատել տարածաշրջանի ներսում մեծ ինտեգրման շուրջ և առաջարկել դիտարկել Եվրամիության նման միավորման ստեղծման հնարավորությունը, որը պետք է փոխարինի Ամերիկյան պետությունների կազմակերպությանը։
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը միջկառավարական տարածաշրջանային կազմակերպություն է, որի անդամներն են Արևմտյան կիսագնդի պետությունների մեծամասնությունը, բացառությամբ Վենեսուելայի և Կուբայի։ Կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում։ Կազմակերպությունը բազմիցս մեղադրվել է քաղաքականացված լինելու մեջ։
Լուսանկարը՝ Sean M. Haffey/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել