
Թուրքմենստանի նախագահը հանձնարարել է մարել «Դժոխքի դարպասները»
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանձնարարել է ճանապարհներ գտնել մարելու Կարակում անապատում գտնվող գազային խառնարանը, որը հայտնի է «Դժոխքի դարպասներ» անվամբ։ Այդ մասին գրում է Meduza-ն։
Կարակում անապատի գազային խառնարանը, որը գտնվում է Դարվազի շրջանում, ի հայտ է եկել 1971 թվականին՝ այդ վայրում հետախուզական հանքի փլուզման արդյունքում։
Նախարարների խորհրդի հունվարի 7-ի նիստին Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ երկար տարիներ այնտեղ այրվում է գազի մեծ քանակություն, «կորսվում է այն հումքը, որի արտահանման համար կարելի է զգալի շահույթ ստանալ և ուղղել մեր ժողովրդի բարեկեցության բարձրացմանը»։ Բացի այդ, Թուրքմենստանի նախագահը նշել է, որ այրվող գազային խառնարանը «բացասաբար է ազդում ինչպես բնապահպանության, այնպես էլ մոտակայքում բնակվող մարդկանց առողջության վրա»։
Բերդիմուհամեդովը փոխվարչապետ Շահիմ Աբդրահմանովին հանձնարարել է «հավաքել գիտնականներին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ արտասահմանյան խորհրդատուների» և ճանապարհ գտնել մարելու այրվող խառնարանը։
«Դժոխքի դարպասներ»-ը մոտ 60 մետր լայնություն և մոտ 20 մետր խորություն ունեցող խառնարան է։ Այն Թուրքմենստանի տեսարժան վայրերից մեկն է։ Այրվող խառնարանի պաշտոնական անվանումը «Կարակումի փայլ» է։
Լուսանկարը՝ Tormod Sandtorv / Wikimedia Commons
Մեկնաբանել