HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փարաքարում համայնքապետ ընտրվեց ամենաքիչ ձայներ ստացած թեկնածուն

Այսօր Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը։ Նրա օգտին քվեարկել է ավագանու 21 անդամից 11-ը։ Մանդատները վայր դնելու մասին հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ իրենց 10 ավագանիները չեն մասնակցում քվեարկությանը և վայր են դնում մանդատները։

Ուշագրավն այն է, որ Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 6 մանդատ, իսկ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 5, սակայն համայնքի ղեկավար ընտրեցին ամենաքիչ ձայներ ստացած ուժի թեկնածուին։ ՔՊ-ի և Դավիթ Մինասյանի համագործակցության նպատակն էր ամեն գնով Փարաքարում պահել իշխանությունը։ Դավիթ Մինասյանը Փարաքարի նախկին համայնքապետն է։

Հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո Փարաքարում չէին կարողանում համայնքապետ ընտրել։ 

Դեկտեմբերի 20-ին ավագանու անդամները նիստ էին հրավիրել, և 21 անդամից 10-ը համայնքի ղեկավար էր ընտրել «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանին: Նույն օրը նիստ են հրավիրել նաև ավագանու մնացած 11 անդամները, որոնք ներկայացնում են «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և համայնքի ղեկավար ընտրել Դավիթ Մինասյանին:

Երկու կողմերն էլ հայտարարում էին, թե իրենց թեկնածուն է ընտրվել։ Փաստացի ստացվել էր, որ համայնքն ունի երկու համայնքապետ:

2021թ. դեկտեմբերի 30-ին վարչական դատարանն անվավեր է ճանաչել համայնքապետ ընտրելու՝ ավագանու որոշումը։ Դրանից հետո ավագանին հունվարի 5-ին դարձյալ նիստ էր հրավիրել, որը չէր կայացել։

Ավագանին հերթական նիստը հրավիրել էր հունվարի 7-ին՝ օրակարգում ունենալով համայնքի ղեկավար ընտրելու մասին հարցը։ Նիստը բացվել էր, սակայն այդպես էլ չէր կայանում։ Այսօր վերջապես ավագանու անդամներն ընտրել են համայնքի ղեկավար։

Ընտրություններից հետո պարբերաբար բողոքի ակցիաներ էին ընթանում Փարաքարում՝ ի պաշտպանություն Վոլոդյա Գրիգորյանի։

Նշենք, որ այսօր Փարաքարի ավագանու նիստին ներկա էին ՔՊ-ական մի շարք պատգամավորներ՝ Հայկ Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը, Վահագն Ալեքսանյանը։ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամներից նշեցին, որ սա անուղղակի ճնշում է ավագանու վրա, որպեսզի վերջիններս ընտրեն ՔՊ-ի նախընտրած թեկնածուին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter