HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները․ ՄԻՊ

Ճանապարհային երթևեկության կանոններն ու նշաններն անփոխարինելի կարևոր են, բայց պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները։

Օրինակ՝ արագաչափ սարքերի համար տեղադրված զգուշացնող նշանները չունեն որևէ լուսավորություն, տեսանելիության համար անհամաչափ փոքր են:

Հաճախ «թաքնված են» ծառերի կամ շինությունների հետևում: Շատ են դեպքերը, երբ բացակայում են արագության սահմանափակումը ցուցադրող նշանները (արագության սահմանափակող կանոնները հաճախ են տարբերվում անգամ հավասար պայմաններում. օրինակ՝ միևնույն բնակավայրում): Չկան արագաչափին մոտեցող մեքենայի արագությունը ցուցադրող սարքեր:

Սրան գումարած քիչ չեն դեպքերը,  երբ հատկապես Երևանից դուրս չլուսավորված փողոցների պատճառով է, որ արագաչափ սարքերն ու զգուշացնող նշաններն ընդհանրապես չեն երևում:

Ճանապարհների գծանշումների (օրինակ՝ հոծ գծերը) բացակայությունը ու մի շարք այլ գործոններ ավելին են սրում խնդիրը և ավելացնում վթարների կամ պարզապես խախտումների ռիսկը:

Քանի որ քաղաքացուն տուգանելու հիմքում ամբողջությամբ դրվում են արագաչափերի արձանագրումները, ապա պետք է ապահովվի նաև բավարար կանխատեսելիություն ու կոնկրետություն մարդկանց համար՝ անհիմն տուգանքի չենթարկվելու համար:

Լուսավորություն չունեն կամ արտահայտված տեսանելի չեն հետիոտնային անցումները (հարցը հատկապես սուր է մարզերում): Սա էլ իր հերթին լուրջ խնդիր է առաջացնում թե՛ հետիոտների, թե՛ վարորդների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Կան այլ նշանների օրինակներ ևս:

Իրականում ճանապարհային երթևեկության հետ կապված պետության գլխավոր նպատակը ճանապարհային անվտանգ երթևեկության ապահովումն է երթևեկության բոլոր մասնակիցների համար, անհրաժեշտ կանոնների ու կանխատեսելի նշանների առկայությունը:

Իսկ այս խնդիրը լուծելու լավագույն ճանապարհը կանխարգելումն է. այսինքն՝ պետությունը պետք է այնպես անի, որ մարդը կանոնների խախտում թույլ չտա:

Հակառակ դեպքում կստացվի պետությունը կանխարգելելու փոխարեն շեշտը դնում է պատժելու վրա:

Վերջապես, մարդու իրավունքների լիարժեք երաշխավորումը ենթադրում է պետության կողմից մարդու նկատմամբ իր պարտավորությունների լիարժեք կատարում. հակառակ վիճակը միշտ բացասական է ազդելու ամեն մարդուն վերաբերող իրավիճակներում:

Այս ամենից բացի, քանի դեռ պետությունը լիարժեք չի կատարել իր պարտավորությունները մարդու նկատմամբ, չի կարող ապահովել նրա աչքերում արդարացիության ընկալում իր արարքների, այդ թվում՝ տուգանքի համար:

Մենք կբարձրացնենք այս հարցը և կնախաձեռնենք պետական պատասխանատու մարմիններին ուղղված անհրաժեշտ լուծումների առաջարկներ։

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter