HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Տոկաևը Ղազախստանում տեղի ունեցած անկարգություններն անվանել է պետական հեղաշրջման փորձ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ այդ երկրում տեղի ունեցած անկարգությունները դարձել են պետական հեղաշրջման փորձ։ 

«Տարերային բողոքների քողի տակ ծավալվել է զանգվածային անկարգությունների ալիք, կարծես միասնական թիմով հայտնվել են կրոնական արմատականները, քրեական տարրերը, ավազակները, կողոպտիչները և մանր խուլիգանները: Սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական պահանջները երկրորդ պլան են մղվել, դրանց մասին մոռացել են»,- նշել է Տոկաևը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, որը տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է հունվարի 10-ին։ 

Նրա խոսքով՝ Ղազախստանի իշխանությունները լսել և կատարել են ցուցարարների սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական պահանջները։ «Դրանից հետո ծավալվել է տաք փուլը և գործողության մեջ են մտել զինված գրոհայինների խմբերը, որոնք սպասում էին իրենց ժամին։ Պարզ է դարձել գլխավոր նպատակը. սահմանադրական կարգի տապալում, կառավարման ինստիտուտների կործանում, իշխանության գրավում։ Խոսքը գնում է պետական հեղաշրջման փորձի մասին»,- նշել է Ղազախստանի նախագահը։ 

Նա հայտնել է, որ Ղազախստանում անկարգությունները նախապատրաստվել են երկար ժամանակ։ «Ունենալով իրադարձությունների մասին ամբողջական պատկեր, կարող եմ պատասխանատվությամբ հայտարարել, որ այս տարվա սկզբից  տեղի ունեցած բոլոր իրադարձությունները մեկ շղթայի օղակներ են։ Նրանք ենթակա են միասնական ավերիչ մտահղացման, որի նախապատրաստումն ընթանում էր երկար ժամանակ։ Թե որքան երկար է ընթացել այդ նախապատրաստությունը՝ մեկ տարի, երկու, երեք, ցույց կտա հետաքննությունը։ Ապակառուցողական ուժերը բազմիցս փորձել են խարխլել կայունությունը, անկարգություններ հրահրել»,- ասել է Տոկաևը։

Նրա խոսքով՝ Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնվել է։ Տոկաևը նշել է, որ հունվարին ճգնաժամը դարձել է անկախ Ղազախստանի պատմության ամենազանգվածային իրադարձությունը։ «Հունվարյան մի քանի օրերի ընթացքում Ղազախստանը վերապրել է զանգվածային ճգնաժամ։ Այն դարձել է ամենածանրը անկախության 30-ամյա պատմության ողջ ընթացքում»,- նշել է Տոկաևը։ 

Տոկաևը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվել է 16 ուժային, իսկ զոհված խաղաղ բնակիչների թիվը ճշտվում է։ Ըստ նրա՝ ուժային կառույցների ավելի քան 1300 ծառայակից էլ վիրավորվել է։ «Ցավոք, զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում, ճշգրիտ թիվը ճշտվում է»,- նշել է նա։

Ղազախստանի նախագահի պնդմամբ՝ «ահաբեկիչները, այդ թվում օտարերկրյա գրոհայինները ուղիղ մասնակցություն են ունեցել անկարգություններին»։ «Վստահաբար ասում եմ ահաբեկիչների ուղիղ մասնակցության մասին, այդ թվում օտարեկրյա գրոհայինների՝ Ղազախստանի դեմ իրականացված ագրեսիային։ Պատահաբար չէ, որ ավազակները գիշերները հարձակվել են դիահերձարանների վրա, վերցրել և տարել իրենց զոհված համախոհների դիերը։ Նրանք նաև մարտի դաշտից վերցրել են գրոհայինների մարմինները»,- հայտարարել է Տոկաևը։ Նրա խոքով՝ հենց այդպիսի պրակտիկա են կիրառում «հայտնի ծագման միջազգային ահաբեկիչները»։

Տոկաևի խոսքերով՝ Ղազախստանում «ահաբեկիչները գործել են հատուկ դաժանությամբ»։ «Դրանք լավ պատրաստված պրոֆեսիոնալների հարձակումներ էին, ներառյալ հատուկ հրացաններով դիպուկահարներին։ Ահաբեկիչները կիրառում էին սեփական կապը, հագել էին զինծառայողների և իրավապահ մարմինների աշխատակիցներ համազգեստ»,- նշել է նա։ «Մոտ հինգ անգամ գերազանցելով նրանց՝ ավազակները հարձակվում էին ոստիկանների և զինծառայողների վրա, հատուկ դաժանությամբ ծեծի ենթարկել նրանց։ Երկու զինծառայողների գլխատել են»,- հստակեցրել է Ղազախստանի նախագահը։ 

Նա նշել է, որ զորամասերի և բանակային անցակետերի վրա հարձակումների ժամանակ ավազակային խմբերը փորձել են իրենց ձեռքը գցել այդտեղ պահվող զինամթերքն ու մարտական տեխնիկան։ «Ալմաթիում և մյուս քաղաքներում իրական մարտեր են ընթացել։ Օրինակ, Ալմաթիում ներքին գործերի դեպարտամենտի շենքի մոտ տեղի ունեցած կռիվը շարունակվել է երկու ժամ։ Ոստիկանները հետ են մղել ահաբեկիչների հարձակումները։ Միայն Ալմաթիում գրավվել է զինամթերքի 7 խանութ»,- հայտարարել է Տոկաևը։ 

Տոկաևի խոսքով՝ հունվարի 11-ին ինքը խորհրդարանին կներկայացնի կառավարության նոր կազմը։ Հիշեցնենք, որ նախորդ կառավարության հրաժարականը Տոկաևն ընդունել էր հունվարի 5-ին, իսկ վարչապետի պաշտոնակատար էր նշանակվել առաջին փոխվարչապետ Ալիխան Սմաիլովը։ 

Տոկաևի պնդմամբ՝ առաջիկայում կավարտվի զանգվածային հակաահաբեկչական գործողությունը։ 

Տոկարը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ առաջնորդներին։ ՀԱՊԿ նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Տոկաևը շնորհակալություն է հայտնել անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման օպերատիվ աշխատանքի համար:

Լուսանկարը՝ akorda.kz-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter