HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մելիք Մանուկյանի սպանության փորձի գործով մեղադրյալներն արդարացվել են

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Գոռ Շահբազյանի, այսօր արդարացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի սպանության փորձի և այլ արարքներ կատարելու գործով երեք ամբաստանյալին` Արթուր Մխիթարյանին, Պետրոս Էլբակյանին և Ջեմսիկ Մարտիրոսյանին` չնայած դատախազը նրանց համար 17, 19 և 20 տարի ժամկետով ազատազրկում էր պահանջել:

Նշենք, որ ըստ գործի` Մելիք Մանուկյանին փորձել են սպանել` նրա մեքենան պայթեցնելու եղանակով, պայթյունը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 2-ին` Երևան-Սևան ավտոճանապարհին:

Ըստ մեղադրանքի` ստանալով Մելիք Մանուկյանի սպանության պատվերը, վերը նշված երեք անձինք և նրանց` գործով չպարզված հանցակիցները, 2019 թվականի հուլիսի 30-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում, միջոցներ են ձեռնարկել՝ պարզելու Մելիք Մանուկյանի աշխատանքի այցելելու, այնտեղից հեռանալու հանգամանքները:

Այդ նպատակով վերջիններս, կոտրելով Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող չգործող ռեստորանային համալիրի սենյակներից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք են գործել հիշյալ սենյակ և համոզվելով, որ սենյակի պատուհաններից հնարավոր է հսկել Մելիք Մանուկյանի աշխատավայրի՝ ապակե տարաների արտադրամասի և դրա ավտոկայանատեղիի անցուդարձը, այդ թվում` Մելիք Մանուկյանի կողմից ավտոմեքենայով հիշյալ արտադրամասի տարածք մուտք գործելու և դուրս գալու ժամանակն ու երթուղին,  պարզել են Մանուկյանի աշխատանքի այցելելու ժամը, թե ինչ մեքենայով է գնում աշխատանքի, ավտոմեքենայում նրա զբաղեցրած տեղը և թե թիկնապահներն ինչ ավտոմեքենայով են նրան ուղեկցում:

Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո, ըստ մեղադրանքի, խմբի անդամները Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում` Մելիք Մանուկյանին պատկանող «Սարանիստ» ՍՊ ընկերության ապակյա տարաների արտադրամասի հարևանությամբ, տեղադրել են ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքը, որը գործի դնելու նպատակով հիշյալ հատվածից դեպի իրենց թաքստոցն անցկացրել  են պայթուցիկ սարքը գործի դնելու համար անհրաժեշտ շուրջ 58 մ երկարությամբ մալուխը` էլեկտրական հոսանքի աղբյուր հանդիսացող մարտկոցի միջոցով պայթյուն առաջացնելու համար:

Դեպքի օրը՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, երբ Մելիք Մանուկյանը, ավտոմեքենայում գտնվող երկու անձանց հետ, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրա երեք թիկնապահները «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենայով դուրս են եկել ապակե տարաների արտադրամասի տարածքից և երթևեկել Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի ուղղությամբ, խմբի անդամները, հետևելով ավտոմեքենաների շարժին, նշված ավտոմեքենաներում գտնվող անձանց, ինչպես նաև տվյալ ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների վարորդների և ուղևորների կյանքի համար վտանգավոր եղանակով, գործարկել են կամուրջի տակ նախապես տեղադրված պայթուցիկ սարքը՝ առաջացնելով պայթյուն, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ վնասվել են միայն ավտոմեքենաները՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ հանցավոր խմբի անդամներից մեկի վերաբերյալ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեկ այլ քրեական գործ էլ քննվում է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:

Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ դեռևս 2019 թվականի ապրիլի 11-ին հանցավոր խմբի անդամներից մեկը, իր մտերիմների հետ տեղի ունեցած հացկերույթի ժամանակ, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է Գյումրի քաղաքի բնակչի հետ նախկինում առաջացած հարցերի պարզաբանման կապակցությամբ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին՝ առողջությանը պատճառելով աջից քունքային և գագաթային շրջանների քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ: Այնուհետև, առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, սուր ծակող-կտրող գործիքով նաև հարվածել է նրա որովայնին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով:

Հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը` (քրեական գործերի միացումը և անջատումը) որոշում է կայացվել՝ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող հիշյալ քրեական գործը Մ. Մելիքյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` խմբի անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, երկրորդին՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Խմբի երրորդ անդամին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Մեզ հետ զրույցում պաշտպան Գեորգի Մելիքյանը նշեց, որ իրենք քննության ողջ ընթացքում բարձրաձայնել են, որ ամբաստանյալների առնչությունն իրենց վերագրվող սպանության փորձի արարքին վարույթն իրականացնող մարմինը փորձել է հիմնավորել անթույլատրելի ապացույցներով:

Պաշտպանական կողմը դեռևս չի ստացել դատավճիռը և չգիտի, թե ինչ հիմքով են արդարացվել ամբաստանյալները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter