HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական կողմը վերջին օրերին կրակահերթեր արձակել է առավել մեծ ինտենսիվությամբ․ Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանի կողմից հունվարի 10-ին՝ ժամը 14:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ արձակված կրակահերթերի և դրանց հետևանքների վերաբերյալ փաստերի հավաքագրման նպատակով Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել են վերոնշյալ համայնքներ։ 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ հավաքագրված փաստերի համաձայն՝ խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված դիրքերից բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը վերջին օրերին կրակահերթեր արձակել է առավել մեծ ինտենսիվությամբ։

«Հունվարի 10-ի կրակահերթի հետևանքով հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել բնակելի տան բակում, իսկ տանն այդ պահին ներկա են եղել երեք քաղաքացիական անձինք։ Նշված բնակելի տունը համայնքի մանկապարտեզից գտնվում է մոտ 50 մետր հեռավորության վրա։ Կրակահերթի և մեքենայի հրդեհման հետևանքով մանկապարտեզ հաճախող երեխաների և անձնակազմի շրջանում առաջացած վախի հետևանքով խաթարվել է մանկապարտեզի բնականոն աշխատանքը, իսկ մանկահասակ երեխաները շտապ տարահանվել են։

Իրավապահների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: Հրաձգային զինատեսակների գնդակների մնացորդներ են հայտաբերվել նաև համայնքի բնակելի հատվածի կենտրոնական մասում գտնվող մեկ այլ տան բակում։

Ադրբեջանական կրակոցների հետևանքով նույն օրը Թաղավարդ համայնքին պատկանող արոտավայրերից մեկում տուժել է նաև բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր անասունը, իսկ անասնապահը կարողացել է պատսպարվել և անվնաս հասնել տուն։

Հունվարի 10-ին ադրբեջանական կողմը շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակահերթեր է արձակել նաև Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ, որի հետևանքով մարդկային կորոստներ չեն արձանագրվել, սակայն վնասվել է գյուղացիներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկան։ Քաղաքացիական անձինք ավելի քան մեկ ժամ տևողությամբ գտնվել են կրակի տակ և այդ գոտուց դուրս են բերվել միայն ռուս խաղաղապահների միջամտությամբ:

Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ոտնձգություն է խաղաղ բնակչության իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի դեմ։ Ադրբեջանական հանցավոր գործողությունները նպատակ են հետապնդում ահաբեկել, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորել Արցախի բնակչության շրջանում։

Այսօրվա միջադեպերը և նախորդ տարվա ընթացքում գրանցված բազմաթիվ նմանօրինակ դեպքերը հստակ ցույց են տալիս, որ կեղծ խաղաղասիրության շղարշի ներքո ադրբեջանական կողմը շարունակում է առաջ մղել Արցախի հայաթափման ծրագիրը՝ մշտական վախի մեջ պահելով Արցախի ամբողջ տարածքում և մասնավորապես սահմանային դարձած բնակավայրերում խաղաղ բնակչությանը։

Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների պատշաճ պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր և առանցքային է մնում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը»,- ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter